ՍՈՂՈՄՈՆԻ ԱՌԱԿՆԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)
[Չար խորհուրդների մասին]
Հարց. Ի՞նչ է նշանակում. «Ամենայն զգուշությամբ պահիր և պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» [Աոակ. 4.23]:
Պատասխան. Սիրտ ասելով՝ նկատի ունի հոգին, իսկ սրտի խռովությունը լինում է երկու դեպքում. նա կարող է ներքուստ այլայլվել սատանայի արկածներից ու զանազան խորհուրդներից, կարող է նաև գայթակղվել արտաքին զգայարաններից: [Վերջինիս օրինակն է] Դավիթը, որը, տեսնելով Բերսաբեեին, ցանկացավ և պոռնկություն գործեց, ինչի մտադրությունը նախապես չուներ [տե՛ս Բ Թագ. 11.2]: Իսկ սատանայի արկածները լինում են խորհուրդների մեջ, ինչպես Հուդայինը, քանզի ագահության ախտը նախ ընկավ մտքի մեջ, և ապա նա զգայարանների միջոցով մատնեց: Այս երկու ախտերից hեռո՛ւ պաhիր քո սիրտը, քանի որ դրանցից է կյանքի ելքը: Նաև hայտնի է, որ սրտի մոլորությունից է կյանքի սպառումը, քանզի մեղքը մահ է, ինչպես ասում է Հակոբոսը. «Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը հասունանալով ծնում է մահ» [Հակ. 1.15]:
Իսկ սատանայի չար խորհուրդներից ազատվում ենք Տիրոջ օրենքների մասին խորհելով և շարունակ աղոթելով՝ ըստ այն խոսքի, որն ասում է. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ՝ պահքով և ծոմապահությամբ» [Մարկ. 9.28]: Իսկ արտաքին կրքերից ազատվում ենք, երբ ուղղում ենք յուրաքանչյուր զգայարան թյուրություններից, ինչպես ասում է. «Քո աչքերը թող ուղիղ նայեն, և արտևանունքներդ արդարությամբ ակնարկեն» [Առակ. 4.25]:
[Բղջախոհության մասին]
Աստված հեշտանքի ցանկությունը տղամարդու և կնոջ սիրո նյութ դարձրեց երկու պատճառով. նախ՝ որպեսզի այդ ցանկության պատճառով տղամարդը խոնարհվի դեպի կինը, այլապես նման գարշ տեղ և այդպիսի գործի նա չէր գնա. և երկրորդ՝ որպեսզի կինը կարողանա տանել երկունքի ծանրությունը և մանկասնության դժվարությունը։ Ամեն դեպքում, եթե ցանկության պատճառով մանկածնություն է լինում, կամ մանկածնության համար ցանկությունն է կատարվում, [արդյունքում] աշխարհի վրա շարունակվում է աճելն ու բազմանալը։ Մինչդեռ պոռնկությունը դեմ է աստվածային օրենքին, նախ՝ որովհետև ծնունդն են խափանում զանազան ախտերի պատճառով։ Երկրորդ՝ որովհետև իրենց հանձնում են գարշ աղտեղության հեշտանքի ցանկությանը ու դրա մեջ բորբոքվում։ Երրորդ՝ անփորձ երիտասարդներին ցանկությամբ բորբոքված գցում են սատանայի թակարդը, որը հավիտենական մահն է։ Չորրորդ՝ [տղամարդուն] ևս զրկում են մանկածնության սպասավորությունից՝ վատնելով նրա սերմը։ Հինգերորդ՝ նաև նրա ունեցվածքն ու վաստակն են յուրացնում, և նա, մոլորությամբ հարբած, անտարբեր է մնում իր ունեցվածքի կորստի հանդեպ, դրա համար էլ հիրավի զգուշացնում է. «Մի՛ նայիր չար կնոջը» [Առակ. 5.3]. իսկ առաքյալն ասում է. «Մի՛ խաբվեք. ո՛չ շնացողները, ո՛չ պոռնիկները Աստծո արքայությունը չեն ժառանգելու» [Ա Կոր. 6.9]:
[Մեղավորների տեսակները]
Երեք տեսակ մեղավորներ կան։ Առաջին՝ երբ պատահմամբ գայթակղվելով՝ ընկնում են մեղքի մեջ ակամա, կամովին կամ անգիտությամբ։ Սա ներելի է, որի համար Դավիթն աղոթում է. «Իմ մանկության և անգիտության մեղքերը մի՛ հիշիր» [Սաղմ. 24.7]: Երկրորդ՝ երբ մեղանչում են գիտությամբ, սակայն՝ զղջումով ու երկյուղով հանդերձ: Սրանք ևս ներում ունեն, որովհետև նրանց մեջ հույս կա, քանզի գարշության ու խավարի մեջ նրանք ճանաչում են իրենց՝ ըստ Դավթի խոսքի. «Ասացի՝ գուցե խավարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձ՝ իմ վայելքի լույսի փոխարեն» [Սաղմ. 138.11]: Երրորդ՝ երբ մեղքի մեջ են ընկնում սեփական կամքով՝ իբրև թե բարիք գործելով, և նրա մեջ վայելք են գտնում՝ որպես թե դեպի լույսը գնալով։ Դրանց մասին առակն ասում է. «Ամբարիշտների լապտերը մեղքն է» [Առակ. 21.4]. և դարձյալ՝ «Անզգամ մարդը ծիծաղելով է չարիք գործում» [Առակ. 10.23]: Դրա համար ասում է. «Ամբարիշտ անձը չարիքների մեջ ողորմություն չի գտնում որևէ մեկից» [Առակ. 21.10], քանի որ այդպիսին զուրկ է Աստծո խնամքից և հրեշտակների պահպանությունից, մինչև որ մեղքերից զզվելով՝ զղջման գա։
[Սատանայի մասին]
Մովսեսը սատանայի անունը բնավ չhիշատակեց իր ժամանակի պատճառով, իսկ Դավիթը նրան առյուծ է անվանում հափշտակության պատճառով, շուն՝ շողոքորթության, չարախոս իշխաններ, հալածող թշնամի, իժ և քարբ՝ նենգության պատճառով, իսկ Սողոմոնը տզրուկ է անվանում՝ ասելով. «Տզրուկը երեք դուստրեր ուներ սիրելի, և երեքով նրան չհագեցրին, իսկ չորրորդը չկշտացավ, որ ասեր՝ շատ է» [Առակ. 30.15]: Եվ դա բազում պատճառներ ունի։
Նախ՝ ինչպես որ տզրուկը արյունն է ծծում, որը կենդանության հյութն է. նույնպես և սատանան խոհեմության, ցասման ու ցանկության կենդանական խորhուրդն է ծծում և քաշում մարդուց, ինչի մասին Քրիստոս ասում է. «Սատանան սկզբից ևեթ մարդասպան է» [Հովհ. 8.44]:
Երկրորդ՝ տզրուկը կեղտոտ արյունն է ծծում. այդպես էլ սատանայի կերակուրը մեղքերի աղտն է, ինչը խոզի օրինակով է ներկայացնում անառակի [որդու] առակի մեջ. «Ուզում էր փորը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում» [Ղուկ. 15.16]:
Երրորդ՝ անհագ է տզրուկը, ինչպես այստեղ է ասում. «Երեքով չհագեցրին նրան». նույնպես և սատանան անհագ է չար գործերի մեջ։
Չորրորդ՝ տզրուկը լինում է խոնավ տեղերում. սատանան էլ հանգստանում է գիջային ցանկությունների մեջ, ինչպես ասում է Հոբը. «Բեհեմովթը գիջային տեղերում է ննջում» [հմմտ. Հոբ. 40.16]:
Հինգերորդ՝ սողուն է տզրուկը, սատանան էլ սողալով և թաքուն է մտնում մարդու խորհուրդների մեջ, որի մասին ասում է. «Չեմ կարող իմանալ օձի հետքը վեմի վրա» [Առակ. 30.19]:
Վեցերորդ՝ տզրուկը երկու բերան ունի. նույնպես և սատանան երկու տեսակ նենգավոր խոսք ունի, որովհետև նախքան մեղանչելը Աստծո մասին ասում է, թե Նա քաղցր, բարերար ու ներողամիտ է, և գցում է մեղքերի մեջ, իսկ մեղք գործելուց հետո միտքն է բերում արդարությունն ու պատիժը և դրանով հուսահատությամբ կործանում [մարդուն], որի մասին ասում է Դավիթը. «Նրա բերանի խոսքերը անօրինություն և նենգություն են» [Սաղմ. 35.4]:
Յոթերորդ՝ տզրուկը չի հեռանում մարմնից, մինչև որովայնը չի լցնում արյամբ. նույնպես և սատանան, երբ բռնի որևէ մեկին մեղքերի մեջ, բաց չի թողնի, մինչև մեղքը լրիվ կատարել չտա և չստիպի ամեն կերպ մեղանչել։
Ութերորդ՝ տզրուկը սկզբում հեշտ է կպչում, բայց վերջում կսկծացնող ցավեր է տալիս. սատանան էլ մեղքի սկզբում իրեն քաղցրաբարո է ցույց տալիս, բայց հետո դառնացնում է խղճմտանքով, պատկառանքով և օրենքի երկյուղով, ինչպես ասում է Սողոմոնը. «Պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է կաթում, բայց հետո լեղուց ավելի դառն է լինում» [Առակ. 5.3]:
Իններորդ՝ տզրուկր գիշերակերպ է և մուգ. նմանապես սատանան խավար է կոչվում՝ ըստ այնմ. «Խավարը Նրան չճանաչեց» [Հովհ. 1.5], և թե՝ «Փրկեց մեզ խավարի իշխանությունից» [Կող. 1.13]: Որի համար այստեղ մեղքերի և անգիտության խավարը նսեմացնում է մեղավորների մտքերը, ինչպես ասում է Տերը. «Ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս լույսի մոտ» [Հովհ. 3.20], և վերջում սատանայի հետ կտանջվի արտաքին խավարի մեջ և այլևս չի փրկվի նրանից։
Տասներորդ՝ տզրուկը մարմնի առողջ մասին չի կարող մոտենալ. նույնպես և սատանան չի կարող մոտենալ հոգով կատարյալ առողջին՝ ըստ Տիրոջ. «Գալիս է այս աշխարհի իշխանը և իրենից ոչինչ չունի Ինձ վրա» [տե՛ս Հովհ. 14.29]: Այսպես և՝ բոլոր ընտրյալներին, ինչպես ասում է Դավիթը. «Երբ չարերը մոտեցան ինձ՝ իմ մարմինն ուտելու, իմ նեղիչներն ու թշնամիները տկարացան և ընկան» [Սաղմ. 26.2]: Եվ դարձյալ՝ «Քո կողքից հազարներ կընկնեն» [Սաղմ. 90.7], որովհետև Տիրոջ հրեշտակների բանակները շրջապատում են Իր երկյուղածներին և պահում նրանց։ Իսկ երեք դուստրերն են դժոխքը, որը գերեզմանի բանտն է, կանանց նկատմամբ սերը և տարտարոսը, որը մեղավորների տանջանքն է։ Դուստրեր է կոչում և ոչ՝ որդիներ. նրանց վատթարությունը իգական անվամբ է ցույց տալիս, քանզի կրող են և ոչ՝ տվող։ Սրանք երեքը չեն հագենում, իսկ չորրորդը ակնհայտորեն ինքը տզրուկն է, որը չբավարարվեց, որ ասեր՝ շատ է։
Աղբյուր՝ Գրիգոր Տաթևացի, «Սողոմոնի Առակների մեկնությունը».
«Անկյունաքար», Երևան, 2006, էջ 29-30, 33, 73, 84-86
(փոխադրությունը գրաբարից՝ Խաչիկ Գրիգորյանի)