русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՎԱՐԴԱՎԱՌԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)


Լուսավոր և պայծառ է խորհուրդն այս մերձավոր տոնի և տիեզերական ցնծության ավետիս է հնչեցնում երկնքով մեկ: Գերապայծառ ճառագայթող լույսով պարուրված՝ զվարթ և ուրախ եմ տեսնում քրիստոսասեր հավատացյալներիդ միասնական հավաքը: Նորահրաշ արփիափայլ լույսով պսակված, տոնիս խորհուրդը պայծառ ձայնով ընդմիշտ հրաշացնելով՝ արթնանում են մեր մեջ ցնծության երգեր: Եվ Առաջինից աղբյուրացած առաջին լուսավոր բնությունների երկնագումար դասերը՝ Վերին Սիոնից, և վերիններին պարակցող երկրավոր խմբերը, բոլորի փրկության համար համախմբված, վայելչացնում են հրաշքը բերկրալից ձայնով:
Արդեն իսկ ոչ միայն մեր այս բանական բնությունը և առաջնամիտ ու մաքուր հրեշտակներն են այս տոնի գովեստը հռչակում, այլև գրեթե բոլոր տարերքներն էլ միասնաբար, դարձած այս թագավորական օրվա ընծայաբերներ, պայծառակերպված հրաշազարդում են նրա փառքը: Քանզի ամեն ինչ, այս բարի տոնի ժամանակ գեղեցկապես միասին ընթանալով, զվարճացնում է ամբողջությամբ միտքն ու զգայությունները, որոնց հետ նաև՝ բոլոր անշունչներին և անշարժներին: Որովհետև այսօր Նոր Սիոնի վրա հրեշտակային դասերի օրհնություններն են քաղցրանվագ հնչում՝ պայծառահրաշ լույսով [պարուրված]. և Քրիստոսի գալստյան փայլումը հավատացյալներիս է փարվում: Ըստ մարգարեի՝ երկինքն ու երկիրը ամբողջապես նորոգվում են, և լեռները ցնծում են Տիրոջ առաջ [տե՛ս Սաղմ. 97.9]: ....
Սա Մովսեսի կողմից անվանվեց առաջին օր, երբ Սկզբնածինը ցրեց խավարը, և այս բնությունն ամբողջովին վայելչացավ լույսով, իսկ մարգարեի կողմից՝ ութերորդ օր, որ նշանակում է նույն առաջինը, և ութերորդ է [անվանվում] մեծ և աներեկո առաջին օրվա համար, երբ ճշմարիտ աշխարհի հարատև աստվածային լույսով մաքրվածներին անլուծանելի կյանքն է ընձեռում, որի՝ այնտեղ [գտնվողներին] լուսավորող պայծառ ճառագայթները փայլում են այսօր, երբ Փրկիչը մեր բնությամբ ճառագայթեց Աստվածության լույսը Թաբոր լեռան վրա՝ լույսի փրկական փայլումը որպես առհավատչյա [թողնելով] սրբերի աստվածանմանակերպ հարության համար, որը և տոնում է Եկեղեցին հրաշափառ ցնծությամբ:
Սա Տաղավարահարաց տոնն է, որ օրինադրեց Մովսեսը Իսրայելի ելքից հետո՝ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ յոթերորդ օրը, տաղավարներում բնակվելով, համախմբված տոնում էր Իսրայելը՝ արմավենյաց ճյուղեր, բարդիների ձողեր և սաղարթազվարճ ոստեր ու ընձյուղներ տանելով՝ ի հիշատակ իրենց՝ դեպի Սինա գնալու խորանաչու ընթացքի և որպես ընծայաբերության գոհություն աստվածային երախտիքի, որ վերցնելով կրեցին՝ հասնելու աստվածակերպ բուրաստանատեսակ ավետյաց աշխարհը: Սա նրանց օրինադրած ստվերակերպ տոնն է, որն Ավետարանի ճշմարտությունն էր նախագրում, քանզի հենց որ լքում ենք մեր իմանալի Եգիպտոսը (ի նկատի ունեմ մարմինը ողողող խավարաբնակ աղտեղի ախտերի տիղմը)՝ Ավետարանի լույսի հրափայլ սյունով առաջնորդվելու, որին հովանի է Հոգու ամպը, աստվածագիտության հոգևոր լեռն ենք բարձրանում, ուր Աստված է, որ ամենայն նյութականն Իր մեջ բոցակիզում է հրով: Այնտեղ, ինչպես հայելու մեջ, Տիրոջ փառքը տեսնելով՝ նույն լույսից կենդանակերպվում ենք և, փառքից ի փառս ճառագայթվելով, օրինադրվում այս կենցաղի նյութական շինվածը լքել և, դեպի աննյութ հարկը փութալով, այս ապականվող մարմնի անդամներն առաքինության խորանի վերածել: Սա Տաղավարահարաց տոնի պես յոթօրյա շրջագայությամբ տոնում ենք յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը՝ մեր զգայությունների մեջ եռակի մաքրություն ընդունելով՝ թե՛ գայթակղությամբ, թե՛ պատերազմով ներս ընդունած մեղքերի խայթոցներից: Եվ այս յոթ օրը տոնում ենք տաղավարներում՝ արմավենյաց ճյուղեր և կանաչազգեստ ոստեր և ընձյուղներ բռնած. և այս յոթօրյա շրջագայության ընթացքում, այս աշխարհին պատկանող կյանքի բոլոր հոլովումներն արտաքսելով, Աստծո նման հոգով ենք ապրում և, անմարմնական առաքինությունների ոստերի աճմամբ դեպի հրեշտակային բարձունքը վերընձյուղված, որպես արմավենիներ Աստծո գավթում, ծաղկում ենք՝ հրավիրվելով դեպի Վերին Ավետյաց երկիրը՝ Աստծո Սիոն քաղաքը, դեպի մայրը կենդանի արարածների և անմահների բանակատեղը, դեպի լույսի առագաստի անքակտելի խորանը, ուր հարազվարճ խնդությամբ հնչում են տոնախմբվածների ձայները:
Այս ամենը մեր մեջ, որպես օրինակ, տպավորված էր նախապես, որն Իրենով ամբողջացրեց Քրիստոս՝ Գրի լուծիչը և խորհրդի կատարիչը, որն այս տոնի օրը լեռան վրա աշակերտներին հայտնեց անմերձենալի Աստվածության նազելի փառքի ծայրագույն լույսի ծագումը: .... Եվ դարձել էր Թաբորը որպես նոր Սինա սուրբ լեռ և լուսեղեն աստվածաբնակ վայր՝ հրավառ և ամպով պատված, նաև նոր երկինք՝ Աստվածության ճառագայթներով բարձրացած երկրի վրա և պայծառազգեստ պսակված արփիափայլ հրաշքով: ....

Որովհետև, լեռը ելնելով, մեզ Իր հետ բարձրացնում էր դեպի հայրական աթոռը. և, մարդկային մարմնի դեմքն արեգակնափայլ լուսազարդելով, մեր նվաստ մարմինն էր աստվածակերպում Իր փառավոր մարմնի նմանությամբ, որի հետ նաև լուսեղեն ամպի կամարաձև շրջափակմամբ Իր հետ առագաստում էր մեր [բնությունը] սրբություն սրբոցի մեջ՝ վարագույրի ներքո, ինչպես ասել էր, թե՝ «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ պաշտոնյան կլինի» [Հովհ. 12.26]: Եվ հայրական ձայնը, ի վերուստ սիրելի Որդի վկայելով Նրան, որպես մեր որդեգրության առհավատչյա, դեպի լույս հրավիրվածներին ավետիս էր տալիս նաև, առաքյալների և մարգարեների խմբերով Իր ծայրագույն լուսափառքը ճառագայթելով, բոլոր վերևիններին և ներքևիններին, կենդանիներին ու մեռյալներին ցույց էր տալիս, թե վերջին օրն ինչպես են տեսնելու Իրեն՝ Աստծուն, աստվածացածների մեջ, ամպերի վրայով զորությամբ և փառքով գալիս [Մատթ. 24.30], այստեղ մաքրվածներին այնտեղի փառքը պարգևելիս. որ այս մեծ ահավոր օրը, պսակելով այս տոնը լուսահրաշ փառքով, արեգակնակերպ փայլում է երկնքով մեկ: .... Երրորդության այս լույսը Միածինն այսօր Թաբոր լեռան վրա Իր շուրջ փայլեցրեց՝ ճառագայթելով արարածներին, որով երկինքը ցնծաց, և երկիրը պայծառացավ, երկնքի վերնահարկերը բացվեցին, և լույս հոսեց դեպի ստորին խորանը. երկնքում հայրական ձայնը հնչեց, տիեզերքը որդեգրվեց, Հոգու ճառագայթը ծագեց, երկնայինները լուսազգեստվեցին, հրեշտակների խումբը պարեց երկրի վրա, հողեղենների դասերը երկնքի դռնով մտան, երկնքի օրհնությունները երկրի վրա հնչեցին, երկիրը երկնանման զարդարվեց, դրախտի դռները բացվեցին, այնտեղից արտաքսվածը պարեց նրա մեջ, կենաց ծառի հոտը բուրեց, երկիրն անմահության ծաղիկ բուսեցրեց, կյանքի լույսը ծագեց, մահու ստվերը փախավ, արդարությունը թագավորեց, մեղքերի իշխանությունը լուծարվեց, ավետարանական փողը գոչեց, տիեզերքը քնից զարթնեց, Աստծուն մարմնով եկած տեսան և Նրա հետ աստվածացան: ....

Այլ ինչո՞ւ է հույնը սա Պայծառակերպության և Պսակաց տոն անվանում, իսկ Հայաստանյայց ազգը՝ Վարդավառ. սրանք [երկուսն էլ] միևնույն հրաշափառ պայծառությունն են հնչեցնում, որ նախապես Բանն էր արձանագրել: Այս տոնին բովանդակ երկիրը ծաղկավետվել է. մեր բնությունն էլ փթթել է հավիտենական ծաղիկներով և Քրիստոսի փառքի ճառագայթարձակ փայլմամբ, եկեղեցիները պայծառազգեստ վայելչությամբ են պսակվել և առաքինության լուսահրաշ վարդերով ու շուշաններով տոնասերների ոսկեվարսյալ գլուխներն են վայելչացնում: Ըստ այսմ՝ հիրավի է Վարդավառ անվանում սա Եկեղեցին և Պայծառակերպության ու Պսակաց տոն: ....

Սա առաջին Եկեղեցում առաքյալների կողմից որպես ավետաբեր տոն օրինադրվեց, որը չի մտնում ընթերցվածքների շրջանի մեջ մյուսների հետ, երբ մարգարեների պատմած աստվածային տնօրինության խորհուրդն է վերաձայնաբար տոնվում. քանզի ոչ թե անցածների մասին է, ինչպիսին որ նրանք են, այլ հավիտենական հանդերձյալն է հարազվարճ ցնծությամբ կրում իր մեջ՝ որպես մշտապայծառ փառքի գերակայություն, որը նույնիսկ մարգարեները չճանաչեցին, ինչ այնտեղ Աստված պատրաստել էր Իրեն սիրողների համար. քանզի սա ութերորդ՝ որպես առաջին և վերջին օրվա անթառամ մշտնջենահոս լույսով պսակված, հավետահրաշ և ճառագայթավետ տոնն է, որ սկզբնավորում է դատաստանի ատյանից և տևում մինչև անսպառ մշտանորոգ հավիտյանները՝ տոնասերների բացախմբերի շարքը միացնելով իր լուսաթաղանթ առագաստված ծոցին, այստեղ մաքրվածներին բաժանելով Էի հետ աստվածացածների անսահման ուրախությունների հարատևողությունից, որը ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչպես կլինի, [այլ միայն՝] Աստված, որ ամենայն է ամենայնում:
Իսկ մենք, այս աստվածահրաշ լուսավորությունների օրը տոնախմբուած, կնքենք մեր խոսքը. Քրիստոսի փառքի պայծառազգեստ լույսով պսակված՝ սուրբ առաքյալների և մարգարեների խմբի հետ արարչական տնօրինությանը սպասավորենք՝ այս լուծանելի մարմնի տաղավարը մաքրության խորան դարձնելով. որի մեջ Իրեն՝ մի և նույն Քրիստոսին ընդունելով՝ Երրորդության անպարագիր լուսավորությունն ընկալենք մեր սրտի մեջ. և այդպես լուսերամների հետ ամպերով հափշտակվենք Տիրոջն ընդառաջ՝ նույնատիպ կերպով աստվածացած օդային տարածություններով՝ զվարթ և պայծառ կանգնելու առաջագահ դասի մեջ՝ որդեգրության պարգևն առնելով նույն Իր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսի մեջ թագավորողների հետ. Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Սուրբ Մովսես Խորենացի, Աստվածաբանական երկեր.
Երևան, 2001, էջ 19, 22-24, 26-28, 30-31
(փոխադրությունը գրաբարից՝ Գուրգեն Գասպարյանի)

 
sacredtradition.am