8 ապրիլի 2026թ. չորեքշաբթի, ԲԿ
Դ օր Զատկի
Գործք առաքելոց 3.22-4.1222 Մովսէսը մեր հայրերին ասաց. “Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. 23 եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի”: 24 Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին: 25 Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ եւ ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն”: 26 Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից»:
4 1 Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները՝ 2 զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում են եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին են պատմում: 3 Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր: 4 Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի: 5 Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6 Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին: 7 Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»: 8 Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9 օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, որով նա բժշկուեց: 10 Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանով ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ: 11 Սա է այն վէմը՝ ձեզնից՝ շինողներիցդ անարգուած, որ անկիւնաքար եղաւ: 12 Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով հնարաւոր լինի, որ մենք փրկուենք»:
Հակոբոս առաքյալի թուղթը 1.1-121 Յակոբոսը՝ Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն: 2 Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3 իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4 իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք: 5 Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի: 6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: 7 Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8 քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: 9 Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10 իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի, ինչպէս խոտածաղիկը. 11 որովհետեւ արեւը ծագեց խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ: 12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին:
Ավետարան ըստ Ղուկասի 24.36-4036 Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»: 37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում: 38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39 տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ»: 40 Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը:
Ավետարան ըստ Ղուկասի 24.13-3513 Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր հարիւր վաթսուն ասպարէզով: 14 Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին: 15 Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը Յիսուս մօտեցաւ եւ գնում էր նրանց հետ: 16 Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն: 17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»: 18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դու ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»: 19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծոյ եւ ամբողջ ժողովրդի առաջ, 20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան: 21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին: 22 Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել 23 եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան ու ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է: 24 Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան: 25 Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամէնին, որ ասացին մարգարէները: 26 Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»: 27 Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում: 28 Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառաբանեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ: 29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօ՛տ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու: 30 Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով օրհնեց, կտրեց այն ու տուեց նրանց: 31 Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքից անհետացաւ: 32 Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ մի՞թէ չէին ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»: 33 Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան տասնմէկին ու նրանց հետ եղածներին, 34 որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարութիւն առաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»: 35 Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ: