Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻ» ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)
[Երկու արարչագործությունների մասին]
Աստված նախ սկսեց առաջին արարչությամբ, և ապա եղավ երկրորդը: ....
Առաջինը էակների ստեղծումն էր ոչնչից, իսկ երկրորդը՝ անեղ Էակի եղելությունը: Եվ սա ավելի մեծ արարչություն է, քան այս աշխարհի՝ ոչէից ստեղծումը:
Ինչպես որ գոյություն չունեցողը գալու էր լինելության, այնպես էլ էական Գոյը գալու էր մարդեղության: ....
Ինչպես որ գոյություն չունեցողն աներևույթ էր, չէր երևում և լինելությամբ հայտնվեց, այնպես էլ աներևույթ և անտեսանելի Աստվածը մարդեղությամբ եղավ տեսանելի: ....
Աստված անեղապես մարդ եղավ, այսինքն՝ մնաց, ինչ որ էր, և եղավ, ինչ որ չէր, քանզի դարձավ մարդ և մնաց Աստված: ....
Առաջին արարչության մեջ մարդկությունը կործանվեց, իսկ երկրորդ արարչությամբ [եղավ] մարդկանց նորոգությունն ու ազատությունը: ....
Առաջին արարչությունը անեծք եղավ, իսկ երկրորդը՝ օրհնություն: ....
Առաջին արարչության մեջ Սուրբ Հոգին վերցվեց մարդկանցից, ինչպես որ ասում է՝ «Իմ ոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, քանզի նրանք մարմնավոր են» [Ծն. 6.3], իսկ երկրորդում Կույս [Մարիամին] ասվեց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծո Որդի կկոչվի» [Ղուկ. 1.35]: ....
Առաջին արարչության մեջ թագավորեց մահը, իսկ երկրորդում մարդկանց բաշխվեց անմահություն: ....
Երկու արարչությունները տարբերվում են նաև նրանով, որ առաջինը՝ գոյություն չունեցողի, իսկ երկրորդը՝ անեղ Աստծո լինելությունը եղավ, որի մասին ասում է Եսային. «Պիտի օրհնեմ Քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ» [Ես. 25.1]. այսինքն՝ [այն, ինչ] կար Աստծո նախագաղափարի մեջ:
Ուստի և մենք խոստովանում ենք մեր հավատը՝ ըստ [հետևյալ] 14 աստիճանների.
մարմին եղածը անեղական Աստվածությունն է.
Կույսից սկիզբ առածը անսկիզբ Աստվածն է.
նոր մանկացածը Հինավուրցն է.
մարմնով երևացածը անտեսանելի Աստվածությունն է.
պարագրելի մարմինը անպարագրելի Աստվածությունն է.
Կույսի արգանդում արարվածը էությունների Արարիչն է.
մարդկանց նմանվածը Հոր բնության Էակիցն է.
Կույսից ծնված Աստվածը հայրածին Որդին է.
մորից կերպարանք ստացածը անեղ Հոր Կերպարանքն է.
Կույսի գրկում բազմածը Հոր Աթոռակիցն է.
Կույսի կաթով կերակրվածը էակների Կերակրիչն է.
ծառայի կերպարանք ստացածը հրեշտակների Թագավորն է.
Նա, Ով շրջեց մարդկանց հետ, երկնքում Բնակվողն է.
երկրորդ Ադամը առաջին Ադամի Ստեղծողն է:
[Իմաստության մասին]
[Ինչպես որ] սովորաբար հարուստ մարդիկ ծածկում են իրենց ունեցվածքը, .... իսկ աղքատները ձգտում են հարուստ երևալ, [այդպես էլ] .... առաքինին ձգտում է ծածկել իր բարի գործերը, .... իսկ մեղսագործը, իր հանցանքները ծածկելով, իրեն բարեգործ է ցույց տալիս: ....
Իմաստուն [մարդն] ունի ներտրամադրյալ խոսք և կրթվում է իմաստության խոկմամբ: Ուստի ձեռնպահ է մնում արտաբերյալ խոսքով շատախոսելուց, այլ ընտրում է խոսելու տեղը, դեմքն ու ժամանակը և ապա՛ խոսում, ինչպես աղով համեմված խոսքով, և ամեն տեղ չի գցում մարգարիտը խոզերի առջև, այլ լռում է: ....
Մինչդեռ հիմարը, չունենալով ներքին գիտություն, անբանորեն, անհամ ու անօգուտ շաղակրատում է:
Աղբյուր՝ «Գիրք Սահմանաց սրբոյն Դաւթի Անյաղթի փիլիսոփայի՝ Հայոց իմաստասիրի: Եւ յետ ժամանակի արարեալ լուծումն սորին հոգեշահ մեկնութեամբ տեառն Առաքելի եռամեծ վարդապետի՝ աշակերտի սրբոյն Գրիգորի Տաթեւացւոյ».
Մադրաս, 1797, էջ 277-281, 287-288
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)