ԳՈՎԵՍՏ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ
(հատված)
Մարդկային ցեղից՝ հրեշտակ երկնային, [մեր] այս մահկանացու տեսակի մեջ՝ անմահ սերովբե, հողեղեն նյութից՝ ոսկի սոփերական, ծովի ալիքների բերած շնորհալույս մարգարիտ, Հեսսեի տունկից՝ քաղցրապտուղ ծաղիկ, նախնիների օրերից՝ օրհնության ողկույզ, հանդարտ ցողից՝ անձրևող ամպ, արևածագին՝ արփիափայլ աչք, լուսաբացին՝ առավոտվա աստղ, գիշերվա մթին՝ բերկրության խոսնակ, օրենքի ստվերի վրա՝ ճշմարտապատում տառ: Ուստի, որպես այսքան բարիքների իրականացման պատճառ, օրհնյա՜լ ես դու կանանց մեջ. մերկացած նախաստեղծ [մարդու համար]՝ անկողոպտելի փառք, վշտացած անիծապարտ մոր համար՝ քավության սփոփիչ [և] նրանց խռովության որդիների համար՝ խաղաղություն բարբառող:
Եվ արդ, ո՞ր խոսքը կարող է գերահռչակել քո անհամեմատելի մեծությունը, մա՛յր Արարչի՝ Անհասին ծնող, Անբավին գրկող, Ամենակալի խնամարկիչ, Փառազարդողին հագցնող, Վերօրհնյալին փայփայող:
Ահա այս ամենի համար, ըստ քո [իսկ] անսուտ խոսքի, երանի ենք տալիս քեզ, մա՛յրդ Հիսուսի:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 351-352
(փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի)