ՀԱՏՎԱԾՆԵՐ ՃԱՌԵՐԻՑ
[Խոնարհության մասին]
Թեկուզ և առաքինության գագաթին հասնենք, մեզ բոլորից վերջինը պետք է համարենք՝ սովորելով, որ ամբարտավանությունը նույնիսկ երկնքից կարող է գցել անզգույշներին, իսկ խոնարհությունը՝ մեղքերի խորքից դեպի բարձունքները հանել սեփական անձը նվաստացնել իմացողին: Սա մաքսավորին կարգեց փարիսեցուց առաջ, իսկ մյուսը՝ գոռոզություն կամ ամբարտավանություն ասվածը, տապալեց բանսարկուի անմարմին զորքերին: Խոնարհությունը և սեփական մեղքերը ճանաչելը ավազակին դրախտ մտցրեց առաքյալներից առաջ: Եվ ովքեր խոստովանում են իրենց մեղքերը, իրենց մեջ այնքան համարձակություն են ամբարում, որ գիտենալով հանդերձ իրենց բոլոր բարի գործերը՝ նվաստացնում են իրենց, որպես թե չեն արժանանալու [արքայության] պսակին: Քանզի երբ մեղքերը խոնարհություն են հագած լինում, [հոգին] այնպես դյուրին է ընթանում, որ առաջ անցնելով՝ գերազանցում է ամբարտավանությամբ բռնված արդարությանը: Իսկ եթե այն միավորես արդարության հետ, ո՞ւր չի հասնի, ո՞ր երկնքից չի անցնի՝ իր հետ մեծ համարձակությամբ կանգնեցնելով ամենքի Աստծո աթոռի մոտ՝ հրեշտակների մեջ: Մինչդեռ, եթե արդարության հետ ամբարտավանություն է խառնվում, իր սաստիկ ծանրությամբ կարողանում է ցած գցել նրա համարձակությունը, իսկ եթե շաղախվում է նաև մեղքերով, առավել ևս կարող է որքան հնարավոր է ցած գցել՝ գեհենի մեջ: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ անտեսենք արդարությունը, այլ որպեսզի փախչենք ամբարտավանությունից. ոչ թե՝ նրա համար, որ մեղանչենք, այլ որպեսզի չափավորենք մեր եսը: Քանզի մեր իմաստասիրության հիմքը խոնարհությունն է. թեկուզ և իրար վրա դնենք բյուրավոր առաքինություններ՝ ողորմություն, աղոթք կամ պահք, բայց [խոնարհությունը] նրանց հիմքում չլինի, սին և ունայն կլինի այդ ամենը և հեշտությամբ կկործանվի՝ ավազի վրա հիմնված շինության նման: Քանզի մեր բարեպաշտության մեջ չկա մի բան, որ [խոնարհության] կարիքը չունենա կամ առանց նրա կարողանա կայանալ: Եվ պարկեշտություն լինի թե կուսություն, ունեցվածքի հանդեպ արհամարհանք թե որևէ այլ [առաքինություն], բոլորն անմաքուր են ու գարշելի, եթե առանց խոնարհության են: Արդ, ամենուր նրա՛ն մերձեցեք խոսքով, գործով թե խորհուրդներով և նրանո՛վ ամեն ինչ կառուցեք:
Աղբյուր՝ «Ս. Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի Ճառք».
Վենետիկ, 1861, էջ 324-325
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)
[Ղազարոսի հարության մասին]
Հերձվածողներից շատերն ասում են, թե Որդին հավասարակից չէ Հորը, քանի որ Ղազարոսին հարություն տալիս Քրիստոս կարիք ունեցավ աղաչել Հորը. քանզի եթե չաղոթեր, հարություն չէր տա նրան մեռելներից: .... Գայթակղվում ու մոլորվում են նրանք, ովքեր չեն հասկանում, որ դա հանուն խոնարհության էր, այլ ոչ թե՝ տկարության պատճառով ասված աղոթք: Ասա ինձ, ի՞նչն է ավելի մեծ բան՝ աշակերտների ոտքերը լվանա՞լը, թե՞ լվացվելը. բայց Փրկիչը լվաց Իր մատնիչի՝
Հուդայի ոտքերը, որն աշակերտների հետ էր: Արդ, ո՞վ է ավելի մեծ. Հուդա՞ն, որի ոտքերը լվաց Տերը. քա՛վ լիցի: Իսկ ի՞նչն է ավելի խոնարհ [գործ]՝ ոտքերը լվանա՞լը, թե՞ աղոթելը. ակնհայտորեն՝ ոտքերը լվանալը: Եվ Նա, Ով չհրաժարվեց կատարել առավել խոնարհ [գործը], ինչո՞ւ պիտի հրաժարվեր ավելի բարձրն անելուց: Բայց Նա այդ ամենն անում էր Իր մոտ գտնվողների տկարության պատճառով:
Եվ որպեսզի գիտենաս, որ մեռյալին հարություն տալու համար Նա աղոթքի կարիք չուներ, լսիր, թե ինչ է ասում աղոթքի մեջ. «Հա՛յր, գոհություն եմ տալիս Քեզ, որ Ինձ լսեցիր» [Հովհ. 11.41]: .... Մի՞թե մեռյալի համար աղաչեց. մի՞թե հայցեց, որ [Հայրը] հարություն տա Ղազարոսին. մի՞թե ասաց. «Հա՛յր, հրամայի՛ր մահին, որ Ինձ հնազանդվի». մի՞թե ասաց. «Հա՛յր, հրամայի՛ր դժոխքին, որ չգոցի իր դռները, այլ հոժարությամբ վերադարձնի մեռյալին»: «Այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր» [Հովհ. 11.42]: Քանզի կատարվածը ոչ միայն նշան էր, այլև խրատ՝ ներկաների համար: Տեսնո՞ւմ ես, որ աղոթքը մեռյալի համար չէր, այլ՝ մերձակա անհավատների. «Որպեսզի հավատան,- ասում է,- որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր»: Եվ ինչպե՞ս հավատանք, որ Նա առաքեց Քեզ: .... «Ահա,- ասում է,- Իմ տերությամբ կանչում եմ մեռյալին, ահա Իմ իշխանությամբ հրամայում եմ մահին: Կանչում եմ երկնավոր Հորս՝ ասելով «Հայր», և եթե Իմ Հայրը չլիներ, պիտի որ խափաներ մեռյալի հարությունը. եթե Իմ Հայրը չլիներ, կարգելեր մահվանը՝ տալ մեռյալին: Բայց Հորս Հայր եմ կոչում և Ղազարոսին էլ կանչում եմ գերեզմանից: Եթե առաջինը ճշմարիտ չէր, ապա սա էլ չի կատարվի, իսկ եթե ճշմարտապես Հայր [Աստված] Իմ Հայրն է, ապա մեռյալը կլսի հանուն ներկաների վարդապետության»:
Այնուհետև ի՞նչ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի» [Հովհ. 11.43]: Ոչ թե այն ժամանակ մեռյալը հարություն առավ, երբ աղոթեց, այլ՝ երբ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Ո՜վ մահվան բնություն, ո՜վ զորություն, որ բռնությամբ պահել է հոգին: Աղոթք ասվեց, և մեռյալը չէր արձակվում, քանի որ հրաման չէր ստացել: Դահիճ էր և բռնությամբ պահում էր հոգին. եթե հրաման չստանամ,- ասում է,- չեմ արձակի, քանզի աղոթքը ոչ թե ինձ համար եղավ, այլ՝ մերձակա թերահավատների: .... [Բայց երբ] լսեց հրամանը, արձակեց կապվածին:
Աղբյուր՝ «Ս. Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի Ճառք».
Վենետիկ, 1861, էջ 634-635, 637-639
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)