русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԱՂՈԹՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՁԻ



Ա
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անե՛ղ և անմա՛հ բնություն, արարի՛չ հրեշտակների, մարդկանց և բոլոր արարածների. ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Բ
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի Լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածությո՛ւն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի: Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի ու անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս այս ժամին, որ Քեզ հաճո աղոթեմ և ընդունեմ Քեզնից իմ խնդրվածքները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Գ
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն՝ մոլորյալ ոչխարիս փնտրելու համար. մեղանչեցի երկնքի և Քո առաջ: Ընդունի՛ր ինձ, ինչպես անառակ որդուն, և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքի պատճառով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Դ
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկության համար, խաչվեցիր, թաղվեցիր ու հարություն առար մեռելներից և փառքով համբարձվեցիր Հոր մոտ. մեղանչեցի երկնքի և Քո առաջ: Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Ե
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ. մեղանչեցի երկնքի և Քո առաջ: Մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես որ հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Զ
Անե՛ղ բնություն, մեղանչեցի Քո դեմ իմ մտքով, հոգով և մարմնով: Հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Է
Ամեն ինչ տեսնո՛ղ, մեղանչեցի Քո դեմ խորհրդով, խոսքով և գործով: Ջնջի՛ր ձեռագիրն իմ հանցանքների և գրի՛ր անունս կյանքի գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Ը
Գաղտնիքնե՛ր քննող, մեղանչեցի Քո դեմ կամովին և ակամա, գիտությամբ ու անգիտությամբ: Թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ ավազանի ծննդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով ու մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Թ
Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապա՛ն դիր իմ աչքերին, որ այլևս անպատկառ չնայեն, ականջներիս՝ որ չախորժեն չար խոսքեր լսել, բերանիս՝ որ սուտ չխոսի, սրտիս՝ որ չարը չխորհի, ձեռքերիս՝ որ չգործեն անիրավություն, և ոտքերիս՝ որ չընթանան անօրինության ճանապարհներով: Այլ ուղղորդի՛ր նրանց շարժումը՝ ամեն ինչում միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Ժ
Հո՛ւր կենդանի Քրիստոս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ մեջ, որպեսզի այրի հոգուս ախտերը, սրբի իմ խղճմտանքը, մաքրի մարմնիս մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԱ
Հոր իմաստություն Հիսո՛ւս, ինձ իմաստությո՛ւն տուր, որ ամեն ժամ Քո առջև բարին խորհեմ, խոսեմ ու գործեմ. և փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԲ
Բարիք կամեցող Տե՛ր կամարար, մի՛ թող ինձ գնալ իմ անձի կամքով, այլ առաջնորդի՛ր ինձ՝ միշտ լինելու Քո բարեսեր կամքի համաձայն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԳ
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որը խոստացար սիրելիներիդ: Եվ զորացրո՛ւ սիրտս, որ ատի մեղքը, սիրի միայն Քեզ և Քո կամքը կատարի. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԴ
Խնամո՛ղ արարածների, խաչիդ նշանով պահի՛ր իմ հոգին ու մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից, հոգու և մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԵ
Պահապա՛ն ամենայնի Քրիստոս, աջդ հովանի թող լինի վրաս գիշեր ու զօր, տանը նստած, ճանապարհին, քնած թե արթուն, որպեսզի երբեք ես չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԶ
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ ու լցնում Քո ողորմությամբ բոլոր արարածներիդ. Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր հոգուս ու մարմնիս կարիքները այսուհետև մինչև հավիտյան. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԷ
Մոլորյալներին դարձի՛ բերող, դարձրո՛ւ ինձ չար սովորություններիցս դեպի բարի սովորություն և բևեռի՛ր հոգուս մեջ մահվան սոսկալի օրը, գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերի համար ու գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԸ
Անմահությա՛ն աղբյուր, ապաշխարության արցունքնե՛ր բխեցրու իմ սրտից, ինչպես որ պոռնիկին, որպեսզի լվանամ հոգուս մեղքերը աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԺԹ
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ Քեզ մոտ գալ ուղղափառ հավատով, բարի գործով և Քո սուրբ մարմնի ու արյան հաղորդությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Ի
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ հոգիս քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որ երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԻԱ
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանացրո՛ւ, որ կոչման օրը հոգիս ուրախությամբ տեսնի Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչի արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԻԲ
Արդա՛ր դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին ու մեռյալներին, դատ մի՛ արա Քո ծառայի դեմ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և ինձ համար լսելի՛ դարձրու արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԻԳ
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին: Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


ԻԴ
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի: Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագությո՜ւն հավիտյանս. ամեն:


Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի

 
sacredtradition.am