SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԱՐԴԱՊԵՏ
id4621. Նշանակում է վարժապետ, ուսուցիչ: Հին ուխտում վարդապետ էին կոչում օրենքի ուսուցիչներին, որոնք սերտում և ուսուցանում էին օրենքի մանրամասները: Հրեաները վարդապետ էին ասում նաև Հիսուսին, Որի վարդապետությունը, սակայն, խիստ տարբերվում էր օրենքի ուսուցիչների գրքային խոսքերից, քանզի Նա կենդանի հոգով ուսուցանում էր փրկության և երկնքի արքայության, սիրո և կատարելության մասին, այն ամենի, ինչը պետք է հատկանշեր նոր ուխտի զավակներին՝ շնորհի և ճշմարտության ժառանգորդներին:
Եկեղեցու կյանքում առաքյալների հետևորդների մեջ սկզբից ևեթ հանդես եկան հոգևոր ուսուցիչներ, որոնք սովորեցնում էին զանազանել ճշմարիտ հավատը մարդահնար կարծիքներից, նոր՝ շնորհական կյանքի սկզբունքները՝ հին օրենքի ավանդապահությունից, ուղղափառ դավանությունը՝ աղանդավորական ուսմունքներից, և այլն: Նրանց ուսուցանած ճշմարտությունները հաստատվում էին եկեղեցական ժողովներում և որդեգրվում Եկեղեցու կողմից իբրև կարևոր վարդապետական սկզբունքներ:
Այդպիսի ուսուցիչները կոչվեցին Եկեղեցու վարդապետներ: Նրանց մեջ ամենանշանավորն են 12 տիեզերական վարդապետները, որոնց ուսմունքը ընդունվում և ուսուցանվում է բոլոր առաքելական Եկեղեցիներում: Դրանք են Ռեթեոս Աթենացին, Դիոնեսիոս Արեոպագացին, Սեղբեստրոս Հռոմեացին, Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Երուսաղեմացին, Եփրեմ Ասորին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Աստվածաբանը, Եպիփան Կիպրացին, Հովհան Ոսկեբերանը և Կյուրեղ Ալեքսանդրացին: Հայ Եկեղեցում տիեզերական վարդապետների հիշատակին հատուկ տոն է սահմանված:

2. Եկեղեցու սպասավորների մեջ վարդապետներ են կոչվում այն հոգևորականները, որոնք, համապատասխան կրթություն և հոգևոր արժանիքներ ունենալով, իրավունք են ստանում քարոզել եկեղեցում: Սովորաբար վարդապետական իշխանություն են ստանում աբեղաները, որը շնորհելիս նրանց հանձնվում է վարդապետական գավազան:
Վարդապետներից ոմանց, իրենց վաստակից կախված, շնորհվում է ավելի պատվավոր՝ ծայրագույն վարդապետի տիտղոսը: Հնում Հայ Եկեղեցում գոյություն է ունեցել «րաբունապետ», այսինքն՝ «վարդապետների պետ» կամ «գլխավոր վարդապետ» տիտղոսը, որը շնորհվել է սակավաթիվ, խիստ բանիմաց և արդյունաշատ վարդապետներին:


 
sacredtradition.am