Ս. ՎԱՐԴԱՆԱՆՔ (V դ.)
id461Հայաստանում քրիստոնեության հաստատման առաջին իսկ տարիներից նրա դեմ խոյացան հեթանոսական կրոններով մոլորված ազգերը՝ հատկապես զրադաշտական Պարսկաստանը:
Պարսկաստանը V դ. Հայաստանի վրա քաղաքական գերիշխանություն ուներ և ձգտում էր կիրառել այն՝ բռնի ուժով մեզ հավատափոխ անելու համար: Հայ ժողովուրդը պայքարի ելավ այդ ծրագրի դեմ և հաղթեց: Այդ հաղթական պայքարը գլխավորում էր ս. Վարդան Մամիկոնյանը: Ավելի քան 1000 քաջազուններից բաղկացած նրա զորագունդը կոչվում է Վարդանանք, որը 451 թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում վճռական ճակատամարտ տվեց պարսից զորքի դեմ: Վերջինիս համեմատ Վարդանանք խիստ փոքրաթիվ էին, բայց նրանց ապավինությունը
Աստծո վրա էր: Ճակատամարտից առաջ նրանք
աղոթեցին ու
հաղորդություն առան և բոլորն էլ պատրաստ էին
նահատակության: Եվ այս խիստ անհավասար մարտում նրանք այնպիսի քաջություն ու զորություն ունեցան, որ
նահատակվելով հանդերձ՝ կոտորեցին քանակով իրենց մի քանի անգամ գերակշռող պարսից զորքի մեծ մասը: Ավարայրի ճակատամարտը բեկումնային նշանակություն ունեցավ. այլևս անհնար էր ընկճել հավատափոխության դեմ ամենուր պայքարող ժողովրդին, որ ոգևորված Վարդանանց սխրանքով՝ գերադասում էր նրանց պես հանուն
Քրիստոսի նահատակվել և արժանանալ
սրբերի պսակին, քան կենդանի մնալ
հավատն ուրանալու գնով: Արդյունքում պարսից արքան հրաժարվեց բռնի հավատափոխության իր ծրագրից, և Հայաստանում վերականգնվեց քրիստոնեական
աստվածպաշտության ողջ կարգը: Սա քրիստոնեական
հավատի հաղթանակն էր:
Այս հաղթանակի և Վարդանանց
նահատակության հիշատակը
Հայ Եկեղեցին նշում է համանուն տոնով՝ Բուն
բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Ավարայրի ճակատամարտը
Երևան, ձեռ. 1620, էջ 295բ-296ա, Շարակնոց, 1482 թ., Ականց անապատ
Ծաղկող՝ Կարապետ Բերկրեցի