ՆԱՄԱԿ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Արդ, բաժանությունը սատանայից է .... և [այն] լինում է կա՛մ փառասիրությունից, ինչպես Քաղկեդոնի ժողովը. կա՛մ անկարողությունից, ինչպես Հայ Եկեղեցու կարգերը. կա՛մ ինքնակամությունից, որ [հատուկ է] իրենց [մյուսներից] լավը համարող ազգերին. կա՛մ անգետ և անուսում լինելուց, ինչպես տեսնում ենք Սուրբ Գրքի վկայություններին հակառակվող ազգերի մոտ: Ուստի և անհնար ենք համարում միաբանության գալը, քանզի նրանք, ամբարտավան լինելով, չեն հնազանդվում միմյանց, և վերացան հույների ու հռոմեացիների բարեպաշտ թագավորները, որոնցով տիեզերական ժողով[ներ էին] գումարվում: ....
Ազգերի թերություններն ասելուց հետո այժմ էլ գովելի [կողմերն] ասեմ. հույներն իմաստուն են ու ողորմած՝ ուսանած լինելով ս. Հովհան Ոսկեբերանից. հռոմեացիները զգաստ են աղոթքի մեջ և հնազանդ առաջնորդներին. ասորիները խոնարհ են և ճգնասեր. հայերը պահեցող են ու ողորմած գերիների հանդեպ, եկեղեցականներին և սրբությունները սիրող. վրացիները սրբերին ու վանականությունը մեծարող են և առաջնորդներին չեն բամբասում: Բայց մի՞թե խափանվում է սատանայի չար նախանձը, որը չարը տեսնել է տալիս, իսկ բարին՝ ոչ: ....
Լավ կլիներ, որ .... թշնամությունը վերացնեինք մեր միջից ու բարեկամ լինեինք և չհայհոյեինք միմյանց կարգերը: Քանզի Աստված էլ կարող էր բոլոր ազգերին միավորել, բայց չբռնադատեց մեզ և ընդունեց բոլոր ազգերի պաշտամունքն ու կարգը՝ թույլ տալով այդ մինչև դատաստանի ժամանակը: Քանզի [հիշյալ] հինգ ազգերի մեջ չենք տեսնում այնպիսի բաներ, որոնց պատճառով Աստված անընդունելի համարեր [նրանց] հավատը կամ տոն[եր]ը, այլ Նա ճանաչում է յուրաքանչյուրի արժանիքը: ....
Բայց եթե այդ ազգերը չեն կարող[անում] միաբանվել, կարող են գոնե իրար թշնամի չլինել, միմյանց խաչն ու եկեղեցին ընդունել երկրպագությամբ: Մինչդեռ սատանան այնպիսի ատելություն գցեց, որ նրանք անարգում ու նախատում են միմյանց խաչն ու եկեղեցին, ինչի պատճառով Քրիստոսն է հայհոյվում: Քանզի Աստված, որ լեզուների բաժանումն անհրաժեշտ համարեց, մի՞թե ընդունեց նաև այս կրոնական բաժանումը. [սակայն դա թույլ տվեց,] որպեսզի միմյանց հանդեպ նախանձախնդիր լինելով՝ բարին գործեն և ոչ թե՝ չարը:
Աղբյուր՝ Մխիթար վարդապետ Գոշ, «Թուղթ առ Վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ».
«Գանձասար» Զ. Երևան, 1996, էջ 376-377
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)