ՀԱՏՎԱԾՆԵՐ «ԶԳՈՆ» ԳՐՔԻՑ
Պահքի մասին
Աստծո առաջ ընտրյալ է սուրբ պահքը և, իբրև գանձ, պահվում է երկնքում. այն զենք է ընդդեմ չարի և վահան է թշնամու հրեղեն նետերի դեմ: Եվ սա ոչ թե իմ մտքով ասացի, այլ Սուրբ Գիրքը կանխավ մեզ ցույց տվեց, որ տևական պահքը օգնական եղավ նրանց, ովքեր այն պահեցին սրբությամբ:
Սիրելի՛ս, այսուհետև պահքը ոչ միայն հացի ու ջրի հանդեպ է, այլ պահվել է պետք բազում բաներից: Մեկը պահք է պահում հացից ու ջրից՝ մինչև քաղցելն ու ծարավելը, մեկ ուրիշն էլ պահում է կատարյալ կուսություն՝ [նման նրան, ով] քաղցում է, սակայն չի ուտում, ծարավում է, բայց չի խմում. և այս պահքը առավել է բոլորից: Մեկը պահք է պահում մսից ու գինուց և տարատեսակ կերակուրներից, իսկ մյուսը փակ է պահում իր բերանի դուռը, որ վնասակար ու անկատար խոսքեր չասի: Մեկն իրեն պահում է բարկությունից և ճնշում իր սրտի խորհուրդները, որ չհաղթեն իրեն, մյուսը պահվում է ունեցվածք ձեռք բերելուց, որպեսզի վաստակելու ժամանակ ունենա իր հոգո՛ւ համար: Մեկը հրաժարվում է փափուկ անկողիններից, որ արթուն լինի աղոթելու համար, մեկ ուրիշը՝ այս աշխարհի իրերից, որպեսզի չընկնի թշնամու [հարվածներից]: Մեկը պահում է՝ սգի մեջ լինելով, որպեսզի հաճո լինի իր Տիրոջը ճգնության նեղությամբ, իսկ մեկ ուրիշը ժողովում է այս ամբողջը և վերածում մեկ պահքի: ....
Չարից մշտապես պահվելը առավել սիրելի է [Աստծուն], քան պահքը հացից ու ջրից, և ավելի սիրելի է սեփական անձը խոնարհեցնելը .... և սրտի անիրավ խորհուրդները վերացնելն ու անօրինության մուրհակը պատռելը: Այդժամ նրա համար լույսը կծագի արեգակի պես, արդարության իրավունքները կընթանան նրա առջևից, և նա կլինի դրախտի նման՝ լի հյութալի պտուղներով, և աղբյուրի ավազանի պես, որի ջուրը չի պակասում:
Աղոթքի մասին
Սրտի մաքրությունն ավելի մեծ աղոթք է, քան բոլոր բարձրաձայն աղոթքները, և հստակված մտքին խառնված լռությունը առավել է որևէ մեկի բարձրագոչ աղաղակից: ....
Մեր [ամենատես] Փրկիչն ուսուցանեց ծածուկ աղոթել՝ ասելով. «Մտի՛ր քո սենյակը և դռները փակելով՝ ծածո՛ւկ աղոթիր քո Հորը» [տե՛ս Մատթ. 6.6]: .... Այս խոսքը նշանակում է. ծածո՛ւկ աղոթիր քո սրտում և փակիր սրտի՛դ դռները: Եվ ի՞նչ է դուռը, եթե ոչ՝ քո բերանը, քանզի [մարմինը] Տիրոջ տաճարն է, ուր բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում. «Դուք Աստծո տաճար եք» [տե՛ս Ա Կոր. 3.15]: Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որը քո բերանն է, թող մտնի այս տաճարը և դուռը փակելով՝ այն սրբի բոլոր պղծություններից: .... Ամեն անգամ, երբ աղոթքի ես կանգնում, սիրտդ ուղղիր վեր, իսկ աչքերդ՝ վար, մտիր ներսդ՝ քո ներքին մարդու մեջ, և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, որ երկնքում է: ....
Աղոթքը վայելուչ է, եթե գործերը բարի են. այն ընդունելի է, եթե նրա մեջ խաղաղություն է լինում. լսելի է, եթե նրանով թողություն ես գտնում. սիրված է, եթե սրբված է նենգությունից. զորավոր է, եթե նրանում կատարվում են Աստծո զորությունները:
[Աղոթքի ժամանակ] խնդրվածքն այն է, երբ մեղքերի համար գթություն ու ողորմություն են խնդրում, գոհությունը՝ երբ խնդությամբ գոհանում են երկնավոր Հորից, իսկ օրհնությունը՝ երբ օրհնում են Նրան Իր բոլոր գործերի համար: Նեղության ու վտանգի ժամանակ խնդրվածքների՛ աղոթքը մատուցիր. երբ լցվում ես Նրա բարիքներով, խոստովանությամբ գոհացիր քեզ Տվողից. իսկ երբ միտքդ լի է ուրախությամբ ու ցնծությամբ, օրհնություն և փառք տուր: Եվ քո բոլոր աղոթքները թող [այսպես] ընտրողաբար լինեն Աստծո առջև:
Խոնարհության մասին
Բարի է խոնարհությունը ամեն ժամ և բոլոր նեղություններից փրկում է նրանց, ովքեր մերձենում են նրան: Խիստ շատ են նրա պտուղները, և նա բազում բարիքներ է ճանաչեցնում: Նրանից է ծնվում միամտությունը, նրանով Նոյը հաճո եղավ Աստծուն և [խոնարհությամբ] փրկվեց: .... Նաև Մովսեսի մասին գրված է, թե՝ «Նա երկրում եղած բոլոր մարդկանցից ավելի խոնարհ է» [տե՛ս Թվ. 12.3]: ....
Խոնարհությունը բարե[գործությունների] և աստվածպաշտության վկայությունն է, և բազում են խոնարհությունը սիրողի ստացած պարգևները: Ողորմությունը խոնարհների մեջ է լինում, և խոնարհությունը բնակվում է սրբությամբ: [Ճշմարիտ] ուսումը խոնարհների մեջ է [լինում], և նրանց շուրթերից գիտելիքներ են բխում: Խոնարհությունն իմաստություն և հանճար է ծնում, և խոնարհը ցնծություն է ստանում: Զգաստությունը խոնարհներին է տրվում, եթե խնդրում են, և միանձնությունը նրանց է վայելում: Ցանկալի է խոնարհը և քաղցրախոս, նրա աչքերը զվարթ են, ուրախ ու խնդալից: Խոնարհները սեր են վայելում, քանզի գիտեն նրանով շրջել: Խոնարհները պահպանվում են ամենայն չարիքից, և նրանց աչքերը ցնծում են իրենց սրտի բարությունից: Խոնարհը խոսում է վայելչաբար, իսկ ծիծաղելիս [միայն] նրա շուրթերն են անձայն շարժվում: Խոնարհը երկնչում է հակառակությունից, քանզի այն ծնունդն է նախանձի: Երբ նա տրտունջի խոսքեր է լսում, փակում է ականջները, որ դրանք չմտնեն իր սիրտը: .... Խոնարհը բոլորից ցածր է, իսկ նրա սիրտը բարձունքներում է, և ուր նրա [սրտի] գանձերն են, այնտեղ էլ նրա խորհուրդներն են [հածում]: Նրա տեսանելի աչքերը նայում են վար, իսկ մտքի աչքերը՝ վերին բարձունքներին: ....
Խոնարհներն իրենց զատում են նախանձից, հանդգնությունից ու հակառակությունից, և նրանց աչքին զազրելի է վես հպարտությունը: Նրանք անհաղորդ են խստությանը, իրենցից վանում են զայրույթը և օտար են չարախոսությանը: Նրանցից մերժված ու դեն է նետված թշնամությունը, քանզի շինության մանուկներ են: Նրանք վանում են տխրությունը և զգաստանում հանուն իրենց բարի անվան: ....
Ով իր անձը բարձրացնում է, նրան ատում է Տերը, ինչպես որ եթե աղքատը գլխին թագ դնի, կսպանվի թագավորի կողմից: Փառքը, բարձրությունն ու թագը մեր Թագավորինն են և Փառավորինը և միայն Նրան են վայելում: Եվ ատելի ու զազրելի է ամենայն հողեղեն, ով իր չափը չի ճանաչում: Ուստի, սիրելի՛ս, այն, ինչ Նա ատում է մեր մեջ և սիրում Իր մեջ, թող չլինի մեր մեջ, այլ Նրանը թող մնա Նրա մոտ, իսկ մենք մնանք մեր բնության մեջ: Մեզ վայել է խոնարհությունը, իսկ Նրան՝ փառքը բարձունքներում:
Աղբյուր՝ «Գիրք որ կոչի Զգօն՝ արարեալ սրբոյն Յակոբայ երիցս երանեալ հայրապետին Մծբին քաղաքի».
Կ. Պոլիս, 1824, էջ 44-45, 51-52, 62, 70-71, 73, 78, 176-178, 181-182
Փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի