SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇՆՈՐՀ
id380Շնորհը Աստծո պարգևն է, որը Նա տալիս է մարդուն՝ նրան հաղորդ դարձնելով Իր բնությանը, Իր փառքին: Թե՛ որդեգրվելը Աստծուն, թե՛ ազատագրվելը մեղքից, թե՛ առաքինություններով Տիրոջը գոհացնելը, թե՛ զանազան վերբնական կարողություններով ու նշաններով Նրան փառավորելը իրականանում են շնորհով: Ուստի լինում են շնորհի տարբեր արտահայտություններ կամ, ինչպես ասում են, զանազան շնորհներ՝ բժշկության, մարգարեության, լեզուներ խոսելու և թարգմանելու, հոգիներ զանազանելու, վարդապետելու և այլն:
Այլ էր շնորհի ներգործությունը հին ուխտում, և այլ է այժմ՝ քրիստոնյաների մեջ: Քանի որ ադամական մեղքից հետո մարդը զրկվել և օտարացել էր շնորհից, այն երբեմն տրվում էր միայն Աստծո ընտրյալներին Իր կամքը կատարելու համար, սակայն ազդում էր դրսից և ոչ թե՝ բնակվում նրանց մեջ՝ դառնալով ներքին, երանելի կյանք: Այդ իրականացավ միայն հոգեգալստից հետո, երբ Սուրբ Հոգին իջավ և ստեղծեց Քրիստոսի Եկեղեցին, ուր յուրաքանչյուր քրիստոնյա մկրտությամբ որդեգրվում է Սուրբ Երրորդությանը և ներընդունում Նրանից ճառագող շնորհը, որ հավետ միավորվում է մարդու բնությանը, դառնում նրա կյանքն ու սեփականությունը, սրբագործում և հոգեղինացնում, լցնում սիրով և զորացնում Աստծո կամքը կատարելու կարողությամբ՝ առաջնորդելով դեպի փրկություն:
 
sacredtradition.am