ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
id470Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավային կողմում՝ Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի եզրին: Ըստ
ավանդության՝
վանքն իր անունը ստացել է ս.
Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեից, որը քրիստոնեություն է
քարոզել Սյունիքում և այնտեղ
նահատակվել: Դեռևս V-VIII դդ. Տաթևի վանքը եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, իսկ VIII դ. վերջում դարձել է Սյունյաց
եպիսկոպոսության աթոռանիստը: XIV դ. հռչակվել է իր նշանավոր համալսարանով:
Տաթևի վանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Առաջին
եկեղեցին կառուցվել է IV դ.: 895-906 թթ. Հովհաննես
եպիսկոպոսը կառուցել է հայկական ամենախոշոր
եկեղեցիներից մեկը՝ Ս. Պողոս-Պետրոս տաճարը, որի խոշոր գմբեթը հիմնված է հզոր մույթերի և արևմտյան
ավանդատների անկյունների վրա: Տաճարի կառուցման ավարտը նշանավորվել է 906 թ. նրա հարավային կողմում հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «Գավազան»), որը շարնիրային (հոդակապայթ) սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է: 930 թ. Ս. Պողոս-Պետրոս տաճարը զարդարվել է բարձրարվեստ
որմնանկարներով:
1046-ին կառուցվել է
վանքի Ս. Գրիգոր թաղածածկ
եկեղեցին, 1087-ին՝
վանքի դարպասը, և վրան՝ Ս. Աստվածածին կենտրոնագմբեթ
եկեղեցին: Ս. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը 1138 թ. երկրաշարժից ընկել է և քանդել Ս. Գրիգոր
եկեղեցին, որը 1295-ին հիմնովին վերակառուցել է Ստեփանոս Օրբելյանը: XVII դ. կառուցվել են պարիսպները, բնակելի և տնտեսական շենքերը: Տաճարի արևմտյան ճակատին կից XX դ. սկզբին կառուցվել է եռահարկ բարձր
զանգակատուն: Տաթևի
վանքն ավերվել է 1931-ի երկրաշարժից և վերակառուցվել 1974-1998 թթ.: