SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՊԵՏՐՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ (+311)
id521Գլխավորել է Ալեքսանդրիայի աթոռը 300 թ.-ից: Եվսեբիոս Կեսարացին նրան հիշատակում է իբրև «եպիսկոպոսի տիպար՝ նշանավոր որքան իր առաքինի կյանքով, նույնքան էլ Սուրբ Գրքի հմուտ իմացությամբ»:
Իր գահակալության երրորդ տարում, երբ սկսվեցին Դիոկղետիանոսի (284-305) հալածանքները, ս. Պետրոսը ստիպված հեռացավ Պաղեստին և Միջագետք, որտեղ նրա քարոզչությամբ և հրաշքներով շատերը քրիստոնյա դարձան: Պանդխտության մեջ սուրբ հայրապետը շարունակ կապ էր պահպանում իր հոտի հետ՝ մխիթարելով նրան իր ուղերձներով:
Այդ ժամանակ քրիստոնյաներից ոմանք, չդիմանալով հալածանքներին և հոգով տկարացած, խուսափում էին իրենց հավատը խոստովանել և անգամ ուրանում էին այն, սակայն հետո դարձյալ զղջում: Սուրբ հայրապետը, երբ վերադարձավ Ալեքսանդրիա, այս առթիվ գրեց զղջացած ուրացողներին Եկեղեցու գիրկը վերընդունելու ապաշխարության կանոնները:
Ս. Պետրոս Ալեքսանդրացին հայտնի է իր ժամանակի հերձվածողական ուսմունքների դեմ մղած անզիջում պայքարով, որը շարունակվեց անգամ բանտում, երբ նա 311 թ. իր մարտիրոսական մահից առաջ վկայեց նաև արիոսականության՝ Քրիստոսի կողմից մերժված և ատելի լինելու մասին, ինչը հայտնվել էր իրեն տեսիլքով:
Պատմում են, որ սրբի բանտարկության ժամանակ նրան այցելում էր և զորավիգ լինում ս. Անտոն Անապատականը:
Երբ ս. Պետրոսին, ըստ դատավճռի, պետք է տանեին գլխատելու, հավատացյալ ժողովուրդը, համախմբված, մեծ աղմուկ բարձրացնելով, արգելում է վճռի իրագործմանը: Տեսնելով, որ իր պատճառով քաղաքում կարող են խռովություններ ծագել, և շատերի արյունը կհեղվի, սուրբը գիշերով ինքնակամ և ժողովրդից գաղտնի հանձնվում է դահիճներին:
 
sacredtradition.am