ՀԱՏՎԱԾ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻՑ
Այս է միակ ճշմարիտ պատասխանն ու բացատրությունը ընդդեմ մոլորվածների. աստվածային բնությամբ անճառապես ծնված Բանը Միածին է. Նա մարդ եղավ ու մարմին լինելով հանդերձ՝ մնաց, ինչ որ էր: Այսուհետև մի Որդի է և Տեր՝ Բանն Աստված, Ով բնությամբ միանալով՝ մարդ եղավ, հավասարվեց [մարդկային] արյանն ու մարմնին, ինչով լիովին նմանվեց եղբայրներին:
Բայց թերևս որևէ մեկն ասի, թե բնությամբ միանալ՝ նշանակում է, որ նաև Ինքը Բանը խառնվեց մարմնին, ուստի Նա ևս վշտեր է կրում: Քանի որ Նա ապտակվեց պիղծ ծառաների ձեռքով, տանջվեց Պիղատոսի կողմից և կախվեց խաչափայտից, բևեռվեց ու խոցվեց տեգով և ամեն կերպ հանձն առավ բոլոր վշտերը, ուստի [այդպես ասելով՝] բոլոր այս չարչարանքները ակամա վերագրում են Բանն [Աստծուն]:
Արդ, տես, թե ինչպես է վնասակար մտքի թշնամությունը խռովում ու վախեցնում անմեղների մտքերը և գրեթե խեղդելով բռնադատում՝ համոզելով, թե իբր Աստծո մերձավորությունը մարդկանց հետ՝ ինչ-որ հարակցությամբ է, և անհնար է բնության միավորմամբ մարմնի և արյան հավասարություն ընդունել: Բայց ես, սիրելինե՛ր, կամենալով ձեզ հեռու պահել նման վնասակար ու ապականելի մտքերից, [հորդորում եմ] արիաբար մնալ ճշմարիտ խրատի մեջ: Եվ ասում եմ. մեր հոգին, որ միացած է մարմնի հետ և անճառելի ու անքննելի կերպով ազդում է [նրա] բոլոր անդամների վրա, գտնվում է մարմնի բոլոր մասերում և չի հեռանում՝ ըստ ամենայն անհրաժեշտության կենդանություն տալով մարմնին: Արդ, եթե վնասվի մարմնի բնությունը, կամ զրկվի անդամներից, .... արդյոք հոգի՞ն էլ կխեղվի: Ո՛չ երբեք: Քանզի ամենայնի Արարիչն այնպես ստեղծեց նրան, որ միավորված լինելով մարմնին՝ մնում է ըստ իր բնության՝ առանց վշտանալու և խեղանդամվելու: Արդ, բնությամբ անապական և արարիչ Բանն Աստված, միանալով [մարդկային] մարմնին, արդյոք Իր բնությամբ վշտանո՞ւմ էր խաչի վրա և բոլոր չարչարանքների մեջ: .... Քանի որ Աստված է, մնաց Իր անչարչարելի բնության մեջ. Իր մարմնի մեջ չարչարվելով, խաչվելով ու խաչ հանողների կողմից վշտեր կրելով [հանդերձ]՝ չէր վշտանում ու չէր մեռնում: Եվ [սակայն] [այդ չարչարվող] մարմինը Աստծո մարմնացած Բանինն էր և ոչ թե՝ ուրիշինը: .... Այսպիսով, խաչի մահը ոչ թե լոկ մեզ նման մարդու չարչարանք ենք ասում, այլ՝ նաև Էմմանուելի: Իսկ այն, որ [Նրա] բնությունը վեր է չարչարանքներից, և Նա ամենքի Փրկիչն ու Արարիչն է, մեզ տեղեկացնում է երանելի Պողոսը՝ ասելով. «Նրանով ստեղծվեց ամեն ինչ. թե՛ գահեր, թե՛ տերություններ, թե՛ իշխանություններ՝ ամեն ինչ Նրանով և Նրա համար ստեղծվեց: Նա է գլուխը մարմնի, որ Եկեղեցին է, անդրանիկը մեռելների, որպեսզի ամեն ինչում Ինքը լինի նախապատիվը» [տե՛ս Կող. 1.16-18]:
Աղբյուր՝ «Կնիք հաւատոյ Ընդհանուր Սուրբ Եկեղեցւոյ».
Ս. Էջմիածին, 1914, էջ 364-366
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)