ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Հոգու երեք տեսակներ կան՝ տնկական, զգայական և բանական: Տնկական հոգին առկա է տունկերի՝ բույսերի մեջ և [պայմանավորում է] տեսակի աճն ու պտուղների ծնունդը: Զգայական հոգին կենդանիների մեջ է, բայց ոչ՝ [տնկականից] անջատ, քանզի անհնար է, որ առանց տնկական հոգու այն գոյություն ունենա կենդանիների մեջ, քանի որ նախ պետք է տնկական հոգով աճել և ապա՝ ձևավորվել որպես զգայական [հոգի]: Նույնը տեսնում ենք նաև մարդու մեջ. Նախ տնկական [հոգով] նա զարդարվում է մոր արգանդում, ապա ձևավորվում է որպես զգայական հոգի, իսկ զգայականի լրմանը գոյանում է բանական [հոգին]: Այս պատճառով Մովսեսը արարածների ծագման սկզբում նախ ասում է …. Բույսերի և ապա՝ …. Մարդու լինելության մասին: Արարման այս կարգը ոմանք պատճառաբանում են արարածների կարիքներով. Բույսերը կենդանիների համար եղան, իսկ կենդանիները՝ մարդու: Բայց ես դրա մեջ տեսնում եմ հոգու երեք տեսակների [հետևյալ] կարգը. Առանց տնկականի չի կարող գոյանալ զգայականը, և առանց տնկականի ու զգայականի՝ բանական [հոգին]:
Արդ, թեև Պլատոնը միայն մարդու հոգուն է մարդ ասում, իսկ մարմինը համարում է [հոգու] գործիք և մարդուն օտար [գոյացություն], բայց դա ճիշտ չէ, քանի որ …. Հոգին առանց մարմնի չի կոչվում մարդ, ոչ էլ մարմինը՝ առանց հոգու, այլ մարդն այս երկուսի միավորությունից է գոյացած: Իսկ հոգու և մարմնի՝ միմյանց օտար [բնությունները] (քանզի բանական հոգու էությունն իմանալի է, անմահ և անմարմին, իսկ մարմինը զգալի է ու թանձր) մի էության մեջ շաղկապելու համար սրանց Արարիչը՝ Աստված, կարգեց կենդանական շունչը, որը երկու հատկություն ունի՝ անոսրություն և թանձրություն. Անոսրությամբ այն միացած է հոգուն, իսկ թանձրությամբ՝ մարմնին: Այսպես երկու հակառակ ծայրերով [շունչն] անխզելի և անբաժանելի է պահում երկու հակադիր բնությունները մինչև [մահվան] պահը, որ սահմանված է մեծն միավորողի ու բաժանողի՝ Աստծո կողմից, Ով [հարության օրը] վերստին պիտի դրանք անխզելիորեն միավորի: ….
[Մահվան մասին]
Այժմ տեսնենք, թե ինչ է մահը և քանի տեսակ ունի:
Մահը հոգու բաժանումն է մարմնից: …. Այն լինում է …. Հոգևոր և մարմնավոր: Հոգևոր [մահն] այն է, երբ մարմինը, կենդանի և առողջ լինելով հանդերձ, հոռի կյանք է վարում, երբ բարեկեցիկ մարմինը մեռցնում է հոգին անարգ ու վատթար կենցաղավարությամբ: …. Իսկ մարմնավոր մահը երկակի է. նախ՝ երբ հոգին, բարի կյանք վարելով, առաքինի գործերի միջոցով մեռցնում է մարմինը (ինչպես առաքյալն է ասում. «Թեև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է» [Բ Կոր. 4.16]). Եվ երկրորդ՝ երբ մարդու հոգին բաժանվում է մարմնից: Այս մարմնավոր մահը լինում է չորս կերպ՝ բնական, պատահական, կամավոր և նախախնամական:
Բնական մահն այն է, որ [մարդը] ծերանալով մեռնում է: ….
Պատահական մահն այն է, որը լինում է տարբեր պատահարներից՝ մարդկանց անզգուշության պատճառով: Այն [սահմանված] չէ Աստծո կողմից, ինչպես վկայում է Տերը. «Այդ օրը որոգայթի նման պիտի հասնի բոլորի վրա» [Ղուկ. 21.35]: Այս մահից հնարավոր է խուսափել միայն պահքով և աղոթքով՝ ըստ տիրական հրամանի. «Այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ՝ աղոթքով ու ծոմապահությամբ» [Մատթ. 17.20]: ….
Կամավոր մահը [նույնպես] երկակի է. նախ՝ այն, որը չար է իր համար՝ [ինքնասպանի] մահը, ինչպես Ակիտոփելինը [Բ Թագ. 15.12; 17], Հուդայինը [Մատթ. 27.3-5] և նման շատերինը, և երկրորդ՝ որը բարի է, ինչպես սուրբ վկաների, մարտիրոսների, առաքյալների, մարգարեների և այլ սրբերի դեպքում է, որոնք մարտիրոսական մահով ելան այս աշխարհից և միացան Աստծո անապական սիրուն:
Իսկ նախախնամական մահը …. Լինում է շատ անգամ, երբ Աստված, տեսնելով ծնողներին անառակ ու չար գործերի մեջ, վերցնում է նրանց արդար և առաքինի մանկանը, որպեսզի …. Զգաստանալով՝ նրանք ուղղեն իրենց վարքը: Դարձյալ՝ տեսնելով [ոմանց] երկարատև առաքինի և սուրբ գործերը և գիտենալով, որ առաջիկայում …. Պիտի մեղքի մեջ ընկնեն, Աստված մահվան միջոցով նրանց կտրում է այս [աշխարհից], որպեսզի այդքան ջանքերն ու առաքինի գործերը չկորչեն մեղքի պատճառով: Եվ դարձյալ՝ երբ Աստված պատրաստվում է հարվածել աշխարհին, նախ վերցնում է արդար և առաքինի այրերին, ինչպես օրինակ՝ հնում, երբ պիտի պատուհասեր Իսրայելին, նախ վերցրեց բարեպաշտ թագավոր Հոսիայի [հոգին], որպեսզի նա չկրի կամ չտեսնի նրանց տառապալից նեղությունը: Նախախնամական մահը լինում է նաև բազում այլ պատճառներից, որոնք միայն Աստծուն են հայտնի, իսկ արարածների համար անիմանալի են: ….
[Քրիստոսի մարդեղության խորհուրդը]
Առաքյալն ասում է. «Մարդով եղավ մահը, մարդով էլ՝ հարությունը» [Ա Կոր. 15.21]: Բայց ոմանք տարակուսում են, թե ինչու Քրիստոս մարդկային բնությանը ազատություն շնորհեց Կույսից մարմնանալու միջոցով և ոչ թե՝ լոկ խոսքով, Նա, Ով միայն ասաց. «Թող լինեն երկինքն ու երկիրը», և այդպես եղավ [տե՛ս Ծն. 1.1-11]: ….
Արդ, եթե միայն խոսքը լիներ, ազատություն չէր շնորհվի, քանզի սա է արդարության գործը. Ինչպես որ սատանան օձի մարմինը հագավ՝ իբրև ծածկույթ իր խորամանկության, և օձապատիր խաբեությամբ առաջին մարդուն զրկեց աստվածաստեղծ և լուսապայծառ դրախտից, [այնպես էլ] մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, դրա փոխարեն հագավ մեր օձապատիր մարդկային բնությունը՝ իբրև ծածկույթ Իր անմարմին ու անապական սուրբ Աստվածության, և այսպես խայտառակելով զրկեց, նշավակեց ու մերկացրեց սատանային, որը կարծում էր, թե [մարդկային] բնությունն իրեն է ծառայում, [մինչդեռ] այն բևեռելով խաչափայտին՝ [Տերն] ամոթահար [անելով] կործանեց [սատանային] և իբրև անմեղ ու արդար ցույց տվեց Իր ստեղծածին:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 674-577
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)