SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (+362)
id539Սիրիայի Արիթուսա քաղաքի եպիսկոպոսն էր, որ հայտնի էր հեթանոսության ու հերձվածողական ուսմունքների դեմ մեծ ատելությամբ և խիստ նախանձախնդիր էր իր հոտը նման մոլորություններից ետ պահելու հարցում: Դեռևս ս. Կոստանդիանոս կայսեր ժամանակ (306-337) նա ավերեց քաղաքի հեթանոսական հոյակերտ մեհյանը և փոխարենը եկեղեցիներ կառուցեց, ինչի պատճառով հեթանոսները նրա հանդեպ լցված էին մեծ ոխակալությամբ:
Երբ կայսրության գլուխ եկավ Հուլիանոս Ուրացողը (361-363), քաղաքի հեթանոսները սկսեցին բացահայտորեն արտահայտել իրենց թշնամանքը քրիստոնյաների հանդեպ, մանավանդ մեծահամբավ հայրապետի՝ հիշելով նրա կողմից ավերված մեհյանը, և մատնագիր ուղարկեցին կայսրին: Վերջինս հրամայեց, որ եպիսկոպոսը կա՛մ վերականգնի մեհյանը, կա՛մ վճարի նրա գինը: Ս. Մարկոսը, կանխապես գիտենալով այդ մասին, հեռացել և ծպտվել էր անապատում՝ հուսալով առժամանակ խուսափել պատասխանատվությունից: Բայց երբ իմացավ, որ իր փոխարեն ձերբակալել են այլ քրիստոնյաների, եկավ և կամավոր հանձնվեց դատավորին՝ խնդրելով, որ ազատ արձակեն մյուսներին: Դաժանագույն խոշտանգումներից հետո սուրբ հայրապետին ուղարկեցին կայսեր մոտ, քանի որ նա ոչ մի տառապանքից չէր ընկճվում և ասում էր, որ ո՛չ ոսկի ունի, ո՛չ էլ արծաթ մեհյանը վերաշինելու համար և փոխարենը իր անձն է հանձնում նրանց ձեռքը: Կայսրը, անձամբ տեսնելով սրբի վերերկրային համբերությունը և հրեշտակային զվարթությունը, խիստ զարմացավ ու, թեև կամենում էր նրան զրկել կյանքից, բայց, որպեսզի նրան չարժանացնի մարտիրոսության պատվին, աքսորեց մի անմարդաբնակ կղզի, որտեղ ս. Մարկոսն ապրեց իր կյանքի վերջին տարիները՝ դարձի բերելով կղզու հեթանոսներին:
 
sacredtradition.am