SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏՆՕՐՀՆԵՔ
id479Քրիստոնյայի կյանքը բնորոշ է շնորհի և օրհնության առկայությամբ: Ճշմարիտ հավատացյալը մշտապես ձգտում է կատարել այնպիսի գործեր, որոնք շարժում են Տիրոջ բարեհաճությունը, և առավելապես գտնվել այնպիսի միջավայրում, ուր ներգործում է Սուրբ Հոգու շնորհը և օժանդակում աղոթքին: Այս առումով խիստ կարևոր է, որ քրիստոնյայի հիմնական ու մշտական բնակության վայրը արժանանա Աստծո հատուկ և հավաստի օրհնությանը: Նման հավաստիությունը, բնականաբար, վերապահված է Եկեղեցու պաշտոնյայի միջոցով կատարվող սրբագործությանը, որը կոչվում է տնօրհնեք:
Հայ Եկեղեցում հաստատված է տնօրհնեքի երեք կարգ, որոնցից երկուսն առնչվում են Ատվածահայտնության և Զատկի տոներին, իսկ երրորդը՝ բնակարանամուտին: Առաջին երկուսը կատարվում են ամեն տարի՝ նշված տոներին, իսկ երրորդը՝ նորակառույց տուն, ինչպես նաև վերանորոգված կամ պարզապես նոր բնակարան մուտք գործելիս:
Տնօրհնեքը կատարվում է հոգևորականի միջոցով՝ տան անդամների, հացի, աղի և ջրի օրհնությամբ, բնակարանի խնկարկությամբ և օրհնված ջրով տան պատերի խաչաձև ցողմամբ: Զատկի տոնին այս ամենին ավելանում է նաև գինու և կարմիր ներկած ձվի օրհնությունը: Այսպես, Եկեղեցու իմաստուն խնամածությամբ, քրիստոնյայի բնակարանը սրբվում է և լցվում Սուրբ Հոգու խաղաղարար շնորհով, ինչը զգալի կերպով նպաստում է ընտանիքի անդամների բարեպաշտ կենսակերպին և խաղաղ համակեցությանը:
Երբ քրիստոնյա ընտանիքում մեղքի պատճառով խախտվում է շնորհական խաղաղությունը, կամ որևէ պատուհաս է վրա հասնում, բոլոր անհրաժեշտ հոգևոր սկզբունքներից բացի՝ խորհուրդ է տրվում կրկին դիմել տնօրհնեքի:
 
sacredtradition.am