ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)
Մի մարդ երկու որդի ուներ: Նրանցից կրտսերը հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը»: Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց [Ղուկ. 15.11-12]:
Աբրահամի հետ մեկտեղ և նրան հավասար աստվածպաշտության բաժին ստացան նաև հեթանոս ազգերը, սակայն չմնացին Հոր մոտ և Նրա հետ, այլ, ինչպես ասում է, «քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, քանզի անառակ կյանքով էր ապրում» [Ղուկ. 15.13]: Ասում է «քիչ օրեր հետո», որովհետև .... Նրա հետ լուսավորվածների աստվածճանաչողությունը կարճ ժամանակի ընթացքում նվազեց հեթանոսների մեջ, և այս պատճառով Աստված ասաց Աբրահամին, թե՝ քանանացիների մեղքերի չափը [դեռ] չի լրացել, որպեսզի դու իրավամբ ժառանգես [նրանց] երկիրը: Քանզի ճանաչում էին Աստծուն, ինչպես այդ մեզ հայտնի դարձավ Մելքիսեդեկի միջոցով: .... Բայց հետագայում պիտի սահեին այդպիսի բարիքից ու լրացնեին մեղքերի չափը, ինչը շատ չուշացավ: .... Եվ մեղքը միջնորմ դարձավ երկնքի ու երկրի միջև, և անառակ կյանքի պատճառով վատնվեց աստվածճանաչողության ժառանգությունը, քանզի հեշտախտությունը, կուրացնելով առաջնորդող միտքը, հեռացնում է Աստծուց, Ով սրտում է բնակվում: ....
Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ [Ղուկ. 15.14]:
Անառակ գործերի և անիրավ վարքի բազմանալը՝ Աստծուն ճանաչելով հանդերձ, [դեռևս] սով չէ: Սակայն հեշտության սողոսկման պատճառով աստվածգիտությունը հետզհետե պակասում էր, և երբ նրանց մոտ այն ամբողջովին սպառվեց, սկսեցին քաղցել, ինչպես կերակրից զրկվածը, և այսպես դարձան չքավոր: .... Վերատեսուչ և օգնական էին փնտրում՝ խոտորված ճանաչողությամբ այս ու այն կողմ դառնալով, և նրանց ընդառաջ ելավ սատանան դյութանքներով ու կախարդությամբ, .... և դրանց միջոցով էլ [մարդը] հպվեց սատանային: Այդ մասին այսպես է ասում. «Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու» [Ղուկ. 15.15]: Այդ «մեկը» սատանան է, որ շրջում է աշխարհում, ինչպես քաղաքում, ուր բնակվում են կենդանիներ և թռչուններ, ձկներ ու մարդիկ, և դեգերում է նրանց մեջ: Եվ երբ անառակ մարդիկ տարբեր արհավիրքների միջոցով միավորվեցին նրան, նա պահանջեց պաշտել ոչ միայն իրեն՝ ի դեմս հմայողների ու կախարդների, որոնց երկրպագում էին, այլև Արարչի հանդեպ անհագ թշնամությամբ և Նրան անարգելու համար համոզեց երկրպագել անասուններին, որոնք վատթար են [կախարդներից], քանի որ անբանական են: ....
Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ չէր տալիս նրան [Ղուկ. 15.16]:
Այս խոսքն արտաքուստ անպատշաճ է, սակայն խորհրդական իմաստով՝ վայելուչ, քանի որ .... մարդիկ, հիրավի, ցանկանում էին ուղղվել [գոնե այն] բնական բարոյականությամբ, որ ունեն կենդանիները: Քանզի նրանք խաղաղությամբ երամ են կազմում, մինչդեռ սրանք սպանում ու դավաճանում են միմյանց. չափի զգացում ունենալով՝ նրանք խառնակվում են բազմանալու համար՝ պատշաճ ժամանակ, մինչդեռ [մարդիկ] բնականի հետ նաև մոլագարվում են անբնական հեշտախտությամբ. նրանք, երկրից բավականաչափ սնունդ ստանալով, շրջում են անհոգ, մինչդեռ իրենք հարկադրված են անչափն ու ավելորդը մթերել: ....
Ապա խելքի եկավ ու ասաց. «Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և ասեմ նրան. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը» [Ղուկ. 15.17-19]:
«Խելքի գալը» ցույց է տալիս իմաստասերներին, որոնք բնական ճանապարհով, ըստ օրենքի ուղղեցին իրենց կամքը և աշխարհը զարդարեցին քաղաքացիական օրենքով: [Անառակ որդին] նրանց էր համարում առատ հաց ունեցող վարձկան, իսկ իրեն՝ սովյալ: ....
Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. և մինչ հեռու էր, հայրը տեսավ նրան ու գթաց. վեր կացավ ու վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան: Եվ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» [Ղուկ. 15.20-21]:
Եկավ Հոր մոտ, այսինքն՝ ոչ միայն երկրային իրողությունները քննեց, այլև ճանապարհ ընկավ դեպի երկինք՝ .... իմաստության բաղձանքով և աստվածասիրության տարփանքով .... Այդ տեսնելով՝ Հայրը գթաց և ընդառաջ ելավ այն գթությամբ, որով Աստված բարեհաճ եղավ [հեթանոսների] հանդեպ՝ մարգարեների միջոցով կանխապես ավետելով [փրկությունը], ինչպես Դավիթն է ասում. «Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկեցեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն: Տերը բարձրյալ և ահարկու է, մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա» [Սաղմ. 46.2-3]: ....
Եվ այլևս չի հավելում, թե՝ «Ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը», քանզի ճշմարտապես գիտե Հոր կամքը, որ ներում է Իր մարդասիրությամբ՝ հատուցում չպահանջելով ապաշխարողից: ....
Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան» [Ղուկ. 15.22]:
«Ծառաները» [խոսքը խորհրդանշում է] Սուրբ [Հոգուն], որ դրախտում Աստված փչեց մարդու մեջ, իսկ ջրհեղեղի ժամանակ հետ վերցրեց՝ ասելով. «Իմ ոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ» [Ծն. 6.3]. դա՛ հագցրեց Քրիստոս մեր բնությանը Հորդանանում, որտեղ էակից Հոգին իջավ Իր վրա: ....
Մատանին նրա մա՛տը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ [Ղուկ. 15.22]:
Քանզի այնուհետև նշաններ և հրաշքներ էր գործում, .... ինչն Աստծո Որդու համար մեծ բան չէր, սակայն մարդու համար խիստ սքանչելի էր: ....
Եվ ասում է.
«Բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք» [Ղուկ. 15.23]:
Արդ, [Քրիստոս] մորթվեց ոչ թե բռնությամբ, ինչպես կարծում էին [Նրան] սպանողները, այլ մորթվեց անմեղությամբ պարարված, և աստվածացած մարմինը՝ հանուն Հոր մեր փոխարեն Նրան պատարագելով: .... Այս պատարագն ընդունելով՝ Հայր Աստված ուրախացավ: Եվ մեզ էլ, խորհրդի իմաստը հայտնելով, [Տիրոջ] սպասավորները հորդորում են ուրախանալ՝ ասելով. «Աստված Իր Սիրելիով զվարճացրեց մեզ, որ փրկություն ունենք Նրա արյան միջոցով»:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 514-518
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)