ՀԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ
(հատվածներ)
[Սուրբ Գրքի նշանակության մասին]
Սուրբ Գրքի հոգևոր խրատները տալիս են ճշմարիտ վարքի իմացությունը և հորդորում դեպի հոգևոր կյանքը: Քանզի երբ մարդը խորհրդածում է նյութականի մասին, մարմնավոր հիշողություններով աղտեղի շարժումներ է ունենում, որոնք պղտորում են միտքը և մարմնի զգայարանները: Իսկ եթե Սուրբ Հոգու ազդեցությամբ մտորում է հոգևոր սրբությունների մասին, հոգևոր վարքի մասին է խորհում և ջանում առաքինություններ գործել ու վայելել Սուրբ Հոգու անճառելի շնորհը, որը հոգևոր է և իմանալի և ճանաչվում է միայն նրա կողմից, ում վրա ազդում է:
[Սրբության մասին]
Երբեք մի՛ ունեցեք խարդախություն և կեղծավոր խորհուրդներ, անհավատ ու անսուրբ վարք, որոնք պատճառ են կորստյան: Այլ միշտ ձեր հոգիներում կրեցեք լուսավոր սրբությունը անբիծ սիրո երախտիքներով՝ ծաղկելով առաքինասեր վարքով և պսակվելով հավիտենական հույսով՝ հանուն Աստծո փառքի գովաբանության:
Քանզի Սուրբ Հոգու կրակով հասնելով անարատ սրբության՝ Ամենասուրբ Երրորդության օթևան ենք լինում երկրի վրա: Որովհետև բոլոր սխրանքների և առաքինությունների զարդը տեսանելի և անտեսանելի՝ հոգու և մարմնի սրբությունն է: Ամենայն արդարության և արիության թագը և պարծանքների պսակը միշտ սրբությունն է: Եվ երկնավորների ու երկրավորների բոլոր դասերի փառքը, պատիվն ու մեծարանքը սրբությունն է, որը մերձեցնում ու հարազատ է դարձնում Քրիստոս Աստծուն և բոլոր երկնային զորքերին:
[Աղոթքի մասին]
Ամենուր հոգևոր և անխափան կերպով կատարի՛ր աղոթքի ծառայությունդ՝ թե՛ տանը, թե՛ ճանապարհին, թե՛ աշխատելիս, թե՛ ննջելիս և թե՛ արթնանալիս: Եվ մտքիցդ բաց մի՛ թող Աստծո հիշումը՝ անդադար խնդրվածքներով, ջերմեռանդ հոգով և մշտական ջերմ արտասուքով, որպեսզի աղոթքներով արժանանաս ընդունելության, և քեզ պարգևատու լինի Աստված, Ով կամենում է, որ բոլորը փրկվեն և Քրիստոս Հիսուսով արժանանան երկնքի արքայությանը:
[Պահքի մասին]
Ինչպես որ դաստիարակները երեխաներին խրատում են հեռու մնալ վնասակար բաներից, հարատևել օգտակարների մեջ և անժուժկալությամբ չզբաղվել անօգուտ բաներով, այդպես էլ մեզ համար սահմանվեց պահքը՝ անժուժկալության բոլոր վնասների խափանիչը: ....
Ովքեր պահք են պահում սրբությամբ և սահմանված կարգով, նրանք կհանգստանան Քրիստոսի մեջ, որովհետև պահքը բժիշկ է մեզ համար. քանզի, հոգում և մարմնում կրելով անժուժկալության մթերումները՝ մեղքերի բազմատեսակ ճաշակումների վնասը, դիզված ու նեխած այլանդակ խորհուրդները և անմաքուր վարքը, ժուժկալության ու պահքի մեջ մտնելով՝ նորոգվում ենք մեղքի կուտակումներից և լինում սրբության բնակարան: ....
Պահքը ժուժկալներին շնորհում է առողջության անհրաժեշտ դեղը, [քանզի] հոգևոր սիրո ջերմությամբ հալեցնում է աղտեղության մթերումները և փոխարկում առաքինության, անուշահոտ վարքով ցամաքեցնում ու վերացնում է գարշահոտությունը և առողջություն շնորհում մեղքով ապականված հիվանդներին: ....
Պահքը դուրս է վանում մարմնում թաքնված հիվանդությունները. քանզի ինչպես որ մաղձի դեղն է փսխեցնում մաղձը և առողջություն տալիս, այդպես էլ պահքը՝ մեղքերը, որովհետև սնունդը պակասելու դեպքում մարմինը հանդարտվում է ու մաքրվում: .... Այն զորացնում է հոգևոր վարքը և խափանում մարմնական շարժումները, քանզի մեկի զորանալու դեպքում տկարանում է մյուսը: .... Պահքը մարդկանց դրդում է ապաշխարության և ուղղության է բերում: .... Այն հզոր պարիսպ է և ամուր դուռ, որ պահում է վնասակար մտքերից՝ խորամանկ թշնամուց: .... Պահքը խաղաղեցնում է խռովությունները և հանգստացնում բեռնավորվածներին, բոլորին առաջնորդում զգաստության՝ խորհել տալով վերինը, որտեղ Քրիստոս է [տե՛ս Կող. 3.1-2]:
Ինչպես որ ձիու բերանին սանձ դնելով՝ ամբողջ մարմինն է սանձվում ու ենթարկվում հեծյալի կամքին, այնպես էլ մարմնի համար պահքն է հոգևոր պատերազմում: Եվ [անգամ] նա, ում միտքը վառված է արդար և սուրբ խորհուրդներով, իսկ զգայարանները հարդարված են պատվիրանապահությամբ, եթե չունի պահքի ամրություն, հեշտությամբ բռնվում է [հոգևոր] պատերազմի հարձակումների ժամանակ:
[Գթության և ողորմածության մասին]
Գթությունը միաբանության կապն է, սիրո մայրը, հանգստյան առողջությունը, Քրիստոսի ավետիսների սիրո անարատ, սուրբ և անբիծ երախտավորը. քանզի այն առատաձեռն է մերձավորների և հեռավորների հանդեպ, դաստիարակ է մեծամեծների և օգնական՝ տկարների համար, սիրելի է երախտավորներին, որովհետև բարությամբ սիրում է բարեկամներին և կամենում է ատելիների դարձը, որ հասնեն Քրիստոսի սուրբ սիրուն: ....
Գթությունը բարիքների արմատն է: Նրա ոստերը խնդություն են, տերևը՝ զվարթություն, պտուղը՝ անհամեմատելի անուշություն. քանի որ գթությամբ են հեռացվում հանցանքների տրտմությունն ու դառը ձանձրույթը և սուգը, որոնք վհատեցնում են անձը, օտարացնում և հիմարացնում: [Գթությունը] խափանում է ծուլությունը և խթանում առատաձեռնությունը, արմատախիլ է անում ագահությունը և ընդունում սակավապետությունը, հանդիմանում է անպարկեշտությունը, մարում թերահավատությունը և [վառում] հավատի լույսի նշույլները: [Գթությունը] ելք է երկմտությունից և մուտք դեպի կենդանի լույսը: Այն օտարացնում է ատելությունը, խաղաղեցնում վտանգվածներին և սփոփում նեղության ժամանակ:
Գթությունը կռփում է հպարտությունը և ջնջում նենգությունը, խայտառակում է խորամանկությունը և մերժում ոխակալությունն ու նախանձը: Խոշտանգում է անհնազանդներին, քաջալերում համբերողներին, զորացնում է ժուժկալներին ու սրբում գիջությունը: Այն խրախույս է երկայնամիտների և օգնական՝ խոնարհների համար, զգաստության ու անբծության պսակ է և առաքինության հորդորող: Քնածներին ու ծույլերին արթնացնում է և հանգստյան գործերի հասցնում: Լի է ամենայն բարությամբ և խնամածում է սիրո առողջ, սուրբ, անարատ և անբիծ երախտիքներով: Քանզի ով ստացել է հոգևոր այս գութը սուրբ վարքի համար, նա կենդանի երանությամբ պսակվում է Ամենասուրբ Երրորդության սիրո խնամքի կողմից, որն ազատում է գեհենի դառը վշտերից ու վայելել տալիս բարիքները մշտնջենավոր անհամեմատելի կյանքում:
Աղբյուր՝ «Գիրք որ կոչի Յաճախապատում՝ ասացեալ սրբոյ հօրն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչին».
Կ. Պոլիս, 1824, էջ 113, 122, 250-251, 94-101, 136-137
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի