ՄԵՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատված)
Ի՞նչ է խորհրդանշում մեռոնի անուշահոտությունը:
Բազմաթիվ անուշահոտ ծաղիկներից հավաքված մեռոնը [խորհրդանշում է] Հիսուս Քրիստոսին («Թափված յուղ է Քո անունը» [Երգ 1.2]), [որ] ժողովված է բազում մասերից՝ հոգուց, մարմնից և այլն, և զարդարված է անմեղությամբ: Եվ Նա է Հեսսեի արմատից բխած ծաղիկը [տե՛ս Ես. 11.1]: Իսկ մեռոնից բուրող անուշ հոտը [խորհրդանշում է Քրիստոսի] մարմնի միջոցով կատարված աստվածագործությունը և դեպի մեզ տարածված [Նրա] սրբության առաքինությունը:
Այն [խորհրդանշում է] նաև անուշահոտ Սուրբ Հոգին, որ բխում է Հորից և [առաքվում] Որդու [միջոցով], քանզի Նրանով է պարգևվում բոլոր արարածներին: Եվ [ինչպես որ] պահանջվում է, որ հոտոտողը առողջ լինի, իսկ հոտը՝ անուշ, որպեսզի անուշահոտություն լինի, այնպես էլ պետք է, որ մեր իմանալի հոտոտող միտքը առողջ և սուրբ լինի արտաքին ու ներքին ախտերից, որպեսզի ընկալի [Սուրբ] Հոգու անուշահոտ բուրումը:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 709
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)