ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատված)
Ինչպե՞ս կլիներ փրկությունը, եթե չգար Աստծո Պատկերը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Անհնար էր փրկվել հրեշտակների միջոցով, քանզի նրանք, չլինելով [Աստծո] պատկերը, չէին կարող փրկություն գործել, այլ դա կարող էր [անել] միայն Աստծո Բանը, Ով ստեղծեց մարդուն Աստծո պատկերով, Ով, երևալով մարմնով, բոլոր դևերին հալածում էր մարդկանց միջից .... և բոլոր արարածներին Իր երկյուղով փրկում: Քանզի զորություն էր և Իր աստվածեղեն գալստյամբ, Իր հետ եղած Հոր զորությամբ նվաճում էր ամբողջ գոյությունը և պարգևում [Իր] հաղթության իրավունքները: Քանզի ոչ թե Կույսից ծնվելիս Նա տանջվեց կամ էլ մարդկանց մեջ լինելով՝ սովորեց որևէ մեկից, այլ Ինքն էր ամեն ինչ կենդանացնում, ինչպես որ նոր հավիտենության սկզբում: Արդ, երբ ավետարանիչներն ասում են, թե ծնվեց Կույսից, կերավ և խմեց, ոչ թե մեկ ուրիշի մարմինն էր, այլ՝ մեր իսկ Տիրոջ. քանզի նույն Ինքը մարդ եղավ և ճշմարտապես, ոչ թե կերպարանվելով, մարմին հագավ: Նաև ցույց էր տալիս Իր միջի Աստվածության փառքը. սաստում էր դևերին, և նրանք չէին կարողանում հակառակվել, այլ փախուստի էին դիմում, որովհետև հզոր էր Տերը, և չէր տկարանում Աստծո խոսքի զորությունը, ոչ էլ կարող էր մարմինը տկարանալ, քանզի ուրիշ մեկի մարմինը չէր, այլ՝ Նրա [իսկ] մարմինն ու զորությունը:
Այս պատճառով վայել չէր Նրան փախչել մահից և արարածին [հատուկ] երկյուղի մեջ ընկնել, այլ առավել պետք էր հանձն առնել մահը, որպեսզի ջնջեր այն ու վերացներ նրա երկյուղը մարդկանցից: Այս պատճառով Տիրոջ մահը տկարությամբ չէր, այլ՝ զորությամբ, քանզի ինչպե՞ս կարող էր տկարանալ Նա, Ով վերցնում էր բոլորի տկարությունը. այլ ինչպես որ քաղցելով, ծարավելով ու մահվամբ ստուգապես Իր մարդկությունն էր հայտնում, այնպես էլ նշաններով ու զորությամբ՝ [Իր] Աստվածությունը:
Աղբյուր՝ «Երանելոյն Աթանասի Աղեքսանդրու եպիսկոպոսին՝ ի ծնունդն եւ ի չարչարանս» («Կնիք հաւատոյ Ընդհանուր Սուրբ Եկեղեցւոյ»).
Ս. Էջմիածին, 1914, էջ 305-306
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի