ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Ի՞նչ է աստվածային մեգը. Դիոնեսիոս քահանան՝ քահանայակից Տիմոթեոսին
Գերագո Երրորդությո՛ւն, գերագո՛ւյնդ Աստված և գերագո՛ւյնդ Բարություն, քրիստոնյաների համար աստվածային իմաստության վերատեսո՛ւչ, տա՛ր մեզ դեպի խորհրդական Ասացվածների (Սուրբ Գրքի) գերանծանոթ, գերաճաճանչ և ծայրագույն գագաթը, ուր աստվածաբանության պարզ, ազատ և անփոփոխելի խորհուրդները գերագույն լույսի պատճառով ծածկված են թաքնախորհուրդ լռության Մեգով՝ խավարի մեջ ցոլալով գերապայծառությամբ, ամենամեծ ամենաշոշափելիությամբ և աներևույթ գերագույն գեղեցկությունների պայծառությամբ՝ լիազեղուն դարձնելով անտես իմացությունները: Արդ, այս բաները թո՛ղ ըղձալի լինեն ինձ: Իսկ դու, ո՛վ ազնիվդ Տիմոթեոս, որպեսզի հարատև կրթությամբ [հաղորդվես] խորհրդական տեսություններին, մի կո՛ղմ թող զգայություններդ, իմացական գործողությունները և ամենայն զգալի ու իմացական բաները, բոլոր ոչէերը և էերը և, անգիտորեն ձգտելով, որչափ հասանելի է, միավորվի՛ր Նրա հետ, Ով վեր է ամեն էությունից և գիտությունից: ....
Այսպես է ասում աստվածային Բարդուղիմեոսը. աստվածաբանությունը լինում է շատ և սակավ, Ավետարանը՝ ընդարձակ և մեծ, նաև՝ համառոտ: Ինձ այնպես է թվում, որ [նա] գերբնականորեն խորհում էր և այն մասին, թե բոլորի Պատճառը և՛ բազմախոս է, և՛ սակավախոս, դրա հետ նաև՝ անխոս, քանի որ [Նա] ո՛չ բանականություն, ո՛չ էլ իմացություն ունի Իր՝ բոլորից գերազանց լինելու պատճառով. և հայտնապես ու ճշմարտապես միայն նրանց է երևում, ովքեր անցնում են ամենայն անմաքուր ու մաքուր [բաների] միջով, հաղթահարում վերելքը սուրբ գագաթներով, թողնում ամենայն աստվածային լույսը և երկնային բարբառներն ու հնչյունները և մտնում Մեգի մեջ, ուր [Նա] է արդարև [տե՛ս Բ Թագ. 22.12], ինչպես ասված է, որ անդին է ամենայնից: Քանզի աստվածային Մովսեսը հենց այնպես հրաման չստացավ՝ նախ մաքրել իրեն և ապա ոչ այդպիսիներից զատվել, և ամբողջապես մաքրվելուց հետո լսում է բազմաձայն փողերը, տեսնում առատ, մաքուր, փայլատակող լույսը և բազմահորդ ճառագայթները. և ապա շատերից անջատվում է բարձրագույն քահանաների հետ և հասնում աստվածային վերելքի գագաթը: Եվ այսքանից հետո չի հպվում Նրան՝ Աստծուն, և տեսնում է ոչ թե Նրան, քանզի անտես է, այլ՝ այն տեղը, ուր Նա էր [տե՛ս Ել. 33.20-23]: Եվ այս, կարծում եմ, նշանակում է, որ պայմանականորեն երևացող և իմանալի աստվածություններն ու բարձրությունները ինչ-որ բաներ են, որ ընկած են Ամենագերագույնից ներքև: Դրանով ցույց է տրվում Մովսեսի մերձ լինելը Նրան, Ով վեր է ամենայն պատկերացումից, Ով ընթանում է սուրբ տեղերում՝ իմանալի բարձունքների վրայով: Եվ այնժամ ծածկվում էր նաև նրանցից՝ թե՛ տեսանելի բաներից, թե՛ տեսնողներից, մնում արդարև խորհրդական անգիտության Մեգը, որով Նա գոցում է ամենայն իմացական ընկալումներ և բոլորի համար դառնում ամենայնիվ անշոշափելի և աներևույթ. Նա, Ով բոլորից անդին է, լինելով վեհագույն, միավորված չէ ո՛չ որևէ մեկի, ո՛չ Իր, ո՛չ այլ մեկի հետ և ամբողջապես անգետ է ամենայն գիտության Իր ոչ գործունեությամբ՝ գերագույն կերպով անգիտանալով ոչինչ իմանալը: ....
Ինչ է հաստատող և ինչ` բացասող աստվածաբանությունը
.... Կարծում եմ, որ դու էլ գիտես, թե ինչու առավել բազմախոս են [իմ] վերջին, քան առաջին [երկերը]: Քանի որ «Աստվածաբանական պատկերների» և «Աստվածային անունների» բացահայտման համար պետք էր ավելի սակավախոս լինել, քան «Նշանակական աստվածաբանության», քանզի որքան վեր ենք հայում, այնքան խոսքերս պակասում են մտքով տեսնելով, ինչպես և այժմ մտքից էլ վեր Մեգի մեջ մտնելը ոչ թե սակավախոսություն, այլ բացարձակ անխոսություն և անիմացություն է: Իսկ վերևից դեպի հետին ծայրերն իջնելիս, իջման չափի համեմատ, խոսքիս քանակությունն ընդարձակվում է: Բայց այժմ հետին ծայրերից դեպի ամենավերը ելնելիս, ըստ վերելքի ճանապարհի չափի, [խոսքս] սավառնում է և ամենավերը հասնելուց հետո լրիվ դառնում անշշնջելի՝ ամբողջապես միավորվելով անբարբառության հետ: Բայց կհարցնես, թե ինչու Աստվածայինի բացասումը սկսում ենք ամենահետիններից: Որովհետև ամենից Գերագույնի դրույթը հաստատելու համար ենթադրական հաստատումն արվում է՝ ելնելով նման և մերձավոր բաներից, իսկ Նրա բացասումը, որ գերագույն է ամենայն բացասումից, պետք է [սկսել] Նրանից առավել հեռավոր [բաների] բացասումից: Եվ մի՞թե [Նա] առավել կյանք և բարերարություն չէ, քան օդը և քարը, և մի՞թե առավել [հասկանալի] չեն շվայտությունը և քինախնդրությունը, քան այն, ինչը ո՛չ կարելի է ասել, ո՛չ իմանալ:
“The armenian version of the works attributed to Dionysius the Areopagite”,
edited by Robert W. Thomson, Lovanii in Aedibus E. Peeters, 1987, էջ 224-226, 228-229
Փոխադրությունը գրաբարից՝ Վիգեն Ղազարյանի