ԽՐԱՏԱՇԱՐ
(հատվածներ)
[Գայթակղության մասին]
Գայթակղությունն այն է, երբ միտքը [որևէ] գործողության կամ խոսքի պատճառով տկարանում է և ընկնում արժանավոր ու առաքինի խորհուրդներից, ինչին հետևում են չար ու անզգամ գործերը կամ խոսքերը: Իսկ սրանց պատճառն այն է, որ մարդը նախահոժարություն և անզգամություն ունի անբժշկելի մեղքերի հանդեպ, ինչը ցույց է տալիս ճշմարիտ և անսուտ պատվիրանը:
Արդ, ինչպես որ կենդանի մարմինը, որը, պատահաբար ինչ-որ բանի դիպչելով, սայթաքում ընկնում է կամ տկարանում կամ էլ որևէ այլ վնաս կրում, կոչվում է գայթած, այդպես էլ հոգու համար է, և այդ [գայթումը] կրկնակի է՝ ըստ հավատի և ըստ գործերի: ....
Այստեղ չենք խոսի հավատի խոսքի հակառակորդներին [տրվող] պատուհասների մասին: Իսկ գործերի մասին փոքր-ինչ [կասենք], որպեսզի հավաստի պատասխան տանք հարցնող[ներ]ին: ....
Մոլորությունը լինում է տարբեր եղանակներով ու պատճառներով: Առաջինը [կատարվում է] անձամբ՝ այլևայլ իրողություններից ու պատահմունքներից կամ բնության ընդհանուր տկարությունից [դրդված] (բայց սա ակամա չէ, որովհետև հնարավոր է բժշկել), կամ էլ՝ կամքի հոժարությամբ: .... Իսկ երկրորդը [տեղի է ունենում] այլոց պատճառով. սա [ևս] լինում է երկու տեսակ. .... գայթակղության մեջ գցել բռնությամբ՝ առանց քծնանքով հրապուրելու, կամ էլ՝ շողոքորթ քաղցրախոսությամբ, որը, սակայն, բռնության տեսակ է: ....
[Առաջին դեպքում] թեև բռնությունը կեղեքում է, բայց կամքն ու հոժարությունը չեն հավանում և անսում, մինչդեռ [երկրորդ դեպքում] կամքն ախորժում է խոնարհվել դեպի երկուսն էլ՝ բռնվելով թե՛ խոսքի և թե՛ լռության որոգայթում, և այստեղ խոսքից առավել պետք է ճգնություն և պատերազմ: ....
Արդ, պետք չէ առիթներ տալ այսպիսի [գայթակղությունների] սկզբնավորմանը և ոչ էլ չարահավանությամբ գնալ [դրանց] հետևից, ինչպես որ Տերն է ասում. «Ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալով, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» [Մատթ. 5.28]: Ասում է «մի՛ նայիր», քանզի նախ և առաջ անօրինություն գործեցիր հանդուգն նայվածքով, ինչը նախնական շնություն է հանդիսանում: Նա ոչ թե նայելը, այլ ցանկությա՛մբ նայելը արգելեց պատվիրանով: ....
Լսեցեք Ժողովողի խոսքը. «Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և աչքերիդ տենչանքով», նաև՝ «Չարությունը հանի՛ր քո մարմնից», և դարձյալ՝ «Իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» [Ժող. 11.9-10]. քանզի աչքերի հանդուգն դեգերմանը հետևում է բովանդակ մարմնի չարությունը: [Չէ՞ որ] եթե իրոք մեր սրտի տեսուչը Աստված է, ապա ոչ միայն մեր գործերն է Նա հաշվի առնում, այլև՝ սրտի խորհուրդների [յուրաքանչյուր] բիծն ու արատը, եթե ստուգապես խոստովանելով՝ հնարավորին չափ արժանապես չապաշխարենք:
Թող մենք չբռնվենք մեր աչքերով ու չհափշտակվենք [հայացքներ գցելով] և այլոց համար քողարկված կամ բացահայտ գայթակղության որոգայթ չդնենք, այլ ամեն ինչով թող ընթանանք հանուն միմյանց շինության:
[Հոգու երեք մասերի և չորս առաքինությունների մասին]
[Հոգու] բանական [մասը] մեր [մարդկային բնության] բարձրագույն [զորությունն] է, և [նրա] առաքինությունը խոհականությունն է. քանզի եթե չիմաստնանանք ուսմամբ, ինչպե՞ս [կարող է մեր հոգու] բնական կարգը մնալ ամբողջական, կամ հոգու մասերը՝ կապակցված լինել: .... Առանց գիտելիքի և խորհրդածության իշխում են [հոգու] անբանական [զորությունները]՝ երբեմն ցասումը, երբեմն էլ՝ ցանկությունը, մանավանդ որ նրանք առավել անսանձ են և դժվարությամբ արգելվող, թեև՝ ոչ [լիովին] անհնազանդ բանականին: Իսկ [վերջինս], կրթությամբ զարգանալով, ընդունակ է դառնում կրքերը ճնշել ու ետ վանել՝ սեփական, անխարդախ և տիրական իշխանությամբ [իրեն] ծառայեցնելով ամբողջ մարմինը: Քանզի [բանականը], դիմելով ցասմանը, նրան հրամայում է իշխել ցանկության վրա և ուժգին, [իշխանաբար] ճնշել նրան, որպեսզի հանկարծ առիթ չտա նրան հանիրավի իշխել իր վրա: Ցանկականի վրա ցասման այս իշխանությունը կոչվում է արիություն, որը միջին [դիրք է գրավում] ըստ առավելության ու նվազության [գործող] երկու կրքերի՝ հանդգնության ու երկյուղի նկատմամբ: Քանզի սրանք հակամարտում են [արիության դեմ]. հանդգնությունը՝ լինելով անամոթ, հախուռն ու ընդվզող, իսկ երկյուղը՝ վախկոտ, թուլամորթ և դժվարաշարժ դեպի օգտակարը: Սրանք ցասմնականի չար [հատկություններն] են: Մինչդեռ չափավորելն ու կանոնավորելը արիություն է կոչվում, որը հանդգնության գերազանցությունից ցածր է, իսկ երկյուղի նվաստությունից՝ բարձր: ....
Իսկ ցանկության սահմանափակումն ու սանձումը կոչվում է ողջախոհություն՝ ցույց տալով, որ մտքով առողջը չի բռնվի ցանկության կողմից, մինչդեռ նրան ենթարկված միտքը վարակված է մեծ հիվանդությամբ:
Արդ, այսպիսի կարգավորությունը և ունակությունը իրավամբ [կոչվում է] արդարություն, որը թույլ չի տալիս [հոգու մասերին] զրկել կամ հաղթել միմյանց:
Աղբյուր՝ Յովհաննէս Սարկաւագ, «Հարցումն վասն գայթակղութեան», «Նորին խրատք մանկանց».
«Գանձասար» Զ. Երևան, 1996, էջ 308-314, 322-323
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)