ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(հատված)
Եվ երբ հուզումնալից ժամանակը հասավ, ազնվական ծագման և սքանչատեսիլ գեղեցկության համար նրան, ով աշխարհում նույնպես փայլում էր հոգով, որոշեցին տիեզերապետության թագուհին դարձնել՝ ի պատիվ հռոմեացիների տան: Եվ Գայանեն, հոգու աչքով [այդ մասին] իմանալով, առնում է նրան, փախչում Եգիպտոս՝ Աղեքսադրիա [քաղաքը], այնտեղից էլ գնում է Երուսաղեմ՝ երկրպագելու տեղի սուրբ վայրերը: Եվ մտնելով քարայրը՝ Սրբուհու առաջ աղոթքներ և պաղատանքներ էին մատուցում, որ նա օգնի վտանգված և փախցված կույսին, որը նրա աղախինն էր եղել մանկությունից: Այնտեղից գնացին Գեթսեմանի՝ Աստվածածնի գերեզմանը, և [Գայանեն], այնտեղ աղոթելով, ասում էր. «Մա՛յր Լուսո, Կո՛ւյս անարատ, որ կուսության վերակացու ես և սրբության օգնական, ընդունի՛ր աղերսական աղոթքները անարժան աղախնիցս. և իմ հոգեորդուն, որին սնեցի՝ քեզ աղախին տալով, զգաստացնելով արդարացրո՛ւ արժանավորապես և մի՛ թող, որ օտարը փորձության ենթարկի նրան, և մի՛ թող, որ աղտեղանա պիղծ թագավորների ձեռքով, որպեսզի չխափանվի մեր ուխտը, որ կապեցինք քեզ հետ: Այլ հիշի՛ր իմ պանդխտությունը և մեր կյանքի ալեկոծումները, որոնք քեզ համար են. հիշի՛ր նաև քո Որդու և մեր Աստծո չարչարանքները և ողորմի՛ր մեզ, որի համար օրհնում ենք քեզ»:
Եվ, Աստվածածնին երկրպագելով ու շատ արտասուք հեղելով, մեկ ամիս մնացին այնտեղ: Ապա [Աստվածածինը] տեսիլքով երևաց սրբերին, և նրանք հրաման ստացան գնալ Հայք՝ Արարատյան երկիրը, Թադեոս առաքյալի վիճակը:
Աղբյուր՝ Սուրբ Մովսես Խորենացի, Աստվածաբանական երկեր.
Երևան, 2001, էջ 33-34
(փոխադրությունը գրաբարից՝ Գուրգեն Գասպարյանի)