SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍՈՓԻԱ, Ս. ՊԻՍՏՈՍ, Ս. ԷԼՊԻՍ ԵՎ Ս. ԱԳԱՊԵ (+137)
id566Սուրբ վկաներ Սոփիան և նրա երեք դուստրերը նահատակվել են Ադրիանոս կայսեր (117-138) կողմից՝ 137 թվականին:
Սրբուհի Սոփիան (հունարեն նշանակում է «իմաստություն») սերում էր Իտալիայի ազնվական ցեղից, ապրում էր Մեդիոլան (ներկայիս Միլան) քաղաքում իր երեք դուստրերի հետ, որոնց անվանել էր ըստ երեք գլխավոր առաքինությունների՝ Պիստոս («հավատ»), Էլպիս («հույս») և Ագապե («սեր»): Վաղաժամ այրիանալով՝ նա ամբողջովին նվիրվել էր բարեպաշտությանը և իր անվանը համապատասխան բացառիկ իմաստությամբ էր դաստիարակում իր դուստրերին, ինչի շնորհիվ նրանք օժտվել էին պարկեշտությամբ, ազնվությամբ և աստվածահաճ վարքով: Ըստ իրենց անունների՝ ամուր էր նրանց հավատն ու փրկության հույսը, և մեծ էր սերը Քրիստոսի հանդեպ: Սքանչելի էր նաև երեք քույրերի արտաքին տեսքը, ինչը և գրավել էր Անտիոքոս իշխանի ուշադրությունը, ով մի օր ցանկություն հայտնեց կնության վերցնել մեծ դստերը՝ Պիստոսին: Սոփիան մերժեց իշխանի առաջարկը՝ հայտնելով, որ իրենք քրիստոնյա են և կուսական մաքրությունը գերադասում են հեթանոսական իշխանավայել կյանքից: Այդ ժամանակ քրիստոնեությունը արտոնված կրոն չէր, և նման համարձակ խոստովանությունը համազոր էր ինքնադատապարտման:
Անտիոքոսը ներկայացավ Ադրիանոս կայսերը և հայտնեց Սոփիայի մասին՝ զրպարտելով, թե նա կանանց և օրիորդներին քարոզում է ոչ միայն չպաշտել աստվածներին ու չզոհաբերել նրանց, այլև մերժել ամուսնությունը: Ադրիանոսը Սոփիային՝ նրա դուստրերով հանդերձ, կանչեց իր մոտ՝ Հռոմ, և փորձեց նախ գայթակղիչ առաջարկներով, ապա սպառնալիքներով հրաժարեցնել քրիստոնեությունից: Բայց նա ոչ մի արդյունքի չհասավ, քանզի թե՛ Սոփիան, թե՛ դեռատի աղջիկները հաստատակամ էին իրենց հավատի մեջ. աներեր հրաժարվում էին զոհեր մատուցել կուռքերին և պատրաստ էին նահատակության: Կայսրը հերթով երեք քույրերին մոր աչքի առջև տանջանքների ենթարկեց՝ հուսալով, թե մայրական սիրտը չի դիմանա դրան և կընկրկի: Բայց Սոփիան միայն աղոթում էր, որ իր դուստրերը հաղթահարեն փորձությունը և արժանանան անմահ պսակին: Եվ արդ, Աստված այնպես զորացրեց քույրերին, որ նրանք ապշելի տոկունությամբ դիմացան բոլոր անմարդկային չարչարանքներին:
Երեքին էլ կայսրը ի վերջո գլխատել տվեց, սակայն կենդանի թողեց Սոփիային՝ ազատ արձակելով նրան իր զավակների գլխատված մարմինների հետ, որպեսզի նա տանջվի հոգեկան ցավերից: Սոփիան իր դուստրերի պատվական աճյունները դուրս բերեց Հռոմից և մի բարձր բլրի վրա ամփոփեց վայելուչ տապանի մեջ: Երեք օր նա չհեռացավ տապանից և անդադար աղոթելով՝ խաղաղությամբ ավանդեց իր հոգին: Քրիստոնյաները Սոփիայի մարմինը դրեցին նույն տապանի մեջ, որի վրա հետագայում վկայարան կառուցեցին:
 
sacredtradition.am