SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՈՐՄԻԶԴ ԵՎ Ս. ՍԱՅԵՆ (V դ. սկիզբ)
id544Որմիզդը պարսից հարուստ իշխաններից էր, որ դարձել էր քրիստոնյա: Հազկերտ I թագավորը (399-420), իմանալով այդ, հրամայում է իր մոտ բերել իշխանին և փորձում է նրան հրաժարեցնել իր հավատից: Որմիզդը անվախ կերպով պատասխանում է, որ ինքը նախընտրում է չհնազանդվել երկրային թագավորին և չարչարվել նրա կողմից, քան ուրանալ անմահ Թագավորին և փոխարենը հանդերձյալում այրվել գեհենի անշեջ հրում: Թագավորը, հուսալով ընկճել իշխանին, զրկում է նրան ամբողջ հարստությունից՝ մատնելով աղքատության ու անօթևան կյանքի: Մի օր, տեսնելով Որմիզդին մերկ ու հոգնատանջ դեգերելիս, արքան նրան մի շապիկ է ուղարկում՝ հորդորելով վերադառնալ նախկին անհոգ ու քաղցր կյանքին, միայն թե ուրանա հյուսնի Որդուն ու դառնա հայրենի պաշտամունքին: Որմիզդը անվարան ու բացահայտ դրժում է թագավորի նվերը՝ պատառոտելով շապիկը, ինչին հետևում է Հազկերտի հրամանը անմիջապես կորստյան մատնել սուրբ վկային:
Պարսկաստանի մեծահարուստ քրիստոնյա իշխաններից էր նաև Սայենը, որին Հազկերտ I-ը բազմաթիվ հնարքներով փորձում էր ետ դարձնել կրակապաշտության: Չհասնելով իր նպատակին՝ արքան նրա հազար ծառաներից ամենաանարգին դարձնում է իշխան և նրան կնության տալիս Սայենի տիկնոջը, իսկ Սայենին խստությամբ հրամայում է հպատակվել իր նախկին ծառային: Երանելի իշխանը որոշում է հանուն Քրիստոսի ընդունել այս անարգանքը և արհամարհելով անպատվությունն ու բոլոր նեղությունները՝ ապրում է ծառայի կյանքով՝ մինչև մահ պահելով քրիստոնյայի բարի խոստովանությունը:
 
sacredtradition.am