ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Ինչպես որ երկնային [զորություններին]՝ Աստվածության անմատույց լույսին մերձակա փառավորիչներին [Աստված] պատեց հրեղեն խորանով, այնպես էլ այս խորանում վարագույրով ծածկվում է քահանայական դասը, որը սպասավորում է աշխարհի փրկության համար կատարվող մարմնի և արյան խորհրդին: Քանզի այնտեղ մարմնացյալ Բանը նստած է քերովբեական աթոռին՝ Հոր աջ կողմում, և երկրպագվում է բյուրավոր զորությունների կողմից. իսկ այստեղ, պատարագվելով քառաթև սեղանի վրա, Նա հանգչում է հավատացյալների հոգիներում և Իր անձով մեր հոգևոր սպասավորությունը վերընծայում է [Հորը]՝ նստած լինելով իշխանություններից ու պետություններից վեր:
Այնտեղ վերին ջրերը՝ հրեշտակները, շրջապատում են [Աստվածությանը]՝ ըստ [այս խոսքի]. «Ջրե՛ր, որ երկնքից բարձր եք, օրհնեցե՛ք Տիրոջ անունը» [տե՛ս Սաղմ. 148.4]. իսկ այստեղ Սուրբ Հոգին, ծավալվելով ավազանի վրա և նորոգելով մեր բնությունը, նոր ծնունդներ է ստեղծում՝ նորոգ զարդարված: Այնտեղ երկնային էությունները հույլերով երեքսրբյան օրհնությունն են քաղցրաձայն երգում ի փառս համագո Տերության. իսկ այստեղ, նրանց պես խմբվելով, բյուրավոր նորածնունդ լուսակերպներ երամանալով, Լուսո Իշխանին նույնպիսի օրհնություններ են միշտ ի բարձունս առաքում: Այնտեղ ինը դասերի կարգը, երեքի բաժանված, միաձայն փառաբանությամբ գերագո Երրորդությանն է հայում հաստատուն զորությամբ. .... այդպես և Եկեղեցու ողջ քահանայապետությունը իր համար իբրև սկիզբ ու արմատ և հանդերձյալ բարիքների ավարտ ունի երկնային Քահանայապետ Հիսուսին:
Արդ, մեր քահանայության առաջնորդը, անհրաժեշտաբար լցվելով գերագույն Աստվածության պարգևից, նույնը դարձյալ առատորեն ու զանազան կերպերով մատակարարում է [առավել] խոնարհ դասերին և ամենքին մտքի վերամբարձությամբ ու առաքինի վարքով աստվածացնում է՝ հասցնելով ճշմարտության կերպարանքին: ....
Եկեղեցում գտնվող ամեն ինչ երկնայինների օրինակն է ցույց տալիս: Նրանում մշտապես [վառվող] լապտերները խորհրդանշում են սրբերի մշտալույս պայծառությունը երկնքում, իսկ անուշահոտ խնկի բուրումը՝ Սուրբ Հոգու անուշահոտությունը երկնայինների մեջ և մեր հոգիներում: Քահանան, որ այստեղ ճշմարիտ շնորհներ է բաշխում, մեծ Քահանայապետի օրինակն է, Ում միջոցով անմահության վտակը՝ Սուրբ Հոգին, կյանք և անմահություն է մատուցում մարդկանց. և [մյուս] սպասավորների դասերն էլ օրինակն են երկնքում սպասավորող զանազան [հրեշտակային] դասերի: Իսկ այստեղի ցնծագին տոները Աստծուն տեսնողների ուրախության հույսի առհավատչյան են և նախօրինակը [փրկվածների] երկնային հրճվանքի ու երանության: ....
Սակայն ինչո՞ւ անշունչ քարերից ու փայտից կառուցված եկեղեցին և հավատացյալների ժողովը նույն կերպ՝ եկեղեցի են կոչվում: Արդ, ինչպես որ դրախտը երկու իմաստ ունի, այնպես էլ՝ եկեղեցին, .... քանզի այն ստուգապես Աստծո տուն է՝ նրա մեջ Աստծո Որդու պատարագման շնորհիվ: Նմանապես մարդն էլ տաճար է, ըստ Պողոս [առաքյալի], ավազանի սրբությամբ և մաքուր վարքով: Քանզի ինչպես որ այս անշունչ տաճարում, որ քարից ու փայտից է շինված, ամենակարող Աստծո անունն ենք կանչում, օծում հանուն Նրա և Աստծո տուն անվանում, որովհետև նրանում ստուգապես Աստված է բնակվում, այնպես էլ հավատացյալները, որ մկրտվում են Հոր անունով և օծվում սուրբ յուղով, Քրիստոսի անվամբ կոչվում են քրիստոնյաներ:
Աղբյուր՝ «Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք».
Վենետիկ, 1833, էջ 133-134, 143
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)