ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ՀՈԳԵՇԱՀ ԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ
(հատվածներ)
[Սուրբ Գրքի նշանակության մասին]
Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ: Սերը աղոթքների և արտասուքների, պահքի ու ողորմության, խոնարհության և սիրո հանդեպ՝ Գրքից է ծագում մարդկանց մտքում: Արիության և համբերության, հույսի ու երկյուղի և բոլոր բարեգործությունների պատճառը մեզանում Սուրբ Գիրքն է լինում՝ մաքուր մտքով կարդալիս: Նաև օրենքների ու կանոնների և բոլոր բարեկարգությունների պատճառն ու հաստատությունը աշխարհում Գիրքն է: ....
[Մեղքի և ապաշխարության մասին]
Չար է մեղքի երևույթը և ավելի չար է գործողի համար, և այնքան առավել, որ նույնիսկ վերացնում է Աստծո երկյուղը մեղանչողի սրտից և չի թողնում նայել Արարչի շնորհին, այլ զբաղեցնում է միայն երկրավոր բաներով ու թմրեցնում խավարի խորքերում. մեկին՝ աշխարհիկ ցնորքների, մյուսին՝ արծաթասիրության, ուրիշին՝ փառամոլության, մեկ այլին՝ նախանձի և ատելության միջոցով: Եվ մեր կյանքի թշնամին մղում է մեզ չարիք գործել սիրով ու հոժարությամբ՝ իբրև թե իրավացիորեն. որպեսզի չիմանալով սնոտի սիրո հետևանքը՝ ոչ ոք չզղջա և ապաշխարությամբ չփրկվի, այլ զբաղվելով չարի պատրանքներով՝ խոր գիշերվա մեջ թմրածի պես, տգիտաբար խավարն իբրև լույս սիրի:
Այս պատճառով մենք, ճանաչելով նենգավորի խորամանկությունները, միշտ սիրով, ահուդողով փութանք առ Աստված, դաստիարակենք մեր միտքն ու զգայությունները՝ միշտ բորբոքվելով Նրա հանդեպ գոհությամբ ու երկյուղով: Զգալի գիշերվա նվազելու հետ փարատենք մեր մեջ տխրատեսիլ մեղքերի գիշերը և առավոտվա լույսի ծագելու հետ սիրով ներընդունենք խաղաղության առավոտ Քրիստոսին. միշտ աղաչենք մարդասեր Աստծուն, որ մեզ վերստին ետ դարձնի գերությունից հարավի առուների նման [տե՛ս Սաղմ. 125.4] և բորբոքի Իր սիրո հուրը մեր հոգում: ....
Քանզի եթե առայժմ հուրը, երկնքից ընկնելով, արագորեն չի այրում, արդյոք վախճանի օրը հատուցում չի՞ լինի, երբ ոչ միայն գործերի քննություն է լինելու, այլև՝ խոսքերի ու խորհուրդների: Եվ գռեհիկ դատակաբանության ու ծաղրածուության համար ստուգապես պատիժ և պատուհաս [է պատրաստված]:
[Սուրբ հաղորդության մասին]
Այս արեգակն իր զգալի ճառագայթներով մաքրում է աղտեղությունը, ցամաքեցնում ժահահոտությունը և լուսավորում մթնած օդը: Եվ մի՞թե դու չես հավատում, որ Տիրոջ մարմինն ու արյունը (որ ճառագայթն են իմանալի արդար Արեգակի) կարո՛ղ են քեզ մաքրել: Ջուրը լվանալով սրբում է կեղտը, հուրը բաժանում է ժանգը երկաթից ու վերստին նորոգում, իսկ դու վստահ չե՞ս, որ Աստծո Որդու մարմինն ու արյունը կարող են քեզ նորոգել մեղքի հնությունից: Ասում ես՝ մեղավոր եմ. իսկ ե՞րբ պիտի արդարացվես: Առանց խոստովանության չի քավվում մեղքը, և առանց ապաշխարության ոչ ոք չի արժանանում հաղորդության: Այս իսկ պատճառով եմ ասում հաղորդվել, որպեսզի զղջաս, խոստովանես և ատես մեղքերը, որպեսզի ապաշխարես ու քավես հանցանքները, որպեսզի մարմինդ Քրիստոսից առավել չսիրես և հուսահատությամբ չկորչես: «Ասա՛ քո մեղքերը, որպեսզի արդարացվես» [տե՛ս Ես. 43.26]. և ոչ թե կփրկվես՝ քո հեշտության մեջ հապաղելով: Ծուլությամբ ու հեղգությամբ չեն քավվում մեղքերը, և հուսահատությամբ չի լինում թողություն: Եվ ով հաղորդվում է անարժանաբար, [այն] դատապարտություն է նրա անձի համար և ոչ թե՝ փրկություն: Եվ երբ որևէ մեկն իրեն հաղորդության արժանի է կարծում, այնժամ առավել անարժան է: Սակայն որքան կարողություն կա, պետք է ջանանք հոգին մաքրել մեղքերից և զղջմամբ ու հույսով հաղորդվել, որպեսզի դյուրորսալի չլինենք սատանայի համար:
Որքան հետաձգում են հաղորդվելը, այնքան դևերն ուրախանում են, քանզի նրանց համար հեշտությամբ որսալի է փրկական խորհրդից հեռացածը: Իսկ երբ մարդը հաղորդվում է, նրանք զարհուրում են ու խույս տալիս և առավել հեռու փախչում՝ նրա մեջ տեղ չգտնելով իրենց համար: Քանզի նա, ով Քրիստոսի տաճար է լինում, նրա մեջ դևերի մեհյան չի կառուցվում: ....
[Աղոթքի մասին]
Հարաժամ աղոթելը Տիրոջ հրամանն է, քանզի թեև այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք (այսինքն՝ պահքի անխափանությունն ու մարմնի ճնշումն ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ըստ ժամանակի [պատշաճության]), սակայն աղոթքի պտուղն Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում:
Աղոթքը մանուկների համար բարի սննդակից է և պահապան դրսում ու ներսում, երիտասարդների գործակից է, ծերերի հաստատության հույս, քահանաների պարծանքի պսակ է, ժողովուրդների ամրության պարիսպ, զինվորների փրկության վահան, թագավորների ցնծություն, իշխանների արդարություն, դատավորների զգաստություն: Ճգնավորների մարտակից է և կույսերի կառավարություն, սգավորների սփոփանք է ու բերկրյալների հրճվանք, նեղվածների անդորր և խաղաղվածների զգուշություն: Այրերի գործակից է և կանանց տնակից, ճամփորդների ուղեկից և նավորդների առաջնորդություն, առողջների խնդություն և հիվանդների մխիթարություն, մեղավորների քավություն է և արդարների խնդություն, ննջեցյալների կյանքի պաշար և բարիքների հույս:
Աղոթքն ամրության պարիսպ է ու հաստատության սյուն, հավատի հիմք է, հույսի խարիսխ և առ Աստված ելնելու սանդուղք:
Աղոթքը պարծանքների պսակ է, փրկության պատճառ, բարիքների առիթ, համբերության մարզիչ, աստվածպաշտության ծանոթություն է և Սուրբ Հոգուն հրավիրող, ինչպես վկայում է աղոթքով այս ամենը գտած և պայծառացած Կոռնելիոսը [տե՛ս Գործ. 10]:
Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է, Բելիարին ջախջախող, բանսարկուին կործանող, նրա բոլոր արկածները խափանող և կորստյան ամոթ:
Եվ քանի որ սատանան գիտե, որ մարդն աղոթելիս շնորհ է ստանում Աստծուց, ջանում է աղոթքի ժամին մոլորեցնել մարդկանց խորհուրդները, որպեսզի զրկի շնորհներից, որոնք մարդը ստանում է մաքուր մտքով աղոթելիս:
Ուստի և մենք, այս իմանալով, նրան հակառակ՝ շարունակ ջանանք անզբաղ մնալ աղոթքում: Եվ այն ժամին մեր սրտերը մաքրենք չարի բոլոր արկածներից և միշտ աղոթենք առանց բարկության ու երկմտության: Մանավանդ՝ սրտանց աղոթենք թշնամիների համար, որպեսզի մեր աղաչանքն էլ ընդունելի լինի Աստծո մոտ: Եվ հատկապես՝ աղոթքի ժամին մեր հոգիներում ընդունենք Քրիստոսի սիրո հուրը՝ միշտ պաղատանքներով արթուն լինելով Նրա առջև, առօրյա հոգսերը թեթև համարելով՝ հանուն մշտնջենական բարիքների վայելման:
[Ահեղ դատասատանի մասին]
Ի՞նչ ասեմ չարակնողների, նախանձոտների և ատողների, [չարիք] հրահրողների և վրիժառուների մասին, որոնք անտանելի աղետների են արժանանում: Քանզի բոլոր գործերը հառնելու են համընդհանուր հարության ժամանակ՝ թե՛ բարի և թե՛ չար: Եվ գործողները ստանալու են ըստ արժանվույն. ոմանք՝ պատիժ և ոմանք՝ պսակ:
Այնժամ այնտեղ մեծ վիշտ ու սոսկալի վտանգ է լինելու. միմյանցից պիտի բաժանվեն հայրերն ու որդիները, հարազատ եղբայրները պիտի անջատվեն, խիստ հեռանան մտերիմները, և սննդակիցները զատվեն: Քանզի եղբայրը եղբորը չի փրկի, ոչ էլ հայրը՝ իր ծնած որդուն, և ոչ ոք չի կարող օգնել իր հարազատին, որովհետև անաչառ է Դատավորը, և դատաստանը՝ իրավացի:
Այնտեղ սաստիկ ողբեր կլինեն, անբավ աղաղակ կտիրի, և կլսվեն դատապարտված անձանց հույժ ողորմագին ձայներ: Քանզի մեկը կմատնվի գեհենի հրին, մեկն էլ կդատապարտվի տարտարոսի, մեկ ուրիշը հրեղեն որդերի կեր կլինի, մյուսը շարունակ կտանջվի հրեղեն սրով: Եվ յուրաքանչյուրին կհատուցվի ըստ արժանի չափի, քանզի ահավոր է այն ատյանը, ահեղ ու զարհուրելի է հրապարակը, և անաչառ՝ գործերի քննությունը:
Աղբյուր՝ Խոսրով Անձևացի, «Մեկնութիւն ժամակարգութեան».
Յօրթագիւղ, 1840, էջ 64, 65, 69, 72-74, 75
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)