ՔԱՐՈԶ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
«Մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» [Սաղմ. 48.13]:
Նախ տեսնենք, թե որն է մարդու պատիվը, և ապա՝ անասուններին նմանվելը:
Մարդու պատիվը բազմաբնույթ է՝ ըստ նրա ստեղծման:
Առաջին՝ նա ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր ու իշխան, և նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ հնազանդ ստեղծեցիր նրա ոտքերի տակ՝ ոչխար, արջառ և ամեն ինչ» [Սաղմ. 8.8]: Քանզի բոլոր արարածները մարդու ծառաներն ու սպասավորներն են. ոմանք՝ իբրև լծկան, ոմանք՝ բեռնակիր, ոմանք էլ՝ այլ կարիքների համար: Իսկ մարդը ոչ ոքի ծառան չէ, այլ ազատ է և ինքնակալ: Այս է ցույց տալիս նրա կազմվածքը, որ դեպի վեր է ուղղորդված և ոչ թե՝ անասունների պես կորագլուխ՝ ի նշան հնազանդության:
Երկրորդ՝ մարդն իր մեջ կրում է բոլոր արարածների նմանությունը, քանզի նա անշունչների պես տեսանելի գոյացություն է, բույսերի պես աճում է, կենդանիների պես՝ զգում և հրեշտակների պես՝ իմանում: Այս պատճառով մարդը երկրի վրա կենդանի աշխարհ է կոչվում:
Երրորդ՝ մարդու համար պատիվ է այն, որ Աստված նախ խորհեց, թե ինչ ստեղծի, և ինչպիսին նա լինի, ում վրա իշխի և Ում պատկերն ունենա, և ապա ստեղծեց մարդուն, ինչպես ասում է. «Ստեղծենք մարդուն Մեր պատկերով ու նմանությամբ, և թող իշխի ձկների ու ծովի վրա» [տե՛ս Ծն. 1.26]: Ո՜վ մեծասքանչ խորհուրդ. երկինքը, երկիրն ու ծովը, արեգակը, լուսինն ու աստղերը ստեղծվեցին առանց խորհուրդ անելու, մինչդեռ մարդու մասին նախապես խորհում է Աստված, և Նրա մտքում մարդը կար իր լինելությունից առաջ:
Չորրորդ՝ Աստված բոլոր արարածների համար ասաց, և նրանք եղան, հրամայեց, և հաստատվեցին, իսկ մարդուն [Իր] ձեռքով ստեղծեց, ինչպես գրված է. «Տեր Աստված վերցրեց երկրի կավը և նրանից ստեղծեց մարդուն» [տե՛ս Ծն. 2.7], ինչը խորհրդանշում է մարդու հանդեպ առավել հոգածությունը:
Հինգերորդ՝ ինչպես որ մեծատուն այրը, երբ կամենում է պատվել մեկին, նախ նրա կերակուրն ու ըմպելիքը, տեղն ու զարդարանքն է պատրաստում և ապա հրավիրում նրան, այնպես էլ ամենքից Մեծատունը՝ Աստված, նախ պատրաստեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ զանազան կերակուրներ ու ըմպելիքներ, երկինքը՝ որպես ծածկ, երկիրը՝ հատակ, լուսատուները՝ ճրագ, գեղաձայն երգեցիկ թռչուններով և բազմապիսի ծառերով դրախտը՝ որպես բազմոց, և ապա մեծարեց մարդուն պատվելով, որպեսզի նա ոչ թե թափուր ու աղքատ լինի բարիքներից, այլ ի բնե լինի առատ և լեցուն:
Վեցերորդ՝ մարդը եղավ որպես ողջ աշխարհի կապն ու կատարումը, քանզի նրանից առաջ եղած իմանալի և զգալի գոյացությունները, որ միմյանցից բաժան էին ու հեռու, Աստված ժողովեց մի էության մեջ՝ մարդուն կազմելով իմանալի հոգով և զգալի մարմնով, ինչից երևում է, որ մի է ողջ աշխարհը՝ մի Արարչի կողմից ստեղծված:
Յոթերորդ՝ անմարմինները զուրկ են մարմնավոր, իսկ մարմնավորները՝ անմարմին բարիքներից, իսկ մարդուն Աստված պատվեց՝ երկու բարիքներին էլ հաղորդակից դարձնելով: Քանզի տվեց նրան, ինչ որ Ինքն ուներ, և մարմնավոր բարիքներն էլ չխնայեց ու չնախանձեց: Ահա այս է մարդուն կրկնակի պատվելը, ինչպես վերը ասացինք:
Ութերորդ՝ Աստված մարդուն զարդարեց առաքինությամբ, որպեսզի ոչ միայն ձրի տուրքով, այլև վարձքով պսակի նրան: Քանզի հրեշտակները չեն կարող ո՛չ ավելացնել, ո՛չ էլ նվազեցնել իրենց գոյացական վարձքը, մինչդեռ մարդը կարող է առաքինությամբ աճել:
Իններորդ՝ մարդը երկու պատիվ ավելի ունի, քան մյուսները. դրանք են մեղքերի թողությունը և մարմնի հարությունը: Այստեղ հոգին վարձատրվում է մարմնի, իսկ մարմինը՝ հոգու շնորհիվ, քանզի մարմնի պատճառով ենք ստանում մեղքերի թողություն (մինչդեռ հրեշտակներն այդ ունենալ չեն կարող, որովհետև մեղքի ենթակա մարմին չունեն). և քանի որ ունենք անմահ հոգի, արժանանում ենք նաև մարմնի հարության (ինչը չունեն մյուս կենդանիները):
Տասներորդ՝ մարդը ստեղծվեց Արարչի պատկերով, ինչը գերագույն է բոլոր պատիվներից, ինչպես գրված է. «Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով» [Ծն. 1.27], այսինքն՝ մտքով, բանականությամբ, անձնիշխանությամբ, սրբությամբ, բարությամբ ու այլ հատկանիշներով, և նրան բնակեցրեց Ադենի անապական դրախտում և Իր պատվելի պատկերը զարդարեց լուսեղեն զգեստով ու անմահ կյանքով: Սակայն մարդը, որ Արարչի պատկերին խառնված ուներ նաև հողեղենի պատկերը (քանզի, ինչպես գրված է, արու և էգ ստեղծեց նրանց [տե՛ս Ծն. 1.27]), զրկվեց իր պատվից և նմանվեց անասուններին: Մինչդեռ Քրիստոսի համար, ինչպես ասում է առաքյալը, արու և էգ չկա [տե՛ս Գաղ. 3.28], ինչից հետևում է, որ սրանով մարդը նման չէ Աստծուն:
Իսկ թե ինչու Աստված արու և էգ ստեղծեց նրանց, այս մասին վարդապետները հինգ պատճառ են նշում:
Նախ՝ որպեսզի պատկերը տարբերվի իր Նախատիպից, քանզի լիովին նմանը նույնն է:
Երկրորդ՝ քանզի կամեցավ, որ մարդը հոգևոր բարիքի հետ նաև մարմնավորը վայելի:
Երրորդ՝ որպեսզի նա ոչ միայն ձրիաբար, այլև մարմնի առաքինությամբ արժանանա պարգևների, ինչպես արդեն ասացինք:
Չորրորդ՝ որովհետև կամեցավ, որ մարդկանց բազմացումը, երբ նրանք ընկան հրեշտակային կյանքից, լինի կենդանիների նման:
Հինգերորդ՝ հանուն մարդկանց փրկության, որն իրականացավ Փրկչի մարմնացմամբ: Այս պատճառով մարմինը խառնվեց հոգու հետ՝ միջասահման կյանքով դրվելով դրախտի միջասահման վայրում, այսինքն՝ մահվան և անմահության միջև, որպեսզի անձնիշխան կամքով ինչը որ ընտրի, այն էլ ստանա՝ կա՛մ մահ, կա՛մ անմահություն: Եվ նրա առջև [Աստված] դրեց բոլոր ծառերը, որոնք պարունակում էին բարիքների ու երանությունների ամբողջությունը, որպեսզի նրանցով մարդը միշտ մնար անմահության մեջ: Այս է մեր առաջին և սկզբնական կյանքը, որը մենք կորցրինք և վերստին պիտի ստանանք հարության օրը:
Այլև մահվան սպառնալիքով Աստված մարդուն հեռու պահեց գիտության ծառից [տե՛ս Ծն. 2.16-17]: Իսկ նա թողեց անմահ կյանքը՝ անսալով օձի պատրանքներին ու հեշտանալով զգայություններով, կորցրեց իր մեջ աստվածային պատկերը և պատվեց անասնականը: Այսպես մարդը հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց՝ բարկությամբ, ցանկությամբ և այլ հատկություններով: ....
Մարդը մեղանչում է երեք պատճառով՝ չար սովորութունից, չարունակութունից և տգիտութունից, և դրանց բժշկությունը լինում է այսպես:
Չար սովորությունը բժշկվում է բարի սովորությամբ, բարի տեղում, բարի ընկերների հետ բնակվելով: Ինչպես ասում է մարգարեն, «սրբի հետ սուրբ կլինես և անբիծ այրի հետ՝ անբիծ» [տե՛ս Սաղմ. 17.26], քանզի անձնիշխան կամքով ինչպես որ չարին սովորեցինք, այնպես էլ սովորում ենք բարուն:
Տգիտությունը բժշկվում է գիտությամբ՝ Սուրբ Գրքի սերտմամբ, սուրբ այրերի խրատներով և Աստծո կանոններն ու պատվիրաններն իմանալով, որով զանազանվում են չարն ու բարին:
Իսկ չարունակությունը բժշկվում է մեր մեջ ցանկություն բորբոքող կերակուրներից հեռու մնալով (ինչպես որ վառելիքը պակասեցնելիս մարում է հուրը), նաև՝ մարմնի տքնությամբ ու չարչարանքներով:
Այս պատճառով, երբ պահքով հեռու ենք մնում ավելորդ կերակուրներից ու ըմպելիքներից և տքնությամբ ու աղոթքով չարչարում մեր մարմինը, ազատվում ենք խառնվածքի չարունակությունից, որ դեպի մեղքն է ձգում: Եվ սրբվելով մեղքերից՝ մեր մեջ վերստին պայծառանում է Աստծո պատկերը, որն ունեինք ի սկզբանե՝ նախքան դրախտում մեղանչելը:
Եվ քանի որ ճշմարիտ է այս, եղբայրնե՛ր, բռնադատենք մեր մարմինները, պնդանանք պահեցողությամբ, հաճախ աղոթենք: Հանենք չարիքը մեր սրտերից: Սիրենք միմյանց սուրբ սրտով և անկեղծ մտքով: Դառնանք առ Աստված, և Նա կդառնա դեպի մեզ: Ներենք միմյանց, որպեսզի Նա էլ մեզ ների: Գթանք աղքատներին, որպեսզի Նա էլ մեզ գթա: Քաղցածների համար հաց լինենք և մերկերի համար՝ զգեստ, անտունների համար՝ օթևան և հիվանդների համար՝ բժիշկ, որպեսզի Աստված էլ մեր հոգու և մարմնի վերքերը բժշկի՝ ծածկելով մեր ամոթալի գործերի մերկությունը, և մեզ ժողովի հայրական օթևաններում՝ մշտակա ցնծության և անտրտում ուրախության արժանացնելով ամենքին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, որ օրհնյալ է հավիտյան. ամեն:
Աղբյուր՝ «Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, արարեալ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն».
Կ. Պոլիս, 1140, էջ 300-304
(փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի)