SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԹԱԼԻԼԵՈՍ ԲԺԻՇԿ (+284)
id594Ս. Թալիլեոսը պայծառացավ գահակից կայսրեր Նումերիանոսի (283-284) և Կարինոսի (283-285) օրոք: Ծնվել է Փյունիկիայում՝ այժմյան Լիբանանում, որտեղ բնակվում էր ծառախիտ անտառի հարևանությամբ և հմուտ էր դեղաբույսերի միջոցով բժշկելու արվեստում: Հյուրընկալելով իր մոտ բերվող հիվանդներին՝ Թալիլեոսը ոչ ոքի չէր թողնում հեռանալ, մինչև չդարմաներ նրանց բոլոր ցավերը: Հատկապես մեծ էր նրա սերը աղքատների հանդեպ, որոնց համար ոչինչ չէր խնայում:
Ամեն գնով մարդկանց օգնելու ջերմ ցանկության դիմաց Աստված նրան տվեց բժշկության վերբնական շնորհ. որտեղ դեղերն անզոր էին, ս. Թալիլեոսն իր հիվանդներին դարմանում էր աղոթքով ու ձեռքի հպումով՝ բուժելով անգամ կույրերին ու դիվահարներին, ինչի համար բոլորը փառաբանում էին Աստծուն, և շատերը քրիստոնյա էին դառնում:
Թալիլեոսի բարի համբավը որոշ հեթանոսների համար ծանր ապտակ էր, և շուտով նրա հասցեին ամբաստանություններ հորինվեցին՝ իբրև կախարդությամբ մարդկանց մոլորեցնողի և աստվածների պաշտամունքը խափանողի: Սրբին ձերբակալեցին և տարան Եդեսիա, որտեղ գանահարելուց հետո վտարեցին հայրենի գավառից: Թալիլեոսը ապաստան գտավ Կիլիկիայում, որտեղ շարունակում էր բժշկել Քրիստոսի անունով, սակայն այստեղ էլ նա ձերբակալվեց: Երբ դատավորի հրամանով երկու դահիճներ փորձում էին խոշտանգել սրբին, ոչ մի կերպ դա չէր ստացվում, քանզի անտեսանելի զորությունն արգելում էր նրանց: Ի վերջո տեսնելով, որ անզոր են սրբին պահպանող Քրիստոսի դեմ, նրանք իրենց քրիստոնյա հայտարարեցին և ընդունեցին մարտիրոսության պսակը:
Դատավորը հրամայեց Թալիլեոսի պարանոցից ծանր քար կապել ու նետել ծովը, բայց դահիճները դեռ չէին հասցրել զեկուցել հրամանը կատարելու մասին, երբ սուրբը ճերմակազգեստ և անվնաս հայտնվեց նրանց առջև: Կատարվածը վերագրելով կախարդության՝ դատավորը դիմեց Ուրբիկիոս անունով մի մոգի օգնությանը, և վերջինիս խորհրդով երանելի Թալիլեոսին նետեցին գազանների առաջ: Բայց գազանները հեզությամբ մոտեցան ու սկսեցին լիզել երանելու ոտնաթաթերը: Ներկա ժողովրդի պահանջով դատավորը ստիպված եղավ Թալիլեոսին դուրս բերել թատրոնից և փոխարենը գազանների առաջ գցել Ուրբիկիոսին, որին նրանք անմիջապես հոշոտեցին: Ի վերջո որոշվեց Թալիլեոսին տանել Եդեսիա և գլխատել: Շատերը, կատարված հրաշքներից ապշած, պատկառանքով ուղեկցեցին սրբին մինչև կառափնարան, իսկ ոմանք էլ, դարձի գալով ու արիաբար հայտարարելով իրենց հավատի մասին, նահատակվեցին նրա հետ նույն օրը՝ 284 թ. մայիսի 20-ին:


 
sacredtradition.am