ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
id288Քրիստոսի հարությունից 7 շաբաթ անց, երբ
Երուսաղեմում բազում ժողովուրդ էր հավաքվել
Պենտեկոստեի առիթով,
առաքյալները, Տիրոջ պատվերի համաձայն, հավաքվեցին վերնատանը: Նրանք բոլորը, մի սիրտ դարձած,
աղոթում էին՝ սպասելով
Սուրբ Հոգու գալստյանը, ինչպես խոստացել էր Հիսուսը:
Եվ ահա
երկնքից հանկարծակի մի ձայն հնչեց ու լցրեց ողջ վերնատունը: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ նրանք լցվեցին
Սուրբ Հոգով: Այսպես ի վերուստ զորանալով՝
առաքյալները սկսեցին
քարոզել ու վկայել Հիսուսի մասին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ, որոնք հավաքվել էին
Երուսաղեմում, ունկնդրում էին նրանց և զարմանում, որովհետև յուրաքանչյուրը լսում և հասկանում էր իր մայրենի լեզվով: Այս զարմանահրաշ
քարոզի շնորհիվ այդ օրը
դարձի եկավ և Հիսուս
Քրիստոսի անունով
մկրտվեց շուրջ 3000 հոգի [տե՛ս
Գործ. 2]:
Հոգեգալուստ
Երևան, ձեռ. 10675, էջ 305ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Այսպես ծնվեց
Քրիստոսի Եկեղեցին՝ իր առաջին անդամներով: Այդ օրն ավարտվեց աստվածային
փրկագործությունը, և սկսվեց նոր դարաշրջան:
Սուրբ Հոգին սկսեց հեղվել բոլոր հավատացյալների և
Քրիստոսի անվամբ
մկրտվողների վրա, և այսպես շարունակվելու է մինչև
աշխարհի վախճանը:
Սուրբ հոգեգալուստը եղավ հրեական
Զատիկից 50 օր հետո՝
Պենտեկոստեին՝ այն օրը, երբ
Մովսես մարգարեի միջոցով
Աստված Իսրայելին պարգևեց
Տասնաբանյա օրենքը: Եվ ինչպես որ
Զատիկը՝
Եգիպտոսի գերությունից դուրս գալու տոնը, նոր
ուխտում դարձավ
Քրիստոսի հարության տոնը, այնպես էլ
Պենտեկոստեն եղավ նոր
օրենքի՝
շնորհի և
ճշմարտության պարգևման օրը՝ Ս. Հոգեգալուստը:
Տոնելով
Զատիկից 50 օր հետո՝
Հայ Եկեղեցին հոգեգալուստը հիշատակում է ևս 6 օր՝ ամփոփելով
Հարության տոնախմբական շրջանը: