русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
5 հունվարի 2017թ. հինգշաբթի, ԳՁ
Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Նաւակատիք

Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ

«Տերն ասաց Ինձ՝ Իմ Որդին ես Դու,
և Ես այսօր Քեզ ծնեցի» [Սաղմ. 2.7]:

Սուրբ Գրքի ուսուցանության համաձայն՝ Քրիստոս երկու ծնունդ ունի:
Նախ՝ Բանն Աստված Հոր ծնունդն է հավիտյաններից և ժամանակներից առաջ՝ ըստ Դավթի սաղմոսի, ուր Հայրն ասում է Որդուն. «Նախքան Արուսյակը ծնեցի Քեզ» [Սաղմ. 2.7]:
Իսկ երկրորդ ծնունդը ժամանակի մեջ է, ինչպես գրված է. «Տերն ասաց Ինձ՝ Իմ Որդին ես Դու, և Ես այսօր Քեզ ծնեցի» [տե՛ս Սաղմ. 109.3]:
Այս խոսքում նշված են երկու ծնունդները. «Իմ Որդին ես Դու» ասելով՝ հայտնվում է հավիտենական ծնունդը, իսկ «այսօր Քեզ ծնեցի»՝ նշանակում է Նրա երևալը ժամանակի մեջ: Եթե այն ծնունդն անմարմին է, ապա սա՝ մարմնով: Այն Հորից է՝ առանց մոր, իսկ սա մորից՝ առանց հոր: Այն երկնքում է, իսկ այս՝ երկրի վրա: Այն ծնունդ է առանց պատճառի, իսկ սա՝ պատճառով, քանզի Աստված մարդացավ հանուն մեր փրկության: Աստված խոնարհվեց, որպեսզի բարձրացնի մարդկանց: Աստծո Որդին եղավ Մարդու Որդի, որպեսզի մեզ դարձնի Աստծո որդիներ: Նա ծնվեց մարմնով, որպեսզի մենք հոգով ծնվենք. քանզի երբ վերստին ծնվում ենք սուրբ ավազանի մկրտությամբ, շնորհով դառնում ենք Աստծո որդի և ժառանգակից Քրիստոսին՝ ըստ այս խոսքի. «Նրանց իշխանություն տվեց լինել Աստծո որդիներ» [Հովհ. 1.12]:
Եվ մեր Քրիստոս Աստծո Ծննդյան և հայտնության այս տոնը սկիզբն ու հիմքն է բոլոր բարիքների և փառավոր շնորհների: Այն նաև Աստվածորդու բոլոր տնօրինական տոների և բոլոր մյուս տոների ու հոգևոր ուրախությունների սկիզբն է, հիմքը և գլուխը, ինչը և կլուսաբանենք այս քարոզի վեց գլուխներով:
[….]

Ա
Ինչո՞ւ մեր Քրիստոս Աստծո Ծննդյան և հայտնության տոնը սկիզբն ու հիմքն է բոլոր [տոների]:
Սա [բացատրենք] չորս պատճառով:
Նախ՝ ինչպես որ ի սկզբանե Հայրը Որդու և Սուրբ Հոգու հետ խորհուրդ անելով ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ [տե՛ս Ծն. 1.26], այստեղ ևս Հայրը Որդու և Սուրբ Հոգու հետ Իր Բանի մարդեղության միջոցով այժմ հայտնեց խորհուրդը, որ ծածկված էր ազգերից ու հավիտյաններից: Քանզի Հայրը կամեցավ և առաքեց Որդուն, և Սուրբ Հոգին էլ մաքրագործեց սուրբ Կույսին ու մարմնացրեց Որդուն: Միածին Որդին մարդացավ և ծնվեց Կույսից նոր արարչության և մարդկային ցեղի փրկության համար: Այս էր ծածուկ խորհուրդը, որ հայտնի դարձավ այսօր. ուստի և այսօր սկիզբն է բոլոր տերունական տոների:
Երկրորդ՝ այն, ինչ օրենքն ու մարգարեները կանխաճառեցին դարեր առաջ, թե Աստված պիտի երևա մարմնով ու շրջի մարդկանց մեջ, իրականացավ այսօր. դրա համար էլ այս օրը բոլոր տոների սկիզբը և հիմքն է:
Երրորդ՝ Ադամի ու Եվայի հանցանքից հետո, որի համար նրանք դատապարտվեցին, ինչպես որ ասաց Աստված, թե՝ «Երկիրը փուշ ու տատասկ կաճեցնի քեզ համար» [տե՛ս Ծն. 3.18], և «ցավերով որդի կծնես» [Ծն. 3.16]), և ողջ մարդկային ցեղը պատուհասվեց՝ անեծքի տակ ընկնելով, այսօր այդ անեծքը վերցվեց, դատապարտությունը վերացավ, և ցավերով ծնունդը վերածվեց ուրախության, ինչպես հրեշտակն է ասում սուրբ Կույսին. «Ուրախացի՛ր, բերկրյա՛լ, Տերը քեզ հետ է, և դու կծնես որդի» [տե՛ս Ղուկ. 1.28, 31]: Այդ պատճառով այսօր բոլոր տոների և մարդկանց փրկության գլուխն է ու սկիզբը:
Չորրորդ՝ Ծննդյան տոնն ըստ կարգի նախորդում է Խաչելության, Հարության, Համբարձման և մյուս տոներին. քանզի մեր Տեր Հիսուս Քրիստոս նախ և առաջ մարմնով ծնվեց Կույսից և ապա եկավ տաճար, այնուհետև 30 տարի անց, ծննդյան օրը, մկրտվեց, ապա խաչվեց, թաղվեց, հարություն առավ և հետո համբարձվեց երկինք:
Այսքան պատճառներով Ծննդյան տոնը ս. Եկեղեցում ողջ տարվա ընթացքում կատարվող բոլոր տոների հիմքն է, գլուխը և սկիզբը:

Բ
Ինչո՞ւ այսօր, հունվարի 5-ի գիշերվանից, սկսելով նավակատիքը և կատարելով մեր Քրիստոս Աստծո ծննդյան նախատոնակը, հիշատակում ենք ավետումը (այլ ոչ թե տոնում ենք այն, ինչպես [ամբաստանում] են հերձվածողները, քանզի Ավետման տոնը եղել է 9 ամիս առաջ՝ ապրիլի 7-ին):
Նախ՝ որովհետև կատարում ենք Քրիստոսի ծննդյան նախատոնակը, ինչպես որ Ավագ շաբաթ օրը՝ Քրիստոսի հարության նախօրեին:
Երկրորդ՝ քանզի Ադամը մարգարեացավ Քրիստոսի գալստյան մասին՝ կնոջը կոչելով բոլոր ապրողների մայր [տե՛ս Ծն. 3.20], որը կանանց մեջ ամենօրհնյալ սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն է. նաև՝ այն պատճառով, որ մարգարեները Քրիստոսի գալուստից առաջ տեսնում էին սուրբ Կույսին, ինչպես որ Գեդեոնը տեսավ իմանալի գեղմը և ցողը [տե՛ս Դատ. 6.36-40]: Արդ, այսօր նշում ենք ու երգում, թե՝ եկավ Տերը և իրականացրեց նրանց խոսքը՝ հայտնելով հավիտյաններից ի վեր ծածկված խորհուրդը:
Երրորդ՝ քանզի հրեշտակի ավետիսը, որը ողջույնով տրվեց Կույսին, իրականացավ այսօր, ինչի համար էլ հայտնվեց Աստված: Եվ ի լուր ամենքի մենք երգում ենք հրեշտակի ավետման երգը՝ ասելով. «Ուրախացի՛ր, սրբուհի՛»: Այն, ինչ ծածկապես հայտնվեց սուրբ Կույսին այն ժամանակ, մարգարեության համաձայն կատարվելուց հետո մենք հայտնապես երգում ենք նոր ուրախությամբ:
Չորրորդ՝ քանզի նույն խորհուրդն ունեն երեք տոներն էլ՝ [Ավետումը, Ծնունդը և Մկրտությունը]: Այսպես. ավետման հետ Բանն Աստված իջավ Կույսի արգանդը և մարդացավ: Աստծո Բանի իջնելն ու որպես մարդ գոյավորվելը հրեշտակը ծնունդ է կոչում, երբ ասում է Հովսեփին. «Նրանում Ծնվածը Սուրբ Հոգուց է» [Մատթ. 1.20]: Եվ Քրիստոսի ծնունդը երկրի վրա՝ կուսական արգանդից էր, ինչը տեսան հովիվները, և մոգերն էլ երկրպագեցին: Իսկ մկրտությունը վերստին հոգևոր ծնունդ է կոչվում:
Սա՝ ըստ իրողության:
Իսկ ըստ անվանումների՝ դարձյալ [միևնույն խորհուրդն ունեն]. քանզի ավետումը Բանն Աստծո հայտնությունն է, Ով մարմնացավ («Եվ Բանը մարմին եղավ» [Հովհ. 1.14]): Նույնպես և [Քրիստոսի] ծնունդը նաև հայտնություն է կոչվում՝ ըստ ս. [Գրիգոր] Աստվածաբանի այս խոսքի. «Այսօր Աստծո հայտնության տոնն է, քանզի Աստված ծնվելով՝ երկրի վրա երևաց»: Իսկ մկրտությունը վկայվեց Հորից («Դա է Իմ սիրելի Որդին», նաև՝ «Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա» [տե՛ս Մատթ. 3.16-17])՝ ողջ աշխարհին հայտնելով Նրա աստվածությունը:
Այսպես երեք տոներն էլ միևնույն խորհուրդն ունեն՝ և՛ ըստ իրողության, և՛ ըստ անվանումների: Ուստի և այսօր[՝ նախօրեին,] հիշատակում ենք ավետումը, իսկ վաղը՝ համատեղ տոնում ծնունդն ու մկրտությունը: Եվ [առաջիկա տոնախմբության] բոլոր 8 օրերին ծնունդն ու մկրտությունը միասին տոնելով՝ հիշատակում ենք նաև ավետումը:

Գ
Իսկ ինչո՞ւ է տոնը գիշերը սկսվում: [….]
Նախ՝ որովհետև մենք, աշխարհի մեջ լինելով, մթնած ենք մեղքի խավարով: Այս պատճառով տոնը գիշերն ենք սկսում:
Երկրորդ՝ քանզի Քրիստոսի առաջին գալուստը եղավ ծածկապես և ոչ թե՝ ինչպես երկրորդը, երբ Տերը հայտնապես ծագելու է երկնքից՝ Իր առջև հուր բորբոքելով: Նաև՝ այն պատճառով, որ առաջին երևումը ծածուկ էր ու խոնարհությամբ՝ առանց ոտնաձայնի, ինչպես գեղմի վրա իջնող ցողը [տե՛ս Դատ. 6.36-40]: Դրա համար էլ տոնը գիշերն ենք սկսում:
Երրորդ՝ Քրիստոս մարմնով ծնվեց կեսգիշերին Բեթղեհեմի այրում (գիշերվա նույն ժամին էլ հարություն առավ գերեզմանից), ինչը հայտնի է բացօթյա [շրջող] հովիվներից, որոնք իրենց հոտը պահելիս լսեցին երկնավոր զորքերի բազմության ձայնը [տե՛ս Ղուկ. 2.8-10]:
Չորրորդ՝ [գիշերը սկսելը] խորհրդանշում է այն, որ Քրիստոս մեր կյանքի խավարում որպես լույս ծագեց ու լուսավորեց հավատացյալներին, ինչպես Դավիթ [մարգարեն] է ասում. «Խավարի մեջ լույս ծագեց արդարներին» [Սաղմ. 111.4] և դարձյալ. «Խավարի մեջ ու մահվան ստվերում նստած ժողովրդի վրա լույս ծագեց» [տե՛ս Մատթ. 4.16], ինչը և հայցում էր Դավիթն՝ ասելով. «Լո՛ւյս տուր, Տե՛ր, իմ աչքերին», և՝ «Առաքի՛ր, Տե՛ր, Քո Լույսն ու Ճշմարտությունը» [Սաղմ. 12.4; 42.3]: Նա Քրիստոսի մասին էր ասում, Ով լուսավորեց մեր հոգու աչքերը՝ անհավատությունից բերելով հավատի լույսի, անգիտությունից՝ ճշմարիտ գիտության և մեղքերից՝ արդարության, նաև լուսավորեց շատերի մարմնավոր աչքերը: Այս պատճառով Քրիստոս Լույս և արդարության Արեգակ է կոչվում:
Հինգերորդ՝ հին օրենքը ստվերն էր նորի և [իբրև] գիշեր էր, մարգարեներն էլ որպես աստղ էին, որ փոքր-ինչ լուսավորեցին օրենքով՝ լինելով Քրիստոսի նախակարապետները: Իսկ մեր Տերը ստվերի մեջ մեզ լույս ծագեցրեց. «Լույսը խավարի մեջ լուսավորում է» [Հովհ. 1.5]. քանզի մեզ տվեց արեգակի պես պայծառ նոր օրենքի լույսը: Այդ պատճառով գիշերն ենք տոնում ծնունդը Քրիստոսի, որ մեզ համար եղավ արդարության Արեգակը [տե՛ս Մաղ. 4.2], քանզի Նա ստվերը լույսի վերածեց և նմանությունը՝ իրականության:
Վեցերորդ՝ իբրև նախօրինակ Քրիստոսի վերջին գալստյան, որը լինելու է գիշերով, ինչպես Ավետարանն է ասում. «Կեսգիշերին ձայն լսվեց. “Ահա փեսան գալիս է փեսան”» [Մատթ. 25.6-7]: Ուստի և առաջին գալստյան տոնը սկսում և տոնում ենք գիշերը:

Դ
Ինչո՞ւ է այս տոնը Եկեղեցին տոնում 9 օր շարունակ:
Նախ՝ որովհետև 7 օրը խորհրդանշում է արարչությունը և այս կյանքը. 8-րդը խորհուրդն է մշտակա հանդերձյալ կյանքի, որտեղ մարդիկ պիտի խառնվեն հրեշտակների դասերին և տոնեն գերաշխարհիկ տոնը. իսկ 9-րդը, առանձնացված, ցույց է տալիս ամենայնի գոյանալուց առաջ Սուրբ Երրորդության Անձերի փառավորումը միմյանցից:
Երկրորդ՝ 9 թիվը խորհրդանշում հրեշտակների 9 դասերը, քանզի նրանք մեզ հետ տոնում են, մենք էլ նրանց հետ՝ սպասավորում:
Եվ երրորդ՝ Բանն Աստված 9 ամիս բնակվեց Կույսի որովայնում. դրա համար էլ 9 օր տոնում ենք Նրա ծննդից հետո:
[….]
Իսկ այն, որ պատարագ ենք մատուցում երեկոյան և առավոտյան, կրկնակի իմաստ ունի:
Առաջին՝ ինչպես որ Քրիստոսի ծնունդը կեսգիշերին էր, իսկ մկրտությունը՝ կեսօրին, համապատասխանաբար երեկոյան պատարագը ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ մկրտության:
Երկրորդ՝ քանզի Քրիստոս երկու ծնունդ ունի. մեկը՝ Հորից, հավիտյաններից առաջ, հրեշտակներից ու մարդկանցից ծածուկ և անիմանալի, ինչը երեկոյան պատարագի խորհուրդն է. իսկ մյուս ծնունդը մորից է, ժամանակի մեջ, հայտնի հրեշտակներին և մարդկանց, ինչպես որ փառավորում էին հովիվները՝ հրեշտակներին խառնված, ինչն էլ առավոտյան պատարագի խորհուրդն է: Քանզի կուսական ծննդյամբ Նա մեզ համար առավոտ եղավ և [իբրև] լույս ծագեց աշխարհին:
Իսկ ինչո՞ւ է [ս. Ծննդյան նախօրեն] կոչվում Ճրագալույս, Ճրագալույծ կամ Ճրագալույց:
Ճրագալույցն այն է, որ կանթեղ և ճրագ ենք լուցանում (այսինքն՝ վառում) և պատարագում երեկոյան:
Ճրագալույծ՝ քանզի ճրագով [վերադառնում ենք տուն] և երեկոյան լուծարում պահքը:
Իսկ ճրագալույսը բազմաթիվ իմաստներ ունի:
Նախ՝ տոնի Տերը իմանալի Լույսն է, որ ծագեց աշխարհում, ինչպես Ինքն ասաց. «Ես՝ Լույսս, աշխարհ եկա» [հմմտ. Հովհ. 1.9; 3.19]:
Երկրորդ՝ լույսը խորհրդանշում է աստղը, որն առաջնորդեց մոգերին և մտնելով քարայր՝ կանգնեց այնտեղ, ուր գտնվում էր Մանուկը. այդ պատճառով այսօր երեկոյան, բազմաթիվ մոմեր վառած, մտնում ենք եկեղեցի:
Երրորդ՝ ճրագի լույսը ժամանակավոր է, ինչը խորհրդանշում է Հովհաննես Մկրտչին, ինչպես Տերն էր ասում. «Նա էր վառվող ճրագը, և դուք միառժամանակ ցնծացիք նրա լույսով» [տե՛ս Հովհ. 5.35]:
Չորրորդ՝ ճրագալույսը, իբրև աղոտ ճառագում, նշանակն է մարգարեների, որոնք Հովհաննեսից առաջ տեսիլքներով ճանաչեցին և իմացան Քրիստոսի գալուստը:
Հինգերորդ՝ ճրագալույսն ընկալվում է որպես մեծ ավետարանիչ՝ խորհրդանշելով հին օրենքը, որը տրվեց անկատարներին, ինչպես Դավիթն է ասում. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» [Սաղմ. 118.105]: Քանզի օրենքը նախօրինակն էր Ավետարանի, որը տրվեց կատարյալներին:
Վեցերորդ՝ [ս. Գրիգոր] Աստվածաբանն ասում է, թե այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա օրվա՝ մեծ Լույսի ծագման. և ինչպես որ թագավորի գալստյանը նրան սիրողները նախ ուրախանում են այդ ավետիսից, նախապատրաստվում և ջահերով ընդառաջ գնում նրան, այդպես էլ մենք այս երեկո կատարում ենք նախատոնակ ճրագալույսը Քրիստոսի ծննդյան և հայտնության, որը վաղն է լինելու:

Ե
Ինչո՞ւ ենք նախատոնակն անում այսօր՝ հունվարի 5-ին:
Նախ՝ քանզի հունվարը նոր ամիս է, իսկ Քրիստոս մեզ նորոգեց մեղքի հնությունից, որոնք գործեցինք 5 զգայարաններով: Եվ երկրորդ՝ հունվարը «ծննդյան ամիս» է թարգմանվում, իսկ մենք Քրիստոսի երկրային ծննդյամբ ծնվում ենք երկնային՝ հոգևոր կյանքով:
Իսկ Քրիստոսի ծնունդը հունվարի 6-ին տոնելը խորհրդանշում է, նախ, 6-րդ դարը, երբ Արարիչն Աստված իջավ երկիր: Այլև 6-րդ օրը Նա ստեղծեց մարդուն, և մարդը մարմնի վեցակի շարժմամբ մեղանչեց ու կորավ: Այս պատճառով Բանն Աստված ամսվա 6-րդ օրը ծնվում է որպես նոր Ադամ և փնտրում ու գտնում է հին՝ կորած Ադամին, ինչպես ասում է Անառակ որդու առակից առաջ, թե քաջ հովիվը 99 ոչխարները թողեց անապատում [տե՛ս Ղուկ. 15.4], այսինքն՝ երկնքում, որն անապատ է չարիքից, և եկավ փնտրելու 1 մոլորված ոչխարին, որ մարդկային ցեղն է՝ ըստ Դավթի խոսքի. «Մոլորվեցի ես ինչպես կորուսյալ ոչխար. փնտրի՛ր Քո ծառային, քանզի պատվիրաններդ ես չեմ մոռացել» [Սաղմ. 118.176]:
Այս խորհրդով բանավոր հոտի քաջ Հովիվը նախ հայտնվեց անբան ոչխարների հոտի հովիվներին, ինչը բացատրվում է վեց պատճառով:
Նախ՝ սկզբից Նա մարգարեներին ընտրեց հովիվների միջից, ինչպես Մովսեսին, Դավթին և մյուսներին, և այժմ էլ, Իր գալստյանը, նախ հայտնվեց հովիվներին, որպեսզի ցույց տա, որ նույն Աստվածն է, Ով այժմ մարմնով ծնվեց Կույսից:
Երկրորդ՝ հովիվներն աննենգ էին ու աննախանձ, քանզի մարդկանց մեջ չէին բնակվում. ուստի նրանց երևաց՝ ցույց տալով, որ նրանք, ում սիրտը զերծ է նենգությունից, նախանձից ու այլ մեղքերից, կտեսնեն Աստծուն:
Երրորդ՝ հովիվներն անտուն էին ու անօթևան, ինչը խորհրդանշում է, որ ովքեր թողնում են աշխարհիկ կյանքը, մայր, հայր, կին, որդի, տուն և ագարակ, նրանք կարող են տեսնել Աստծուն:
Չորրորդ՝ նրանք զգոն էին և անքուն, քանզի «պահպանելով պահում էին իրենց հոտը» [տե՛ս Ղուկ. 2.8], ասել է թե՝ ովքեր չարչարում են իրենց մարմինը հանուն Քրիստոսի, նրանք հետևում են Տիրոջը, ինչպես գրված է. «Ով չվերցնի իր խաչը և չգա Իմ հետևից, Ինձ արժանի չէ» [տե՛ս Մատթ. 10.38]:
Հինգերորդ՝ հովիվները, պարզամիտ և տգետ լինելով, աստվածային հրաշքի ականատեսն ու քարոզողը եղան. այսինքն՝ ով կամենում է իմաստուն լինել Քրիստոսով, թող այս աշխարհի հիմարը լինի, քանզի Աստծո հիմարը բոլորից իմաստուն է, և Աստծո տկարը՝ զորավորներից հզոր, ինչպես որ առաքյալներն էին տկար, տգետ ու անտոհմիկ [տե՛ս Ա Կոր. 1.25; 4.10] և ողջ աշխարհից առավել եղան զորությամբ, իմաստությամբ ու փառքով:
Վեցերորդ՝ դրանով Նա հուսադրեց ժողովրդի պետերին ու հովիվներին՝ իբրև քահանաների և առաջնորդների, որ եթե նրանք լինեն սրտով աննախանձ ու վարքով՝ առաքինի, իսկ ժողովրդի պահպանության մեջ՝ զգոն և արի, կարժանանան Աստվածորդու տեսությանը:
Այս պատճառով այսօր գնում ենք հովվանոց՝ սուրբ ժամատուն, ուր ժողովված է բանավոր հոտը, և ասում ենք «Տերն ինձ կհովվի» և «Դու, որ հովվում ես Իսրայելին» սկսվածքներով սաղմոսները, ապա ընթերցում Հովիվների ավետարանը. «Եվ հովիվները բացօթյա վայրում էին» [տե՛ս Սաղմ. 22; 79. Ղուկ. 2.8]: Սաղմոսները երկուսն են, որովհետև Քրիստոս Հովիվն ու Խնամակալն էր երկնավորների և դարձավ Հովիվը մարդկանց, քանզի Նրա թե՛ աստվածությանը և թե՛ մարդկությանը համապատասխանում է «հովիվ» անվանումը: Իսկ սաղմոսների միջև «ալելուիա» [ասելը] խորհրդանշում է հովիվների խառնվելը հրեշտակներին, որոնք օրհներգում էին Աստծուն: Մենք ևս, այժմ խառնվելով երկնավորների դասերին, օրհնում և փառավորում ենք Քրիստոսի ծնունդը. քանզի ալելուիան հրեշտակային երգ է և թարգմանվում է «օրհնեցեք ու գովեցեք Տիրոջը»:
Այնուհետև գնում ենք մսուր՝ ծննդյան այրը, որովհետև Քրիստոս Փրկիչը ծնվեց քարայրում և դրվեց անասունների մսուրում, և հովիվներն այնտեղ գնացին:
Իսկ ինչո՞ւ Քրիստոս քարայրում ծնվեց: […]
Նախ՝ մարդահամարի [պատճառով]. քանի որ քաղաքը լեցուն էր ամբոխով, և իջևանելու տեղ չկար, ուստի երբ երեկոյան հասան քարայր, այնտեղ էլ ծնվեց աշխարհի Փրկիչը [տե՛ս Ղուկ. 2.7]:
Երկրորդ՝ հանուն խոնարհության. Նա ծնվեց աղքատ մորից աղքատիկ վայրում և դրվեց անասունների մսուրի մեջ, որպեսզի մենք հարստանանք Իր աղքատությամբ:
Երրորդ՝ հետջրհեղեղյան այս խորհրդով. Նոյի անդրանիկ որդին՝ Սեմը, Ադամի նշխարները մարգարեաբար թաղեց Գողգոթայում, իսկ Եվայի նշխարները՝ այդ քարայրում, որպեսզի Եվան ողջանա Աստվածածնով և ազատվի ծննդյան անեծքից, իսկ Ադամը կենդանանա խաչի միջոցով ու փրկվի դժոխքից:
Եվ երկու սաղմոս է ասվում սուրբ ծննդյան մասին, քանզի Քրիստոս երկու ծնունդ ունի. նախ Հորից՝ հավիտյաններից առաջ, և ապա Կույսից՝ ժամանակի մեջ, ինչպես գրված է. «Տերն ասաց Ինձ՝ Իմ Որդին ես Դու» [տե՛ս Սաղմ. 2.7]. սա վերաբերում է Բանն Աստծո ծննդին, որը ժամանակներից առաջ է: Իսկ «Ես այսօր Քեզ ծնեցի» խոսքը ցույց է տալիս երկրորդ՝ անճառելի միավորությամբ ծնունդը Կույսից. այսինքն՝ Բանն Աստված մարմնացավ և երկրի վրա ծնվեց որպես մարդ: Եվ հերձվածող են նրանք, ովքեր այս օրը համարում են [Բանի] սկիզբը, որի մասին ասված է մյուս՝ անժամանակ ծննդին վերաբերող սաղմոսում. «Քեզ ծնեցի նախքան Արուսյակը» [տե՛ս Սաղմ. 109.3]:
Իսկ հետո ընթերցվում է Ծննդյան ավետարանը. «Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդն էր այսպես….» [Մատթ. 1.18]: Այնուհետև մտնում են եկեղեցի, որը խորհրդանշում է երկինքը՝ այն, ինչ փնտրում էր Դավիթը՝ ասելով. «Քուն չեմ տալու աչքերիս, ոչ էլ նինջ՝ թարթիչներիս, մինչև չգտնեմ Հակոբի Տեր Աստծո բնակության վայրը» [տե՛ս Սաղմ. 131.4-5]: Ապա ասվում են «Խոնարհեցո՛» և «Ապրեցո՛» սկսվածքներով սաղմոսները [տե՛ս Սաղմ. 85; 139]:
Հարկ է նշել, որ այս երկու գլխավոր տոները՝ Աստվածահայտնության և Զատիկի, Հակոբ Տյառնեղբայրը հաստատեց նախաստեղծների, այսինքն՝ Ադամի ու Եվայի առնչությամբ. Հայտնության տոնը՝ Եվայի, իսկ Զատիկը՝ Ադամի:
[Իսկ] ինչո՞ւ է այս տոնին սահմանված [ընթերցել] «Խոնարհեցո»-ն և «Ապրեցո»-ն, իսկ Զատիկին՝ ոչ: Պատճառն այն է, որ մենք այստեղ տակավին հիվանդ ենք հոգով և նվաղած ձայնով աղաչում ենք մարդասեր Բժշկին. «Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, Քո ունկը մեր շուրթերին, լսի՛ր մեր ցավերը, բժշկի՛ր մեզ մեղքերի ցավից և փրկի՛ր անօրենից՝ կորստյան որդի սատանայից»: Եվ այս լսեց իմաստուն ու գթած Բժիշկը և խոնարհվեց՝ մեզ բժշկելու: Եվ սկիզբը մեր փրկության ու առողջության՝ Քրիստոսի ծնունդն է, իսկ լրումը՝ Նրա մահն ու հարությունը: Ուրեմն, այն ժամանակ՝ Զատիկին, անկարոտ ենք աղաչանքների որպես կատարյալներ՝ առողջացած հոգով, իսկ այժմ պաղատում ենք՝ բարեխոս ունենալով Նրա անարատ Մորը իրենից ծնված Որդու առջև:

Զ
Այսօր ընթերցում ենք Արարածոց (Ծննդոց) գրքի սկիզբը՝ ցույց տալով, որ նախ՝ այսօրվա նորածին Մանուկը արարիչն է ու ստեղծողը երկնքի ու երկրի և նրանց մեջ եղած ամեն ինչի:
Երկրորդ՝ այնտեղ պատմվում է, թե ինչպես մարդը պատվվեց Արարչի պատկերով, դարձավ բոլոր արարածների իշխանը և դրվեց դրախտում [տե՛ս Ծն. 1.26-28; 2.8] և ինչպես, պատվիրանը խախտելով, արտաքսվեց այնտեղից՝ ժառանգելով անեծք և մահ [տե՛ս Ծն. 3]:
Երրորդ՝ ցույց է տալիս, որ [բոլոր մարդիկ] օրհնվեցին նույն Արարչի կողմից և նորոգվեցին առաջին անեծքից Աստվածածին Կույսի միջոցով, որը Կենաց մայրը դարձավ: Քանզի ստուգապես կյանք է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս (ինչպես որ ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» [Հովհ. 14.6]), Ով բոլորիս կյանքի և փրկության պատճառը եղավ:
[Այսօրվա] ընթերցվածքները 12-ն են, ինչը բազմաթիվ խորհուրդներ ունի:
Նախ՝ որովհետև 12-ն էին Իսրայելի ցեղերը, որոնց փրկությունը քարոզեց մեր Տերը, ինչպես ասում էր. «Այլ տեղ չեմ առաքված, եթե ոչ` Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ» [Մատթ. 15.24]:
Երկրորդ՝ ինչպես որ արեգակը 12 կենդանակերպերով բոլորում է տարին, այդպես էլ արդարության իմանալի Արեգակը 12 առաքյալներով ամբողջացրեց Իր տնօրինագործության տարին:
Երրորդ՝ խորհրդանշում է այն, որ Տերը եկավ՝ կատարելու կանխասացությունը 12 մարգարեների, որոնք խոսեցին Նրա ծննդյան մասին, ինչն էլ դրված է 12 ընթերցվածքների կարգում:
Չորրորդ՝ 12-ն են մեր անդամները, որ ապականվեցին մեղքով, որոնք վերցնելով՝ Տերը կատարելապես աստվածացրեց, ինչի շնորհիվ մենք սրբվեցինք մեր մեղքերի բոլոր անդամներից:
Հինգերորդ՝ 12-ն էին Եղիմի աղբյուրները, որոնց միջոցով անապատում հագեցավ ծարաված ժողովուրդը [տե՛ս Ել. 15.27. Թվ. 33.9], ինչպես որ այստեղ եկեղեցում՝ չարիքից ազատ հոգևոր անապատում ժողովվածներիս համար ախորժելի 12 ընթերցվածքներն են:
Վեցերորդ՝ Հեսուն 12 քարերից զոհասեղան շինեց և այնտեղ ողջակեզներ մատուցեց Աստծուն [տե՛ս Հես. 4]. Սուրբ Գիրքն էլ մեր հոգիների համար բաշխված օրինավոր կերակուր է, ինչպես Տերն է ուսուցանում. «Ոչ միայն հացով է ապրում մարդը, այլ Աստծո ամենայն խոսքով» [տե՛ս Մատթ. 4.4]:
Յոթերորդ՝ 12-ն էին [Երուսաղեմի] տաճարում Սողոմոնի պատրաստած ավազան-ծովը կրող եզները [տե՛ս Գ Թագ. 7.25, 44]. նմանապես 12 ընթերցվածքները աշխարհի ծովում մեր մեղքերի սրբարանն ու լվացարանն են, որոնցով եկեղեցում անընդհատ մաքրվում ենք մեղքերից և մտնում երկնային տաճար:
Ութերորդ՝ 12-ն են տարվա ամիսները. այս 12 ընթերցվածքներն էլ մինչև կյանքի վերջ ամեն օր խրատիչ են մեզ համար:
Իններորդ՝ 12-ն են Սուրբ և Զուգահավասար Երրորդության անվան տառերը՝ Հայր, Որդի, Հոգի. և այս 12 ընթերցվածքները մեզ ճանաչեցնում են Սուրբ Երրորդությունը՝ համագո և զուգափառ մի բնությամբ և մի իշխանությամբ, բոլոր արարածների Արարչին:
Տասներորդ՝ հավատը, հույսը և սերը, որ ունենք Քրիստոսի հանդեպ, գրվում են 12 տառերով. այս 12 ընթերցվածքներն էլ ուսուցանում են քրիստոնեական ուղղափառ հավատը, մեր փրկության հույսը և Քրիստոսի հանդեպ կատարյալ սերը:
Այս է 12 ընթերցվածքների խորհուրդը:
Իսկ վերջում ընթերցվում է Դանիել մարգարեի գրքից այն հատվածը, ուր ասվում է, թե Նաբուքոդոնոսոր արքան կանգնեցրեց 60 կանգուն բարձրությամբ մի կռապատկեր և հուր վառեց [նրան չերկրպագողների համար]: Եվ երգվում է երեք մանուկների երգը, որոնք [չերկրպագեցին արձանին և հուրը նետվեցին, սակայն] փրկվեցին և օրհնում էին Աստծուն [տե՛ս Դան. 3]:
Վերջում այս է ընթերցվում, քանզի նախ՝ Նաբուքոդոնոսորը խորհրդանշում է իմանալի սատանային, և հիշյալ կռապատկերի 60 կանգուն բարձրությունն էլ մարդկային ցեղի կռապաշտության 6000 տարիներն են, իսկ 6 կանգուն լայնությունը նշանակում է, որ մարդու վեցակի շարժումներով [սատանան] զանազան մեղքերի միջոցով կամենում էր եղծել Արարչի վեցօրյա գործը: Իսկ վեմը, որ առանց ձեռքի պոկվելով սուրբ լեռից՝ կործանեց պատկերը և լցրեց տիեզերքը [տե՛ս Դան. 2.34-35], խորհրդանիշն է Քրիստոս-Վեմի, Ով անսերմ հղությամբ ծնվեց սուրբ Մարիամ-լեռից ու հարվածելով կործանեց կռապաշտությունը և տիեզերքը լցրեց ավետարանի քարոզությամբ: Այս պատճառով բեմից՝ բարձր տեղից է ընթերցվում Դանիելի գրքի այս հատվածը:
Երկրորդ՝ երեք մանուկների՝ ցողով կրակից պահպանվելը [տե՛ս Դան. 3.50] խորհրդանշում է Բանն Աստծուն, Ով երկնքից իբրև ցող և անձրև իջավ սուրբ Կույսի արգանդը և հանգցրեց թշնամու չար բոցի զորությունը: Իսկ հրով քաղդեացիների այրվելը [տե՛ս Դան. 3.48] ցույց է տալիս, որ սատանան, որ բորբոքեց մարդկանց ցանկության բոցը, յոթնապատիկ ինքն է այրվում անշեջ հրում, ինչպես ասում է Դավիթը. «Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, յոթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տե՛ր» [Սաղմ. 78.12]. և Տերն էլ հրամայում է. «Հեռացե՛ք Ինձանից դեպի հուրը, որ պատրաստված է սատանայի համար» [տե՛ս Մատթ. 25.41]:
Երրորդ՝ ինչպես որ երեք մանուկները կոչ էին անում բոլոր արարածներին օրհնել Աստծուն, այնպես էլ Եկեղեցու մանուկներս ի վիճակի չենք փոխարենը հատուցել Աստծո մեծագույն շնորհների դիմաց. և մենք, երկնքի ու երկրի, ծովի ու ցամաքի և բոլոր գոյերի հետ միացած, օրհնություն և փառաբանություն ենք վերառաքում Աստծուն, քանզի քաղցր է Նրա ողորմությունը, որ մեր փրկության համար առաքեց Իր Միածին Որդուն:
Օրհնությո՜ւն և փա՜ռք Աստծո մարմնացյալ Բանին, որ մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ [Հովհ. 1.14] և մարդկանց ցեղը փրկեց սատանայի ծառայությունից:
Նաև՝ բարեբանությո՜ւն և փա՜ռք էակից և փառակից Ամենասուրբ Հոգուն, որ մեզ նորոգեց մեղքի հնությունից ու լուսավորեց վերստին ծնունդով՝ որդեգրվելու երկնավոր Հորը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ ժառանգելու երկնքի արքայությունը:
Եվ գոհությո՜ւն ու երկրպագությո՜ւն Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Փոխադրությունը գրաբարից`
Տիգրան Խաչատրյանի
 
sacredtradition.am