ՉՈՐՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)
Գանձեր մի՛ դիզեք երկրում, ուր ցեցը և ուտիճը ապականում են, և գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքում [Մատթ. 6.19-20]:
Ողորմության վերաբերյալ է ասվում, թե՝ ձեր գանձերը մի՛ դիզեք երկրում, այլ բաշխեցեք կարիքավորներին, որպեսզի ձեր գանձերը լինեն երկնքում: Քանզի եթե երկրում եք դիզում, գողը գողանում է, և ուտիճը՝ ապականում: Գող և ուտիճ [ասելով]՝ սատանան և նրա նմաններն են հասկացվում, իսկ գանձ [ասելով]՝ այն պաղատանքները, որ արվում են երկրային կյանքի և մարմնի առողջության համար, ինչը տեսնում ենք շատերի մոտ: Եվ այսպիսի գանձ դիզելն է արգելում՝ պատվիրելով միայն հանդերձյալ [կյանքի] մասին հոգալ:
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք .... [Մատթ. 6.25]
Եվ հավելում է պատճառը, թե հոգս անելով ոչ ոք չի կարող իր հասակը մեկ կանգուն [իսկ] ավելացնել: ....
Բայց հոգսը երկու տեսակ է լինում: Հոգս կա, որ հաճելի չէ Աստծուն. [օրինակ՝] ոչ մի ամուլ չի կարող [միայն] հոգալով ինքնիրեն որդի ծնել, այլ պետք է վաճառի իր ունեցվածքը և տա նրանց, ովքեր խոստանում են իր անզավակությունը որդեծնության վերածել: Եվ դարձյալ՝ ովքեր սերմանում են ու տնկում՝ հոգալով վաղվա կամ մյուս օրվա անձրևի մասին, [Աստված] չի պատվիրում այդպիսի հոգսը ո՛չ առաքյալներին ու կատարյալներին, ո՛չ էլ բոլոր աստվածապաշտներին, ինչպես որ մարգարեն է ասում. «Հոգսդ գցիր Տիրոջ վրա, և Նա կկերակրի քեզ» [Սաղմ. 54.23]:
Իսկ երկրորդը հաջորդ օրվա կերակրի և զգեստի մասին [հոգալն է], ինչը չհրամայեց կատարյալներին, ինչպիսին էին Հովհաննես [Մկրտիչը], Եղիան, առաքյալները, նմանապես և մարգարեները, որոնք չէին վարում ու հնձում և չէին կրթում: Մինչդեռ, եթե ասես աշխարհիկ արդարներից մեծագույնների մասին՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հոբի և ուրիշների, որ նախիրներ ու հոտեր ունեին, որոնց [շնորհիվ] սնվում էին ու հագնվում, այնպես եմ կարծում, որ [այս] ոչ փոքրագույններին [անգամ] անհնար է այս ամենի մասին չհոգալ, այլապես ավելորդ կլիներ սերմերի և տունկերի, հոտերի ու նախիրների ողջ ունեցվածքը: Նաև՝ եթե պետք չլիներ այսպիսի հոգսը, [օրինակ՝ երբ] անհրաժեշտ է անձամբ հոգալ վաղվա զգեստի մասին, երանելի Պողոսը [չէր գրի] իր աշակերտին, թե՝ «Երբ գաս, բեր փիլոնը, որ թողեցի Տրովադայում՝ Կարպոսի մոտ» [Բ Տիմ. 4.13]: Այստեղից պարզ է, որ այն հոգսը, որը մարդը կարող է անձամբ հոգալ, [ինչպես] չափավոր կերակուրն ու ըմպելիքը, [Տերը] չհրամայեց վերացնել. այլ [չպետք է հոգալ նրա մասին], ինչը չի կարող մարդը կատարել, այլ միայն՝ Աստված, ինչպես որդեծնությունն ու անձրևները ([ի տարբերություն] հագուստի և սննդի, որոնք Աստված չհրամայեց հոգալ), քանզի նրանց մի մասն անհնար է մարդուն կատարել, մի մասն էլ ավելորդ է, թեկուզ և կատարվի ջանքերի ու տառապանքի [գնով]:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 243, 244-245
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)