SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐՈՒՍԱՂԵՄ
id162Երուսաղեմ նշանակում է խաղաղության բնակավայր: Ավետյաց երկրի այս նշանավոր քաղաքն իր հնությամբ հասնում է Աբրահամի ժամանակներին: Ավանդության համաձայն՝ սկզբում այն կոչվում էր Սաղիմ, և նրա թագավորն ու քահանայապետն էր Մելքիսեդեկը:
Երուսաղեմը, որպես Իսրայելի մայրաքաղաք, հիմնադրեց Դավիթ թագավորը: Քաղաքը, որտեղ մեծ տոներին հսկայական բազմություն էր հավաքվում, դարձավ բոլոր Իսրայելացիների սրբավայրը, երբ այնտեղ կառուցվեց Երուսաղեմի Տաճարը:

Առաջին Տաճարի ժամանակաշրջանի Երուսաղեմ քաղաքի մանրակերտը
Աղբյուր՝ Art & History of Jerusalem, © 1996 by Casa Editrice Bonechi

Այստեղ բազմիցս քարոզեց Հիսուս Քրիստոս: Այստեղ անցավ Նրա վերջին՝ չարչարանաց շաբաթը, որը սկսվեց Տիրոջ՝ ժողովրդի ցնծության ներքո Երուսաղեմ մտնելով և ավարտվեց Գողգոթայի բարձունքին խաչ բարձրանալով: Այստեղ եղավ խորհրդավոր ընթրիքը, ինչպես նաև Աստվածորդու վերջին աղոթքը Գեթսեմանիի պարտեզում: Այստեղ Նա թաղվեց ու հարություն առավ: Այստեղ, Ձիթենյաց լեռան գագաթից, Նա հրաժեշտ տվեց Իր աշակերտներին՝ համբարձվելով երկինք:
Այս ամենի պատճառով Երուսաղեմը աշխարհի բոլոր քրիստոնյաների մեծագույն սրբավայրն է և ուխտատեղին:
Ինչպես Քրիստոսի խաչելության և թաղման տեղերում, որոնք այժմ գտնվում են Ս. Հարության տաճարի ներսում, այնպես էլ Փրկչի տնօրինությունների հետ կապված քաղաքի մյուս վայրերում կառուցված են եկեղեցիներ ու մատուռներ, որոնք միշտ լի են ուխավորներով:

Երուսաղեմի Ս. Հարության տաճարի գլխավոր մուտքը
Աղբյուր՝ Art & History of Jerusalem, © 1996 by Casa Editrice Bonechi

Սկսած IV դարից՝ այստեղ հիմնվեցին հայկական վանքեր ու եկեղեցիներ: V դարից մինչև օրս Երուսաղեմում գործում է Սուրբ Հակոբյան միաբանությունը, իսկ VII դարից՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: 1844-ին այստեղ հիմնադրվել է Ժառանգավորաց վարժարանը:

Ս. Հակոբ Գլխադրի խորան-գերեզմանը
Երուսաղեմի Ս. Հակոբյանց Մայր տաճար
Աղբյուր՝ Էմմանուել աբեղա Աթաջանյան, Գևորգ Մադոյան, Երուսաղեմի հայոց սրբավայրերը, Մոսկվա, 2003. © Atajanyan A., 2003

Երուսաղեմը, լինելով մեծ սրբատեղի և ակնկալվող փրկության ավետավայրը, հնուց ի վեր դարձել է այն ամենի խորհրդանիշը, ինչը վսեմ է, սրբազան և փառավոր: Այս անունով էին Իսրայելի մարգարեները կոչում ապագա քրիստոնեական Եկեղեցին: Առաքյալների համար ևս Երուսաղեմը դարձավ խորհրդանիշը նոր՝ Սուրբ Հոգու շնորհներով լի քրիստոնեական կյանքի: Նրանք քրիստոնյաներին կոչում էին երկնային Երուսաղեմ մուտք գործած երանելիներ:
Ս. Հովհաննես ավետարանիչը Նոր Երուսաղեմ է կոչում երկնքի արքայությունը՝ իր Հայտնության գրքում բազմաթիվ խորհրդանիշներով պատկերելով նրա անճառելի փառքը:

Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի՝ երկնային Երուսաղեմի տեսիլքը
Երևան, ձեռ. 2705, Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ

 
sacredtradition.am