Ս. ԲԱԲԵԼ ՀԱՅՐԱՊԵՏ ԵՎ ՆՐԱ ԵՐԵՔ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ (+283)
id590Բաբել կամ Բաբելաս անունով ս.
հայրապետը Հռոմի Նումերիանոս կայսեր օրոք (283-284) Անտիոքի
պատրիարքն էր: Երբ Նումերիանոսը Պարսկաստանի դեմ պատերազմելու համար զորքով անցնում էր Անտիոքով, քաղաքի մեհյաններից մեկում զոհեր մատուցելուց հետո որոշում է մտնել նաև Անտիոքի քրիստոնեական
եկեղեցին՝ իբրև թե պատվելու
քրիստոնյաների Աստծուն, բայց իրականում կամենալով անարգել
սրբությունը:
Գիտենալով կայսեր մտադրությունը՝ ս. Բաբելը կանխում է նրա մուտքը տաճար: Քանի որ Նումերիանոսին հայտնի էր
պատրիարքի բարի համբավը, նա չի շտապում հակաճառել
սրբին ժողովրդի առաջ, սակայն հետո հրամայում է գաղտնի ձերբակալել Բաբելին ու բերել իր մոտ:
Կանգնելով ատյանի առջև՝ ս.
հայրապետը կայսեր հարցերին պատասխանում է մեծ
իմաստությամբ՝ բացահայտելով քրիստոնեության հիմունքները և ասելով, որ եթե կայսրը հավատա
Քրիստոսին, ինքը պատրաստ է համբուրել նրա ոտքերը, բայց եթե բարկացնի Արարչին, կկործանվի: Նումերիանոսը համոզված հեթանոս էր և հավատում ու ապավինում էր հռոմեական դիցարանին: Ուստի ո՛չ ըմբռնում է
սրբի քարոզի իմաստը, ո՛չ էլ հասկանում, որ նա
մարգարեանում է իր մոտալուտ վախճանի մասին: Սուրբ
հայրապետի քարոզը նա ընկալում է իբրև անարգանք իր պաշտած աստվածների հասցեին, իսկ զգուշացումը՝ իր արքայական պատվի հանդուգն արհամարհանք: Ուստի ընդհատում է նրա խոսքը և, այլևս չթաքցնելով իր դիվային ատելությունը քրիստոնեության հանդեպ (ինչը սկզբից ևեթ տեսել էր ս. Բաբելը), դիմում է բացահայտ սպառնալիքի ու բռնության:
Նա հրամայում է, որ ս.
պատրիարքի պարանոցն ու ոտքերը շղթայեն և, իբրև անպատվություն, ամենքին ի տես քարշ տան քաղաքի փողոցներով: Իսկ երանելի Բաբելն ընդունում է այդ որպես մեծագույն պատիվ, քանզի չարչարանակից է դառնում
Քրիստոսին և հալածվում Նրա անվան համար: Այդժամ նրան մոտենում են իր երեք պատանի աշակերտները՝ 12-ամյա Ուրբանոսը, 9-ամյա Պրիլիդիանոսը և 7-ամյա Եպիղոնիոսը, որոնք հարազատ եղբայրներ էին: Նրանք փարվում են սիրելի ուսուցչի ոտքերին ու չեն հեռանում՝ համաձայն լինելով չարչարվել նրա հետ: Սուրբ
հայրապետը հոգով տեսնում է, որ աշակերտները լիովին պատրաստ են
նահատակության, ու ոչ միայն չի հորդորում նրանց հեռանալ, այլև Նումերիանոսին դրդում է փորձել նրանց
հավատի տոկունությունը, որպեսզի բռնակալը, պարտվելով պատանիների
հավատից, ընկրկի
Քրիստոսի փառքի առջև:
Կայսրը հրամայում է հարազատ մոր ներկայությամբ գանահարել եղբայրներին, յուրաքանչյուրին՝ իր տարիքի քանակով, սակայն թե՛ որդիները, թե՛ մայրը դրա համար միայն
օրհնում ու
փառաբանում են
Քրիստոսին: Այդժամ Նումերիանոսը սոսկալի խոշտանգումների է ենթարկում Բաբելին և աշակերտներին, իսկ նրանք չարչարանքների մեջ անդադար
աղոթում են ու
փառաբանում Արարչին և ավելի են զորանում՝ հանդիմանելով կայսերն ու անարգելով նրա
հեթանոսական կրոնը: Ի վերջո, տեսնելով, որ նահատակները մնում են անվնաս ու անկոտրում, կայսրը հրամայում է գլխատել նրանց:
Ս. Բաբելը և իր երեք աշակերտները նահատակվում են 283 թ. սեպտեմբեր ամսին: Ըստ այլ ավանդության՝
սրբերի նահատակությունը տեղի է ունեցել ոչ թե Նումերիանոս, այլ Դեկիոս կայսեր (249-251) կողմից՝ 251-ին: