ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Այդ օրը Իսրայելը ստացավ օրենքը աստվածագիր տախտակներով. և նույն օրն էլ Սուրբ Հոգին գրեց նոր օրենքը առաքյալների սրտերում, ինչպես ասված էր մարգարեի միջոցով. «Այսուհետև Իմ օրենքը կդնեմ նրանց ներսում և կգրեմ նրանց սրտերում՝ քարեղեն տախտակների փոխարեն» [հմմտ. Երեմ. 31.33, Բ Կոր. 3.3]: Քանզի առաքյալների սրտերը Աստծով սրբագործվեցին ու նորոգվեցին, և սա՝ երեք պատճառով:
Նախ՝ որպեսզի ցույց տրվի, որ նույն Աստվածն է, Ով տվեց հին և նոր պատվիրանները: Ուստի ինչպես որ այնտեղ Սինա լեռան վրա Նա հայտնվեց հրով, որոտմամբ ու փայլատակումներով, այնպես էլ այստեղ, Սիոն լեռան վրա՝ վերնատանը, Սուրբ Հոգին հայտնվեց որոտով, փայլատակմամբ ու հողմով և լցրեց ողջ տունը, ուր նստած էին առաքյալները, և հրեղեն լեզուների բաժանված՝ նստեց նրանց վրա [տե՛ս Գործ. 2.2-3]:
Երկրորդ՝ ինչպես որ այնտեղ ծածկապես Իրեն հայտնեց մարգարեներին, այնպես էլ այստեղ առաքյալներին բացահայտեց Երրորդությունը:
Երրորդ՝ քանի որ մարդիկ չէին կարող արդարանալ հին օրենքով, քանզի նրանց սրտերը հիվանդ էին, Նա մեր սրտերին տվեց նոր օրենքը, որը կարող է արդարացնել ժողովուրդներին ու հեթանոսներին՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն: ....
Ինչո՞ւ Սուրբ Հոգին առաքյալների վրա իջավ երրորդ ժամին:
Նախ՝ որովհետև Ադամից ու Եվայից այդ ժամին վերցվեց Հոգու շնորհը՝ կենդանության շունչը, որ Աստված փչել էր Ադամի երեսին [տե՛ս Ծն. 2.7]. քանզի նա, պատվիրանը խախտելով, զրկվեց շնորհից, ինչպես ասում են վարդապետները. «Երրորդ ժամին օձը հյուծեց ու խաբեց նախամայր Եվայի միտքը»: Ուստի նույն ժամին էլ առաքյալներին պիտի տրվեր նույն Հոգին, որ վերցվեց նախաստեղծից:
Երկրորդ՝ Քրիստոսին խաչեցին երրորդ ժամին [տե՛ս Մարկ. 15.25]: Եվ քանի որ Սուրբ Հոգին խաչի պարգևն է (ինչպես ս. Հովհաննես ավետարանիչն է ասում՝ խաչն իբրև Հիսուսի փառք համարելով. «Տակավին չկար Հոգին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր» [Հովհ. 7.39]), երբ որ կանգնեցվեց խաչը, և Քրիստոս փառավորվեց, այդ ժամին էլ պիտի տրվեր խաչի պարգևը՝ Սուրբ Հոգին: Այս խորհրդով ենք խաչակնքում մեր դեմքը՝ հիշելով Սուրբ Հոգուն, քանզի Նա խաչով պարգևվեց և այժմ էլ խաչով է իջնում մեզ վրա:
Երրորդ՝ առաքյալների վրա Սուրբ Հոգու իջնելը երրորդ ժամին՝ խորհրդանշում է այն, որ Սուրբ Հոգին մեզ տրվում է երեք պահերի: Նախ՝ երբ ի սրտե զղջում ենք մեղքերի համար, Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա: Երկրորդ՝ երբ խոստովանում ենք մեր մեղքերը, Նա իջնում և քավում է դրանք: Եվ երրորդ՝ երբ ապաշխարության գործեր ենք կատարում, Սուրբ Հոգին զորացնում է մեզ ու մեր գործերը հաճելի դարձնում Հայր Աստծուն՝ աղոթքի ընթացքում մեզ համար բարեխոս լինելով անմռունչ հեծությամբ [տե՛ս Հռոմ. 8.26]: Այսպես և բոլոր մյուս գործերում Սուրբ Հոգին զորացնում է և օգնում, քանզի Աստված է, որ հաջողում է մեր մեջ ամեն ինչ՝ կամենալն ու կատարելը, ըստ Իր հաճության [տե՛ս Փլպ. 2.13]: ….
Չորրորդ՝ այս ժամը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Ինչպես որ արարչագործության սկզբում արեգակի ստեղծվելուց 3 օր առաջ լույսի գոյանալը [տե՛ս. Ծն. 1.3, 14-19] խորհրդանշում էր պարզ և իմանալի Սուրբ Երրորդությունը, այնպես էլ Սուրբ Հոգու իջնելը երրորդ ժամին խորհրդանշում է Սուրբ Երրորդության 3 անձերը՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն: .... Սկզբում Հայրը բացահայտվեց մարգարեներին, որոնք ճանաչեցին Նրան, իսկ Որդուն՝ նվազաբար. և երբ Որդին մարմնացավ, Նրան ճանաչեցին հայտնապես, իսկ Սուրբ Հոգուն՝ նվազաբար. իսկ երբ Քրիստոս համբարձվեց, և Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, այնժամ հայտնապես ճանաչվեցին Սուրբ Երրորդության անձերը: Ուստի Տերը հրամայեց. «Գնացեք մկրտեցեք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» [տե՛ս Մատթ. 28.19]: Եվ մենք, երբ փառք ենք տալիս Աստծուն, ասում ենք. «Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն»:
Ահա այս է խորհրդանշում երրորդ ժամը, երբ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա:
Աղբյուր՝ «Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, արարեալ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն».
Կ. Պոլիս, 1140, էջ 670-674
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)