ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՎԱՐԴԱՎԱՌ)
id025Իր
խաչելությունից առաջ
Թաբոր լեռան վրա
Քրիստոս Իր երեք աշակերտների՝
Պետրոսի,
Հովհաննեսի և
Հակոբոսի ներկայությամբ լուսավոր ու պայծառ կերպարանք ստացավ [տե՛ս
Մատթ. 17.1-2]: Այս պատճառով Տիրոջ այս կարևորագույն
տնօրինության հիշատակին հաստատված տոնը կոչվում է Պայծառակերպություն:
Ավետարանիչները պատմում են, որ այդ ժամանակ
Քրիստոսի երկու կողմերում հայտնվեցին
Մովսեսն ու
Եղիան և զրուցում էին Նրա հետ: Այս սքանչելի իրադարձության մեջ
Եկեղեցու վարդապետները տեսնում են ողջ մարդկության վերջնական փոխակերպման և պայծառացման կենդանի
խորհրդանիշը:
Պայծառակերպություն
Երևան, ձեռ. 197, էջ 132բ, Ավետարան, 1287 թ.
Ինչպես այն ժամանակ աշակերտները, այնպես էլ այժմ
Եկեղեցին Պայծառակերպության տոնին սքանչանում է
Քրիստոսի փառքով՝ հիշելով, որ Նրան փառակից են լինելու Իր հավատարիմ ծառաները, որոնք պիտի պայծառակերպվեն
երկնքի արքայության մեջ և հավիտենապես զմայլվեն
Սուրբ Երրորդությունից ճառագող անճառելի
լույսով:
Հայ Եկեղեցին Պայծառակերպությունը տոնում է
Հոգեգալստին հաջորդող 7-րդ
կիրակի օրը: Այն 5 գլխավոր՝ տաղավար տոներից է և տևում է 3 օր՝ ներառելով հաջորդող երկուշաբթին և երեքշաբթին:
Տոնը մեկ այլ անվանում էլ ունի՝ Վարդավառ, քանի որ ս.
Գրիգոր Լուսավորչի հրամանով հաստատվել է համանուն
հեթանոսական տոնի փոխարեն: Այդ է պատճառը, որ Պայծառակերպության տոնին ժողովրդի մեջ հանդիպում են
հեթանոսական տոների վերապրուկներ, ինչպես օրինակ՝ վարդերով զարդարվելը, միմյանց վրա ջուր հեղելը և այլն: