SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄՈՎԿԻՄՈՍ ՔԱՀԱՆԱ (+303)
id585Երանելի Մովկիմոսը ծնվել է բարեպաշտ հռոմեացի ազնվականի ընտանիքում և մանուկ հասակից կրթվել հոգևոր գիտությամբ: Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305) նա դառնում է Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի Եկեղեցու ավագերեց քահանան: Մովկիմոսը խիստ նախանձախնդիր էր իր հոտի հավատի անբծության համար և մշտապես հորդորում էր զգոն լինել ու զգուշանալ հեթանոսական խաբեություններից ու հրապույրներից:
Մի անգամ, երբ հեթանոսները տոնում էին Դիոնիսիոս աստծո տոնը, որն ավանդաբար ուղեկցվում էր հարբեցողությամբ ու անառակ խրախճանքներով, նա սկսում է ոչ միայն քրիստոնյաներին խրատել, որ խուսափեն կատարվող պղծություններին ականատես լինելուց, այլև հանդիմանել հեթանոսներին՝ բացահայտելով կռապաշտության անհեթեթությունը և նման խրախճանքներում մարդկային արժանապատվության ոտնահարումը: Մովկիմոսի հանդիմանությունն ու Քրիստոսի փրկագործության քարոզը մեծ արձագանք են գտնում հեթանոսների մեջ, և շատերը դարձի են գալիս, ինչն այն ժամանակ չէր կարող անպատիժ մնալ: Շուտով նա ձերբակալվում է և հանձնվում կուսակալ Լավոդիկիոսի դատին, որի ընթացքում համարձակ պատասխաններով ամբաստանյալից վերածվում է ամբաստանողի՝ դատապարտելով հեթանոսության մոլորությունը և կուռքերի դիվային բնությունը:
Այդժամ Լավոդիկիոսը հրամայում է կախել սրբին և մինչև ոսկորները քերել նրա մարմինը: Իսկ Մովկիմոսն անդադար աղոթում է և խոշտանգումների մեջ առավել զորանում, իսկ մարմնի ամբողջությունն արագորեն վերականգնվում է: Կուսակալը, կատարվածը վերագրելով կախարդության, որոշում է սարսափեցնել նրան՝ սպառնալով նետել բոցավառ հնոցը: Սուրբ նահատակն իմաստնաբար համաձայնում է գնալ Դիոնիսիոսի մեհյանը և այնտեղ ոչ թե երկրպագում ու զոհ է մատուցում, ինչպես որ սպասում էր կուսակալը, այլ աղոթքով և խաչի նշանով խորտակում ու փշրում է Դիոնիսիոսի արձանը: Զայրացած կուսակալն անմիջապես նրան նետել է տալիս հնոցը, որտեղ, սակայն, սուրբն ամենևին չի վնասվում և զվարթ հոգով փառաբանում է Քրիստոսին: Նրա աղոթքով կրակի բոցերը տարածվում են հնոցից դուրս և այրում կուսակալին ու ևս ինը հոգու, որոնցից մի քանիսը Դիոնիսիոսի տաճարի քրմեր էին:
Ոմն Թալասիոս իշխանի հրամանով Մովկիմոսին բանտ են նետում, որտեղ երանելի նահատակը, համբերելով նեղություններին, շարունակ փառաբանում է Աստծուն: 26 օր հետո նրան բերում են նոր կուսակալ Մաքսիմիանոսի մոտ, որի սպառնալիքներին Մովկիմոսը պատասխանում է նախկին անվեհերությամբ՝ հիշեցնելով Քրիստոսի զորությամբ իր հետ կատարված հրաշքները: Սակայն Մաքսիմիանոսն իր նախորդի պես անմիտ համառությամբ հրամայում է դնել սրբին անվահոլով մեքենայի մեջ: Մեքենան ջլատում է Մովկիմոսի մարմինը, նրա արյունը ցայտում է անիվների վրա, բայց նա շարունակում է աղոթել ու փառաբանել Աստծուն: Հանկարծ մեքենայի անիվները կոտրվում են, և Քրիստոսի քաջարի մարտիկը կանգնում է ողջանդամ ՝ մեծագույն ապշանք ու սոսկում պատճառելով ներկա հեթանոսներին: Սակայն անդրդվելի իշխանը չի կամենում խոստովանել իր պարտությունը: Եռօրյա բանտարգելությունից հետո հրամայում է սուրբ մարտիրոսին տանել քաղաքի ամֆիթատրոն ու գցել վայրենի գազանների առաջ: Բայց գազանները չեն համարձակվում վնասել սրբին և խոնարհվելով լիզում են նրա ոտնաթաթերը: Թատրոնի ժողովուրդը սքանչացած պահանջում է ազատել երանելուն: Մաքսիմիանոսը, ընկրկելով ժողովրդի պահանջի առաջ, սրբին ուղարկում է Թրակիա՝ եպարքոս Փիլիպպոսի հսկողության ներքո: Վերջինս Մովկիմոսին 8 օր բանտում պահելուց հետո ուղարկում է Բյուզանդիոն, որի դատարանը վճռում է գլխատել նրան: Սուրբն իր վախճանն ընդունում է ջերմ աղոթքով ու փառաբանությամբ 303 թ. մայիսին:
Տարիներ անց, երբ քրիստոնեությունը հաղթանակում է, և Բյուզանդիոնը վերանվանվում է Կոստանդնուպոլիս, ս. Մովկիմոսի նահատակության վայրում նրա անունով մեծ եկեղեցի է կառուցվում, որը դառնում է քաղաքի ամենանշանավոր սրբավայրերից մեկը:


 
sacredtradition.am