SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (մոտ 362-440)
id346Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի գավառի Հացեկաց գյուղում: Կրթություն ստանալով Հայաստանում՝ նա քաջ գիտեր հունարեն, պարսկերեն, ասորերեն, վրացերեն: Միառժամանակ արքունիքի ատենադպիրը լինելուց հետո նա անցավ զինվորական ծառայության, որը թողնելով 394 թ.՝ դարձավ վանական:
Քարոզելով Հայաստանի տարբեր շրջաններում՝ Մեսրոպը խորապես գիտակցեց իր ժողովրդին սպառնացող վտանգը երկրում տիրող օտար ազդեցությունների հետևանքով և վճռեց ստեղծել հայոց գրերը: Այդ նպատակով Սահակ Պարթև կաթողիկոսի և Վռամշապուհ թագավորի (389-414) աջակցությամբ նա ուղևորվեց Ասորիք:
Մեսրոպը բազում նեղություններից և ապարդյուն ջանքերից հետո, 406 թ., աղոթքի պահին տեսիլքով ի վերուստ ստացավ հայերենի հնչյունային համակարգին լիովին համապատասխանող 36 նշանագրերի պատկերները: Վերադառնալով հայրենիք՝ նա անմիջապես հայրապետի հետ ձեռնամուխ եղավ հայ դպրության տարածմանը. բացեց դպրոցներ, եկեղեցական արարողությունները հայացնելու նպատակով կազմեց Պատարագամատույցի և Ժամագրքի նախնական տարբերակները, սկսեց Սուրբ Գրքի թարգմանությունը, գրեց քարոզներ, ճառեր, ուղերձներ, ինչպես նաև հորինեց ապաշխարության երգեր:
Ս. Մովսես Խորենացու վկայությամբ՝ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք տեղ չգտան ս. Մեսրոպի կյանքում: Նա հրեշտակի տեսք ուներ, բեղուն միտք, պայծառ էր խոսքով և ժուժկալ՝ կենցաղով:
Ս. Մեսրոպը վախճանվեց ս. Սահակ Պարթևի մահից 6 ամիս անց: Այն տան վրա, որտեղ սուրբն ավանդեց հոգին, խաչակերպ լույս էր շողում, որը տեսնելով՝ շատ անհավատներ դարձի եկան ու մկրտվեցին: Նույն լուսեղեն խաչը, ի տես ողջ ժողովրդի, ուղեկցում էր նրան իր դագաղի վրա՝ մինչև երանելուն հանձնեցին հողին:

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի տակ գտնվող ս. Մեսրոպ Մաշտոցի դամբարանը
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

 
sacredtradition.am