SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
id145Եկեղեցու խորհուրդները այն սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում որոշակի արտաքին նշանի և գործողության միջոցով անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ, նրան օժտելով հոգևոր կարողություններով: Այդ խորհուրդները թվով 7-ն են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ, ձեռնադրություն և կարգ հիվանդաց, որոնք էլ ընդգրկում են քրիստոնեական կյանքի բոլոր կարևորագույն կողմերը:
Այսպես՝ մկրտությունը մեզ ազատում է ադամական մեղքից և որդեգրում Քրիստոսին:
Դրոշմը պարգևում է Սուրբ Հոգու շնորհները և զորացնում ընդդեմ փորձությունների:
Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո:
Հաղորդությունը, իբրև հոգևոր կերակուր, մեր մեջ հասունացնում է առաքինություններն ու հոգևոր գիտակցությունը:
Պսակն օրհնում և հոգեղինացնում է ամուսնական կյանքը և որդեծնությունը:
Ձեռնադրությունն ապահովում է քահանայագործության և բոլոր խորհուրդների կատարումը հանձինս հոգևորականների:
Իսկ հիվանդաց կարգը բժշկում է մարմնի տկարությունները՝ քավելով հիվանդության պատճառը՝ մեղքերը:
Առանց Եկեղեցու խորհուրդների անհնար է ապրել ճշմարիտ քրիստոնեական կյանքով:
Մկրտությունը, դրոշմը, ապաշխարությունը և հաղորդությունը անհրաժեշտ են բոլոր քրիստոնյաներին, իսկ պսակը, ձեռնադրությունը և հիվանդաց կարգը՝ միայն համապատասխան ընտրության և իրավիճակի մեջ գտնվողներին: Եկեղեցու բոլոր խորհուրդներն էլ իրականացվում են միայն հոգևորականների կողմից՝ այն ծիսակարգով, որը զետեղված է Մաշտոցներում:
Պատշաճ արարողությամբ կատարվող խորհուրդը կայանում է ստուգապես՝ անկախ հավատացյալի պատրաստվածության աստիճանից և հոգևորականի անձնական հատկանիշներից: Այնուհանդերձ, պետք է մեծ ակնածանքով և պատասխանատվությամբ պատրաստվել խորհրդին, որպեսզի այն դատապարտության չտանի: Քանզի ովքեր նրան մասնակցում են ոչ հոգևոր նկատառումով կամ էլ այն սոսկ արտաքին ծիսական նշան համարելով, ոչ միայն անհաղորդ են մնում Եկեղեցու խորհրդի փրկարար ներգործությանը, այլև շարժում են Աստծո բարկությունը՝ ենթակա դառնալով չարի հարձակումներին:
 
sacredtradition.am